Սակայն Եվրոհանձնաժողովի նախագահը չի բացառում դրա առաջադրման հավանականությունը
Եվրոհանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդին սեպտեմբերի 16-19-ը Անդրկովկաս կատարած շրջայցով նախ եղել էր Ադրբեջանում եւ Վրաստանում, ապա ժամանել Հայաստան: Շրջայցի վերջին օրըՙ սեպտեմբերի 19-ին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ մամուլի համատեղ ասուլիսում նա «Ազգի» «Կոպենհագենի չափանիշներին համապատասխանելուց հետո կարո՞ղ է Եվրոպան անդամակցության համար Թուրքիային որպես նախապայման առաջադրել հայ-թուրքական սահմանի բացումը» հարցին պատասխանել է. «Հոկտեմբերի 6-ին Եվրոհանձնաժողովը զեկույց կներկայացնի անդամ պետություններին, եւ միայն նրանք կորոշենՙ բանակցությունները սկսել, թե ոչ, կամ ի՞նչ պայմաններով»:
Այնուհետեւ Պրոդին նշել էր, որ անձամբ իրեն դուր չի գալիս հայ-թուրքական սահմանի փակված լինելըՙ ավելացնելով. «Ես կանեմ այն, ինչ հնարավոր է, որպեսզի սահմանը բացվի եւ երկու պետությունների հարաբերությունները սահմանափակ չլինեն»:
Թուրքական թերթերը, որոնց թվում են «Թյուրքիեն», «Զամանը», «Թրքիշ դեյլի նյուսը», իսկույն արձագանքելով «Ազգի»ՙ Եվրոհանձնաժողովի նախագահին ուղղած վերոհիշյալ հարցին, երկրում կրքեր են բորբոքում, թե Պրոդին հայ-թուրքական սահմանի բացումը որպես լրացուցիչ նախապայման ԵՄ-ին անդամակցելու համար առաջադրում է Թուրքիային: Դա ստիպում է Եվրոհանձնաժողովի մամուլի քարտուղար Մարկո Վիգնուդելլիին հայտարարել, որ հայ-թուրքական սահմանի բացումը չի կարող ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նախապայմանը համարվել:
Ռոմանո Պրոդիի մամուլի քարտուղարն այս հայտարարությունն արել է «Զամանին» տված հարցազրույցում, որը հրապարակվեց այդ թերթի սեպտեմբերի 22-ի համարում: Թեեւ Պրոդին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսում չէր բացառել, որ փակ սահմանների հարցը ժամանակի ընթացքում ներառվի Թուրքիային առաջադրվող նախապայմանների թվում, այնուամենայնիվ, «Զամանը», այդ մասին նշելով հանդերձ, Եվրոհանձնաժողովի մամուլի քարտուղարի հարցազրույցին վերաբերող նյութը հրապարակել է «Եվրոհանձնաժողովը ստահոդ է որակում Հայաստանին առնչվող նախապայմանը» խորագրով:
Նույն խնդրին անդրադառնում է նաեւ «Սաբահը», որն ի տարբերություն «Զամանի», նախապայմանի առնչությամբ հիմք է ընդունում ոչ թե Եվրոհանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Վիգնուդելլիի հայտարարությունը, այլ հայ-թուրքական սահմանի մասին նախագահ Պրոդիի խոսքերը եւ համապատասխան նյութը վերնագրում է «Հայկական սահմանը կարող է ԵՄ-ին անդամակցության նախապայմանը դառնալ» ձեւակերպմամբ: Այլ կերպՙ որքան էլ Պրոդին Երեւանում որպես նախապայման Թուրքիային չառաջադրի հայ-թուրքական սահմանի բացումը, այնուամենայնիվ, առկա է դրա առաջադրման հավանականությունը: Դա մեծապես պայմանավորված կլինի ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների հետագա ընթացքով:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ