Սեպտեմբերի 18-ին «Ազգը», հենվելով թուրքական հանրային հեռուստատեսության վրա, տեղեկացրել էր, որ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 59-րդ նստաշրջանի ընթացքում կհանդիպի ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանին:
Պարզվում է, Օսկանյան-Գյուլ հանդիպումից բացի, Նյու Յորքում նախատեսվում էր նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ Թուրքիայի արտգործնախարարի եռակողմ հանդիպում: Այդ մասին սեպտեմբերի 22-ի համարում տեղեկացնում է թուրքական «Զամանը», ընդ որում այն ժամանակ, երբ հայտնի է դառնում, որ Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների նախապես ծրագրված եռակողմ հանդիպումը տեղի չի ունենալու:
«Զամանը», նշելով հանդերձ վերոնշյալ 3 երկրների արտգործնախարարների մինչ այդ կայացած եռակողմ 4 հանդիպման մասին, Նյու Յորքում նախատեսվող հանդիպումը չեղյալ հայտարարել պայմանավորում է անհրաժեշտ նախադրյալների բացակայությամբՙ ավելացնելով. «Արտգործնախարար Աբդուլլահ Գյուլն իր հայ գործընկերոջՙ Վարդան Օսկանյանի եւ ադրբեջանցի գործընկերոջՙ Էդմար Մամեդյարովի հետ կունենա երկկողմ առանձին հանդիպումներ»:
Հ. Չ.