ԻՋԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի լույս 21-ի գիշերը Ղազախի շրջանի հենակետերից հրաձգային զենքերով կրակ է բացվել Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհի վրա: Գիշերվա ժամը 2:00-ի սահմաններում Բագրատաշեն մեկնող ավտոբուսում վիրավորվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 48-ամյա բնակչուհի Գայանե Պետրոսյանը:
Գայանե Պետրոսյանին տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հենրիկ Հարությունյանը հայտնեց, որ գնդակը մտել է Գայանեի աջ թեւատակը եւ խրվել-մնացել է գոտկատեղի շրջանում: Հիվանդանոցում վիրավորին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել, դադարեցվել է արյունահոսությունը, ապա նա տեղափոխվել է Մարտունի, ուր կորոշվիՙ անհրաժե՞շտ է արդյոք գնդակը մարմնից հանել, թե՞ ոչ:
Անցյալ տարի գործարկվել է Կիրանց-Ոսկեպար շրջանցիկ ավտոճանապարհը, սակայն շատ վարորդներ գերադասում են երթեւեկել ավելի կարճ, սակայն սահմանագոտով ձգվող ու վտանգավոր Կիրանց-Ոսկեպար հիմնական ճանապարհով: