ՏԱՍԻՍ ծրագիրը ղեկավարող փոխնախարարի կինն այդ ծրագրում ձեւակերպվել է որպես աշխատակից եւ ստացել ամսական 1000 դոլար աշխատավարձ: ՄԱԿ-ի համար նոր ջիպ գնելու նպատակով գրասենյակն արտասահմանից հրավիրել է խորհրդատու, նրան վճարելով մոտ 80 հազար դոլար, այսինքն այնքան գումար, որով կարելի էր եւս մեկ ջիպ գնել: Միջազգային մի քանի կառույցների իրականացրած ծրագրերից տեղեկատվություն ստանալու իր հոգնատանջ փորձի մասին Ծաղկաձորում կայացած սեմինարի ժամանակ խոսելիս Էդիկ Բաղդասարյանը շեշտեց, որ դրանց ֆինանսական մասն ամբողջությամբ փակ է, հետեւաբար լրագրողին անհասանելի: ՄԱԿ-ի իրականացրած ծրագրերի արդյունավետությունը համարելով ոչ շոշափելի, պրն Բաղդասարյանն ընդգծեց, որ Հայաստանի մասին գրասենյակի ունեցած մանրազնին տեղեկությունն, ըստ էության, նպատակային չի օգտագործվում: «Գիտեն, թե որ գյուղում քանի՞ ջրի ակունք կա, բայց ոչինչ չեն ուզում անել գյուղի խնդիրները լուծելու համար», ասաց նա: Իրեն տեղեկատվություն չտրամադրելու մասին ստիպված է եղել հայտնել գրասենյակի ղեկավար Լիզ Գրանդեին: «Ուորլդ վիժն» կազմակերպությունը Հայաստանում ԴԱՎ-ի դեմ պայքարելու համար շահել է 7 մլն դոլար: Ծրագրի ֆինանսական կողմի եւ դրանում ընդգրկված առողջապահական հարցերով զբաղվող 2 հասարակական կազմակերպությունների մասին տեղեկություն ստանալ չի հաջողվել, փոխարենն ուղարկվել են հիշյալ կազմակերպության մասին ընդհանուր տեղեկություններ: Մի խոսքով, նրա բերած միայն մի քանի օրինակները թույլ տվեցին ասելու, որ միջազգային որոշ կառույցներ մեր երկրում ստվերային գործունեություն են ծավալում, էլ ավելի մեծացնելով մեր հասարակությանը խեղդող կոռուպցիայի ծավալները, իսկ այդ գրասենյակների հայ աշխատակիցները կոծկում են այդ ամենը, մոռանալով, որ Հայաստանում գործում է տեղեկատվության մատչելիության օրենքը:
Հայաստանում գործող միջազգային կառույցների եւ լրատվամիջոցների փոխհարաբերությունների ընթացքում առաջ են գալիս հարցեր, որոնց լուծումն առաջին հայացքից թվում է պարզ ու դյուրին, սակայն խրթին է դառնում այն պարզ պատճառներով, որ միջազգային կառույցների հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչները լրագրողին դիմում են միայն իրենց միջոցառումները լուսաբանելու անհրաժեշտության դեպքում, իսկ լրագրողը հաճախ թերանում է իրեն շտապ անհրաժեշտ պարզաբանումները ստանալու համար դիմել նրանց, ինչի արդյունքում մամուլ են սպրդում անմիտ սխալներ: Կա նաեւ երրորդ, թերեւս ամենաբարդ պատճառը, երբ լրագրողին ուղղակի մերժում են մանրամասն տեղեկություն տալ միջազգային կառույցի գործունեության, մասնավորաբար ֆինանսական հաշվետվության մասին, ինչը հանգեցնում է փոխհարաբերությունների սրման: Նշված պատճառների էության մեջ խորանալու եւ դրանց պատասխանները ստանալու նպատակով Երեւանի մամուլի ակումբը սեպտեմբերի 19-21-ը Ծաղկաձորում անցկացրեց սեմինար, որը ֆինանսավորել էր Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամը:
Զեկուցողների թվում էին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի օգնական Աննա Ղուկասյանը, հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանը, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ընթերակա Արմինե Հալաջյանը եւ զարգացման ծրագրի տեղեկատվության պատասխանատու Արամազդ Ղալամքարյանը, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:
«Եվրոպական կառույցների մասին հստակ պատկերացում չկա մեր զանգվածային լրատվամիջոցներում», այս եզրահանգման է եկել Աննա Ղուկասյանը եւ որոշել լրագրողների համար անցկացնել հանդիպումների շարք: Նա հատկապես դժգոհեց որոշ զեկուցումներ ու ելույթներ աղավաղելու ու սուբյեկտիվ մոտեցում ցուցաբերելու լրագրողների միտումից:
ՄԱԿ-ի աշխատակիցները եւս դժգոհեցին լրագրողներից իրենց հետ չհամագործակցելու, գրասենյակի ծրագրերի մասին գրելիս իրենց կարծիքն անտեսելու եւ այլ բաների համար: Արմինե Հալաջյանն, օրինակ, նշեց, որ կաշառակերության մեջ մեղադրված ՄԱԿ-ի աշխատակից Բենոն Սեւանի մասին իրենք որոշակի տեղեկություն ունեցել են, սակայն որեւէ լրագրող իրենց այդ հարցով չի դիմել: Իսկ թե ինչո՞ւ ինքը հարկ չի համարել լրատվամիջոցներին տեղեկացնել, դժվարացավ պատասխանել: Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչը լրագրողներին անվանեց ծույլ ու անհետաքրքրասեր: Նրան բարկացրել էր հատկապես «Ազգում» տպագրված Հայաստանի դպրոցներում որպես հումանիստական օգնություն սոյա եւ լոբի բաժանելու մասին հոդվածը, ըստ որի դրանք ընդգրկված են եղել առողջապահության նախարարության հրապարակած գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ պարունակող մթերքների ցանկում: Առնվազն անիմաստ էր այդ փաստը հերքել սեմինարում, մանավանդ որ հոդվածը հերքող գրություն չէր ուղարկվել խմբագրությանը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ