Երեւանի մամուլի ակումբն արդեն 6-րդ անգամ երեկ հայտարարեց ակումբի ամենամյա մրցանակի դափնեկիրներին: Ինչպես տեղեկացրեց ԵՄԱ-ի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Մրցանակաբաշխության ժյուրին այնքան էլ ոգեւորված չէր մասնակիցներից եւ գտնում էր, որ նրանց մեջ պետք է շատ լինեին հասարակական, քաղաքական թեմաներով գրող լրագրողները: Այս տարվա մրցանակակիրների շարքում համարյա չկան վերը նշված թեմաներով լրագրողներ: Հույս ունենք, որ իրավիճակը կփոխվի եւ հաջորդ տարի, երբ ԵՄԱ-ը կտոնի իր առաջին 10-ամյակն ավելի տոնական պայմաններում, քաղաքական իրադարձությունները լուսաբանողները կընդգրկվեն մրցանակակիրների շարքում»:
Երեկ ամերիկյան բիզնես-կենտրոնում կայացավ մրցանակի հանձնման արարողությունը: 2002-2004 թթ. Երեւանի մամուլի ակումբի մրցանակինՙ օպերատիվ լրատվության եւ ինտերնետային հրատարակությունն իբրեւ զանգվածային լրատվամիջոց կայացնելու համար արժանացել է «Ա1+» հեռուստաընկերությանը ինտերնետային էջը: «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» ՀԿ-ն շնորհեց նաեւ հատուկ մրցանակ:
Սոցիալական խնդիրների լուսանկարային-պատկերային արտացոլման համար մրցանակին արժանացավ ֆոտոլրագրող Հակոբ Բերբերյանը, նրան նույնպես հանձնվեց «Բազմակողմ տեղեկատվության ինստիտուտի» սահմանած հատուկ մրցանակը: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության եւ Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը գրագետ, տեղեկացված եւ անաչառ մեկնաբանելու համար «Հ1»-ի մարզական մեկնաբան Արմեն Մելիքբեկյանն արժանացել է մրցանակի: Նրան նույնպես հանձնվեց Հայաստանի ժուռնալիստների միության հատուկ մրցանակը:
Տարվա ստեղծագործական առաջընթացի համար եւ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» ՀԿ-ի հատուկ մրցանակներին է արժանացել «Ֆոտոլուր» ֆոտոլրատվական գործակալությունը: Վերջինս տնօրեն Հերբերտ Բաղդասարյանին հանձնեց մրցանակը (նկարում):
Տնտեսական խնդիրների լավագույն լուսաբանման համար եւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հատուկ մրցանակները շնորհվեցին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության մեկնաբան Ատոմ Մարգարյանին:
Բաց ու թափանցիկ աշխատանքի ու լրագրողների հետ արդյունավետ համագործակցության համար մրցանակին արժանացավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը:
Պատգամավորը դրամական պարգեւը տեղում հանձնեց Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանինՙ մամուլի օրվա ընդունելությունը կազմակերպելու համար:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ