«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2004-09-18 | #165, 2004-09-21 | #166, 2004-09-23


ՆՎԵՐՆԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում ստեղծվել եւ հաջողությամբ գործում է «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամը: Այդ ընկերակցությունը ստեղծելու գաղափարը չորս տասնամյակների պատմություն ունի: 1960-ական թվականներին Մատենադարանի բարերարներից դամասկոսահայ Վարուժան Սալաթյանը գրել էր ընկերակցության կանոնադրությունը, իսկ երջանկահիշատակ Վազգեն Ա ամենայն հայոց կաթողիկոսը սիրով համաձայնել էր դառնալ նրա պատվո նախագահը: Մատենադարանն այն տարիներին գործում էր որպես Հայաստանի կառավարությանն առընթեր գիտահետազոտական ինստիտուտ: Նրա բոլոր կարիքները, այդ թվում նոր գրքեր ու ձեռագիր մատյաններ ձեռք բերելու հետ կապված ծախսերը, հոգում էր Հայաստանի նախարարների խորհուրդը: Երբ Հայաստանում ստեղծվեցին շուկայական հարաբերություններ, սկսեցին անցումային շրջանին բնորոշ բազմատեսակ չնախատեսված դժվարություններ, Մատենադարանը եւս հայտնվեց նյութական դժվարին կացության մեջ: Նաեւ դա էր պատճառը, որ 2001 թ. անհրաժեշտություն առաջացավ ստեղծելու «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի պատվո նախագահ ընտրվեց Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը, իսկ գործնական նախագահ ՙ Մատենադարանի տնօրեն, ակադեմիկոս Սեն Արեւշատյանը:

Հիմնադրամի նպատակն է նպաստել Մատենադարանի գիտահետազոտական, տնտեսական ու այլ խնդիրներին, հայագիտական զարգացմանը, ձեռագրերի պահպանության ու նոր ձեռագրեր եւ արժեքավոր հնատիպ գրքեր ձեռք բերելու գործին: Հիմնադրամի նյութական բազան ստեղծվում է անհատ կամ իրավաբանական անձանց նվիրատվություններից, կտակներից եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով չարգելված այլ մուտքերից:

Արդեն ձեռք են բերվել բազմաթիվ հնատիպ գրքեր ու ձեռագրեր: Նվիրատուների թվում են Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը, Գյուլպենկյան հաստատություննՙ ի դեմս նրա հայկական բաժնի պատասխանատու դոկտ. Զավեն Եկավյանի, Վարուժան Սալաթյանը, իտալահայ Ս. Խուդավերդին, Ա. Եարմանը Թուրքիայից, Պ. Ասլանյանը Արաբական Միացյալ Էմիրություններից, Ա. Կաբլանյանը ԱՄՆ-ից, հալեպահայ Արմեն Գասպարյանը եւ այլ անձինք: Հետաքրքրական է Արմեն Գասպարյանի նվիրատվությունը: Հալեպում վախճանվել էր Արմեն Գասպարյանի մայրըՙ Էլիզ Գասպարյան-Հեճինյանը: Ինչպես ընդունված է Մերձավոր Արեւելքի մի շարք երկրների հայաբնակ վայրերում, հանգուցյալի հարազատներն ու ծանոթները փոխարեն ծաղկեպսակի նվիրատվություններ են կատարում այս կամ այն բարեգործական հիմնարկներին, ծերանոցներին, մանկատներին: Այս անգամ այդ նվիրատվությունը կատարվեց հօգուտ «Մատենադարանի բարեկամներ» ընկերությանը: Երեւան ժամանեց Արմեն Գասպարյանը եւ հավաքված գումարով Հայաստանի քաղաքացուց գնեց հայերեն մի արժեքավոր ձեռագիր եւ նվիրեց Մատենադարանին:

Հաճախ նվերներ են արվում ի հիշատակ զանազան անձանց ու հաստատությունների: Օրինակ, նորջուղայեցի Ավո Հովհաննիսյանն ի հիշատակ իր հանգուցյալ ծնողներիՙ Արմիկ եւ Սաքո Հովհաննիսյանների, Երեւանի մի քաղաքացուց գնեց հայերեն չորս ձեռագրեր ու նվիրեց Մատենադարանին: Մինչ այդ, տարիներ առաջ ԱՄՆ-ում եղած ժամանակ, նա գնել էր երկու ձեռագիր եւ դրանք տեղափոխել Հայաստան, հանձնել Մատենադարանին: Դրանք Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայից (Արեւմտյան Հայաստանից) տարվել էին Ամերիկա, իսկ ձեռագրերի մի մասը գաղթականների միջոցով բերվել էր Հայաստան: Մեկ այլ պարսկահայՙ Հովիկ Եդիգարյանը, որն այժմ բնակվում է Անգլիայում, ձեռք է բերել հայ մեծ գրող Րաֆֆու (ծնունդով պարսկահայ) Լոնդոն տեղափոխված եւ այնտեղ վախճանված կնոջ ու զավակների լուսանկարները, ինչպես նաեւ հայ սկաուտական շարժման մասին գրքեր եւ նվիրաբերել Մատենադարանին:

«Մատենադարանի բարեկամներ» ընկերակցությունը դեռ նոր է ծավալել իր գործունեությունը եւ վստահ ենք, որ այն կարձանագրի նորանոր հաջողություններՙ ի շահ Մատենադարանի ֆոնդերի հարստացման:

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Մատենադարանի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4