Պարոնյանցիները նոր թատերաշրջանը բացեցին Շիրվանզադեի «Ազգային գործիչը» անավարտ գործի բեմադրությամբ: Թատերասերներին ողջունեց ու բեղմնավոր թատերաշրջան խոստացավ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Երվանդ Ղազանչյանը: Մշտապես հայ գրողների գործերին անդրադառնալը Երվանդ Ղազանչյանի համար դարձել է համոզմունք, քանի որ հայի զգացողությունն ու բարքը միայն հայ գրողը կարող է ճշգրիտ ներկայացնել: Եվ ահա երկար փնտրտուքից հետո գտնում է Ալ. Շիրվանզադեի «Ազգային գործիչը» անավարտ գործը, որը գրվել է 1916թ.: Երկու մասից բաղկացած ֆարսը հրաշալի ռեժիսորական մտահղացումներով բեմադրել է ճանաչված դերասանուհի եւ ռեժիսոր Գոհարինե Նժդեհ-Տրդատյանըՙ ՀՀ վաստակավոր նկարիչ Գրիգոր Սահակյանի եւ շատ շնորհալի ու ճիշտ ընտրված դերասանական խմբով: Արժե այսօր նրանց նշել անուն առ անունՙ Միքայելՙ Արթուր Կարապետյան, Նազանիՙ Սաթիկ Հախնազարյան, Մաթեւոսՙ Արամ Հովհաննիսյան, Գրիգորՙ Հովակ Գալոյան, Գեւորգՙ Վահրամ Խեմչյան, Հմայիլՙ Կարինե Բուռնազյան, Մարիամՙ Զարուհի Խաչատրյան, Մուշեղՙ Հմայակ Հակոբյան, Սոֆիկՙ Լուսինե Արշակյան: Դարասկզբին գրված գործը, որ մի ընտանիքի պատմություն է, համահունչ է մեր օրերին, եւ դահլիճում նստած ամեն ոք իրեն գտնում է հենց մատուցվող դերերում: Շատ դժվար ու հոգեբանական գործը ռեժիսոր Գոհարինե Նժդեհ-Տրդատյանը կարողացել է երաժշտական ձեւավորող Արթուր Կարապետյանի եւ պարուսույց Տատյանա Վոլյանի օգնությամբ վերածել ֆարսի, համեմելով պարերով, երգով ու գրոտեսկային տեսարաններով: Ներկայացման մեջ օգտագործվել են Գարեգին Նժդեհի քաղաքական-փիլիսոփայական խոհերն ու մտքերը, որոնք ներկայացման հետ համահունչ են ու այժմեական:
Երկու ամիս քրտնաջան աշխատանքից, պրպտումներից հետո Գոհարինեն գտնում է գլխավոր դերակատարին եւ նրա գիծը շարունակում, որն, ի դեպ, անավարտ է գործում: Հարբեցող խաղամոլը մարդ է դառնում ու գնում է գյուղՙ ազնիվ կյանքով ապրելու, իրենց տան աղախնի հետ սերը վայելելու: Հետաքրքրական ավարտ է գտնված նաեւ Միքայել Բուռնությանի կերպարին: Երբեմնի բուռնութիՙ քթահոտ վաճառողը հարստանում է ու ձգտում է «ազգային գործիչ» դառնալ ու դիմում է դրամներ ցրելու միջոցին: Ու մի պահ սուտ մահանում է:
Ինչպես մեկնաբանեց Գոհարինեն, եթե Շիրվանզադեն իր անավարտ գործում ընտանիքին դաս տալու համար սուտ մահ է նկարագրում, ապա ինչո՞ւ այն իրական չդաձնել, հաշվի առնելով, որ 21-րդ դարում ում տանն էլ այդքան սթրեսային իրավիճակ լիներ, անպայման կմահանար... Եվ երկրորդըՙ նման «ազգային գործիչ» մեզ հարկավոր չէ, եւ արդեն նրա զավակը կյանքի ճիշտ ճանապարհ է ընտրել. «Ես մտովի խոսել եմ Շիրվանդազեի հետ եւ կարծում եմ նա ուրախ կլիներ նման ավարտ տեսնելով», ասում է Գոհարինեն: Իսկ պիեսի բնաբանըՙ «քննադատել, նշանակում է տառապել», իր մեջ խտացրել է մեր օրերի հույզերն ու մտորումները: Իսկ գործի հաջողությունը կախված էր դերասանական խմբի ճիշտ ընտրությունից, որին էլ ջերմորեն ողջունեցին թատերասերներըՙ բեմը ողողելով ծաղկեփնջերով:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ