ԵՊՀ հրատարակչությունը լույս է ընծայել համալսարանի բանասիրական ֆակուլտետի բազմամյա դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանի «Գրավոր խոսք» (2004 թ., 255 էջ) ձեռնարկը:
Հարյուրից ավելի գրականագիտական ու քննադատական հոդվածների, բազմաթիվ գրքերի (մենագրություններ, ուսումնասիրությունների ժողովածուներ, բուհական եւ դպրոցական դասագրքեր) հեղինակի այս վերջին հրատարակությունը նորություն է իր տեսակի մեջ. այստեղ մեզանում առաջին անգամ ներկայացվում են գրավոր խոսքի գործածական գրեթե բոլոր տեսակները:
40-ամյա մանկավարժական փորձից ելնելով, հաշվի առնելով նաեւ այսօր ոչ միայն հասարակության մեջ, այլեւ հեռուստառադիոեթերում բանավոր խոսքի կուլտուրայի նկատելի ցածր մակարդակը, որն ուղղակիորեն ազդեցություն է ունենում ուսանողության վրա (մանավանդ որ վերջիններս բավականին կտրված են գրական աշխարհից, ցավոք, նաեւ ընթերցանությունից)ՙ առավել տկարացնելով նրանց գրավոր խոսքը, Վ. Գաբրիելյանը ձեռնարկել է սույն հրատարակության աշխատանքները:
Երեք գլխից բաղկացած ժողովածուի առաջին բաժնում ներկայացված են ուսումնամանկավարժական, տեղեկատվական, աշխատանքային կամ պաշտոնական գրագրության, քաղաքացիական գործառույթներ իրականացնող եւ ստեղծագործական տեքստերի համառոտ բնութագրերը, շարադրանքի ձեւն ու բովանդակությունը, լեզվաոճական առանձնահատկությունները:
Երկրորդ գլխում ներկայացված են տեքստերի շարադրման եւ խմբագրման սկզբունքները, մեթոդները, իսկ երրորդ գլուխը վերաբերում է տեքստի արտաքին տեսքին (բառի գրություն, էջի ձեւավորում, կետադրություն):
Հեղինակը մատչելի եւ ամփոփ ներկայացնում է վերոհիշյալ գրավոր խոսքի տեսակները (փոխադրություն, շարադրություն, դիպլոմային, կուրսային աշխատանքներ, ատենախոսություն, գրախոսություն, հոդված, գրական տեքստեր, նամակ, բացիկ, գովազդ, հրավիրատոմս, ազդ-հայտարարություն, դիմում, ինքնակենսագրություն, երաշխավորագիր, հրաման, քաղվածք, որոշում, տեղեկանք եւ այլն)ՙ հաճախ կոնկրետ օրինակներով ցույց տալով դրանց ձեւերը (նամակ, հրավիրատոմս, ազդ-հայտարարություն, ցանկալի կլիներ, որ օրինակներն ավելի շատ լինեին):
Տեղեկատվական տեքստերի բաժնում հեղինակն անդրադառնում է նաեւ լրագրային տեղեկատվական ժանրերինՙ հպանցիկ որոշ խորհուրդներ տալով ժուռնալիստական մասնագիտական կրթություն չունեցող թղթակիցներին: Մասնավորապես լրատվության պարագայում ընդգծում է հիշյալ առանձնահատկություններըՙ լուրի հրատապություն, թարմություն, լրագրողի անկողմնակալություն, լուրի ստույգություն, սեփական կարծիքի բացառում, ծավալի հակիրճություն, լեզվական պարզություն ու հստակությունՙ զերծ խրթնաբանությունից ու գեղեցկախոսությունից եւ այլն:
Ուսուցողական այս ձեռնարկը, կարծում ենք, օգտակար եւ ուսանելի կլինի ինչպես ուսանողներին, այնպես էլ, գործնական կիրառության համար, շատ-շատերին:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ