«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2004-09-18 | #165, 2004-09-21 | #166, 2004-09-23


ՄԻՆԱՍՅԱՆԻ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ 5-ՐԴ ՏԻՏՂՈՍԸ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ավարտվեց շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 64-րդ առաջնությունը: Երկու շրջանով անցկացված մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Արտաշես Մինասյանը: Նա 5-րդ անգամ հռչակվեց ՀՀ չեմպիոն:

Մրցաշարում չեմպիոնի կոչման համար հիմնական պայքարն ընթացավ Արտաշես Մինասյանի եւ Կարեն Ասրյանի միջեւ: Նախավերջին տուրում երկու շախմատիստներն էլ անհաջողության մատնվեցին. Մինասյանը զիջեց Սարգսյանին, Ասրյանը տանուլ տվեց Քոթանջյանի հետ պարտիան: Ավարտական տուրից առաջ Մինասյանը Ասրյանին գերազանցում էր կես միավորով: Վերջին տուրում կրկին վստահ խաղաց Մինասյանը եւ հաղթելով Չիբուխչյանին, վաստակեց 10,5 միավոր: Իսկ ահա Ասրյանը արդեն Հայաստանի նախկին չեմպիոն Գաբրիել Սարգսյանի հետ մրցավեճում բավարարվեց ոչ-ոքիով: Արդյունքում Ասրյանը 9,5 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը: 3-րդ տեղում Սարգսյանն էՙ 8,5 միավոր:

Համառ պայքար ծավալվեց 4-րդ տեղի համար: Անաստասյանը, հաղթելով Քոթանջյանին, վաստակել էր 6,5 միավոր: Իսկ ահա Գալստյանն ու Փաշիկյանը, որոնք մրցում էին միմյանց հետ, ունեին 6-ական միավոր: Նրանցից մեկի հաղթանակը կապահովեր 4-րդ տեղը եւ 400 հազար դրամական պարգեւը: Համառ պայքարից հետո հաջողությունն ուղեկցեց Բենիամին Գալստյանին: Վերջինս հատկապես 2-րդ շրջանում գերազանց խաղ ցուցադրեց եւ երկրորդ անգամ լրացրեց միջազգային վարպետի նորման: 4,5 միավորով նախավերջին տեղը զբաղեցրեց Չիբուխչյանը, իսկ Քոթանջյանը 3,5 միավորով եզրափակեց աղյուսակը:

Այսպիսով, հայտնի դարձավ նաեւ շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի 6-րդ մասնակիցըՙ Արտաշես Մինասյանը, որը որպես պարգեւ կստանա 1,5 մլն դրամ: Բացի Մինասյանից, Հայաստանը կներկայացնեն նաեւ Ռաֆայել Վահանյանը, Վլադիմիր Հակոբյանը, Լեւոն Արոնյանը, Սմբատ Լպուտյանը եւ Գաբրիել Սարգսյանը: 2-րդ տեղը զբաղեցրած Ասրյանը կպարգեւատրվի 900 հազարով, իսկ Սարգսյանըՙ 600 հազարով: 5-8-րդ տեղերը գրաված շախմատիստները յուրաքանչյուր վաստակած միավորի դիմաց կստանան 10 հազարական դրամ:

Աշոտ Հայրապետյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4