«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2004-09-18 | #165, 2004-09-21 | #166, 2004-09-23


ՀԱՅ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԸ ՉԿՐԵՑԻՆ ՈՉ ՄԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Լոզանի մրցաշարի եզրափակիչ հանդիպումը Վլադիմիր Հակոբյանը սեւերով անցկացնում էր ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Բուրմակինի հետ: Հակոբյանը որոշեց ռիսկի չդիմել, կարճատեւ պայքարից հետո նա հաշտություն կնքեց, իր համար ապահովեց առաջին տեղի բաժանումը եւ սկսեց սպասել հիմնական մրցակիցների պարտիաների ավարտին: Հետապնդողներից երկուսը ՙ ռուսաստանցի Վլադիմիր Լազարեւը ու Սերբիայի ներկայացուցիչ Միլոշ Պավլովիչը շահեցին իրենց հանդիպումները եւ հասան Հակոբյանին: Իր հայրենակցին հավասարվելու հնարավորություն ուներ նաեւ Տիգրան Պետրոսյանը: Ավելին, լրացուցիչ ցուցանիշներով այդ դեպքում նա կճանաչվեր մրցաշարի հաղթող: Տիգրանը ամբողջ խաղի ընթացքում ճնշում էր գործադրում շվեյցարացի Յանիկ Պելետիեի դիրքի վրա, բայց մրցակիցը համառ պաշտպանությամբ փրկեց կես միավորը:

Այսպիսով, 7 հնարավորից վաստակելով 6-ական միավոր, առաջին-երրորդ տեղերը բաժանեցին Հակոբյանը, Լազարեւը եւ Պավլովիչը: Լրացուցիչ գործակիցների համաձայն, առաջին մրցանակը շնորհեցին Լազարեւին, իսկ երկրորդըՙ Հակոբյանին: Առանց պարտության ավարտելով մրցաշարը եւ նվաճելով փառատոնի գլխավոր մրցանակներից մեկը, Վլադիմիր Հակոբյանը, ինչպես հատուկ է իսկական մարզիկին, գոհ չմնաց իր արդյունքից: Միեւնույն ժամանակ նա կատարեց իր հիմնական խնդիրըՙ 20 օր հետո իսպանական Կալվիա քաղաքում սկսվելիք համաշխարհային օլիմպիադայից առաջ մոտեցավ իր լավ մարզավիճակին: Իսկ առայժմ Հակոբյանը մեկնում է Շվեյցարիայի մեկ այլ քաղաքՙ Բրիսագո, որտեղ աշխարհի առաջնության մրցախաղում կօգնի հունգարացի Պետեր Լեկոյին, որը մենամարտելու է Վլադիմիր Կրամնիկի հետ:

Ամենայն գովասանքի է արժանի Տիգրան Պետրոսյանը: Պատանի գրոսմայստերը նույնպես չկրելով ոչ մի պարտություն, հաղթողներից հետ մնաց միայն կես միավորով եւ նվաճեց չորրորդ մրցանակը: Պետրոսյանին բաժին էին ընկել ամենաուժեղ մրցակիցները: Առաջ անցնելով գրոսմայստերներ Պելետիեից, Բուրմակինից, Ուելսից, Ինկեւից, Գալահերից, Տիգրանը նկատելիորեն բարձրացրեց իր անհատական վարկանիշը:

ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լոզան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4