Շուտով Գերմանիայում կլինի .am-ի հայելային տարբերակը
Սեպտեմբերի 21-22-ը Հայաստանում կայացավ Եվրոպական ազգային ինտերնետ դոմենների կառավարիչների միության հերթական նիստը: Տարեկան երեք անգամ անցկացվող այս միջոցառումը Հայաստանում առաջին անգամ էր կազմակերպվում: Կառույցում Հայաստանը ներկայացնող Ինտերնետ միության գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը միջոցառումը Հայաստանում կազմակերպելը կարեւորեց մի քանի հանգամանքներով. նախ, միության անդամ եվրոպական 34 երկրների ոլորտի ներկայացուցիչները ծանոթացան հայ մասնագետների հետ, նրանց աշխատանքին, Հայաստանն ապացուցեց, որ կարող է այստեղ նման միջոցառումներ կազմակերպել: Ինտերնետ միության ղեկավարները եւս մեկ ձեռքբերում նշեցին. գերմանական կազմակերպությունն առաջարկել է հայկական .am տիրույթի հայելային տարբերակն անվճար տեղադրել Գերմանիայում, որի որակն ու ապահովվածությունն ավելի բարձր կլինեն, եւ հայկական տիրույթի հետ կապված խնդիրների դեպքում կաշխատի հայելային տարբերակը: «Սա իրականում թանկ հաճույք է, ասաց Անդրանիկ Ալեքսանյանը, սակայն մեր գործընկերները համաձայն են վճարել: Երբ մեր պահեստային սերվերը տեղափոխվի այլ երկիր, գործարարներն ավելի ապահով կլինեն»:
Ինտերնետ միությունը եվրոպական այս կառույցի անդամ է 1999 թվականից, սակայն պրն Ալեքսանյանը հավաստում է, որ եվրոպացիների Հայաստան գալուց եւ դաշտին ծանոթանալուց հետո միայն հայ մասնագետները կարող են շուկայի վերաբերյալ միությունում խնդիրներ առաջ քաշել: Եվրոպական ազգային ինտերնետ դոմենների կառավարիչների միության կազմում է եվրոպական նման կառույցների 95 տոկոսը: «Միությունն ազգային ինտերնետ կառավարմանն օժանդակում է նման միջոցառումների ժամանակ յուրաքանչյուր ինտերնետ հանգույցի խնդիրները վերլուծելով, լուծման ուղիներ նախանշելով», ասաց միության գործադիր կոմիտեի նախագահ Պոլ Քեինը:
Այս անգամ նիստը նվիրված էր ազգային դոմենների կառավարման ռիսկերին, քննարկվում էին աղետների, կապուղիների վնասման ժամանակ դրանց հուսալիությունն ապահովելու ձեւերը: «Այսօր յուրաքանչյուր երկրի ինֆորմացիոն հուսալիությունը կախված է ինտերնետի կապուղիներից, ասաց Ինտերնետ միության նախագահ Իգոր Մկրտումյանը: Ոլորտի մասնագետները հնարավոր տարբերակներ են քննարկում եւ դրանց լուծման ուղիներ փնտրում: Հայաստանի համար միությանն անդամակցելը նաեւ կարեւոր է այս բնագավառում փորձի փոխանակման, ձեւավորած քաղաքականության ուսումնասիրության իմաստով»:
Իգոր Մկրտումյանի գնահատմամբ` Հայաստանում ինտերնետի վիճակը Ռուսաստանի, Իսպանիայի համեմատ կայուն է, հանգույցների (դոմենների) գրանցման լիբերալիզմը հավասարեցված է եվրոպական չափանիշներին, սակայն կապուղիների մոնոպոլիստ ունենալու հանգամանքը հայկական ինտերնետի հուսալիությունը ռիսկի է ենթարկում: «Հայաստանում հանգույցների շուկան զարգանում է ոչ այնպես, ինչպես կցանկանայինք, ասաց նա: Տնտեսական իրավիճակը, ինտերնետային ծառայությունների բարձր գները խոչընդոտում են նոր կառույցների ստեղծմանը: Գերմանիայում, օրինակ, օրական գրանցվում է այնքան տիրույթ, որքան Հայաստանում մեկ տարում»:
Այսօր յուրաքանչյուր մարդ որեւէ երկրում կարող է ինտերնետ հանգույցների աշխատանքը համակարգող ցանց (սերվեր) ունենալ, սակայն որոշ երկրներ, օրինակ, Ռուսաստանը, Չինաստանը, ցանկանում են պետական հսկողություն սահմանել: Անդրանիկ Ալեքսանյանի համոզմամբ` դա մեզ ձեռնտու չի լինի. մենք ինտերնետը պետք է դիտենք ոչ թե որպես բիզնես, այլ մտածենք մեզանում տեխնոլոգիաների զարգացման մասին:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ