Երեկ Երեւանում սկսեց աշխատել «Մարդու առողջությունը» գիտաբժշկական կոնգրեսը
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ուշագրավ նորույթներից մեկը, որն այս տարի ներկայացվում է «Մարդու առողջությունը» երրորդ ազգային գիտաբժշկական կոնգրեսի մասնակիցներին, բոստոնաբնակ մեր հայրենակից Էդուարդ Համբարձումյանի հետազոտությունն է: Նա այժմ աշխատում է Բոստոնի վերարտադրողական առողջության կենտրոնում եւ իր ամերիկացի գործընկերների հետ համահեղինակ է ամլության կանխարգելման կամ վերացման վերաբերյալ չափազանց կարեւոր հայտնագործությանը: Գիտնականների խումբը կնոջ օրգանիզմում հայտնաբերել է մի նյութ (մասնագետներն անվանում են լեյկեմիան խափանող գործոն), որի ավելի կամ պակաս քանակներից է կախված նրա ծննդաբերելու ունակությունը: Այս հետազոտության սեղմագիրը հրատարակված է կոնգրեսի գիտական նյութերի ժողովածուում, եւ գինեկոլոգները դրան մանրամասն տեղեկանալու հնարավորություն ունեն:
Ամերիկյան ֆիրմաներից մեկն արդեն հայտնագործության հիման վրա ստեղծել եւ փորձարկել է դեղամիջոցը, որի անունն առայժմ չի բարձրաձայնվում:
Դեռեւս իրականացվելու են լրացուցիչ ուսումնասիրություններ` դեղորայքի հնարավորություններին եւ ազդեցություններին խորապես տեղեկանալու համար: Համատեղ քննություններ են իրականացվում նաեւ եվրոպական վերարտադրողական կենտրոնների հետ: Առայժմ դեղորայքի զանգվածային օգտագործումը բացառվում է, բայց Էդուարդ Համբարձումյանը հավատացրեց, որ մյուս տարի արդեն բժիշկները դեղատոմսեր գրելու հնարավորություն կունենան: Մեր հայրենակիցը մտադիր է հայտնագործությունը կիրառել նաեւ հայրենիքում եւ հույս հայտնեց, որ մի 2 տարի հետո նաեւ Հայաստանում անպտուղ կանայք, շնորհիվ այս հետազոտության, մայրանալու երջանկությունը կվայելեն: Արդեն իսկ կանանց փոքր խմբերում իրականացված փորձարկումները դրական արդյունքով են ավարտվել:
Խոսքը վերաբերում է 28-35 տարեկան կանանց ու աղջիկներին, իսկ ավելի հասուն տարիքի համար դեղի փորձարկում եւ լրացուցիչ ուսումնասիրություններ նոր պիտի նախաձեռնվեն:
Կոնգրեսի գլխավոր արդյունքը կարելի է համարել տեղեկատվական դաշտի, բժշկական տեսահորիզոնի ընդլայնումը յուրաքանչյուր մասնակցի համար, իր ու տեղացի կամ դրսի գործընկերոջ միջեւ ինֆորմացիայի փոխանակումը: Գիտաբժշկական նյութերի ժողովածուում կոնգրեսի մասնակից 250 գիտնականները ներկայացրել են 168 գիտական աշխատանքներ:
Կոնգրեսում քննարկվելիք թեմաները վերաբերում են նոր արդյունավետ դեղամիջոցների կիրառմանը, ստոմատոլոգիային ու քույրական գործին, ծխախոտամոլությանը:
Վերջին 2-ը այս տարի առաջին անգամ են ներկայացվում ազգային կոնգրեսի քննարկմանը:
Առաջիկա 2 օրերին կանցկացվեն նեղ մասնագիտական լսումներ ու քննարկումներ` 10 սեկցիաների նիստեր նվիրված վիրաբուժությանն ու մանկաբուժությանը, առողջապահության կառավարմանն ու կազմակերպմանը:
Գիտաբժշկական կոնգրեսն ուղեկցվում է դեղագործական 4-րդ միջազգային ցուցահանդեսով, որին մասնակից դեղագործական, բուժտեխնիկա արտադրող, բժշկական ծառայություններ առաջարկող ձեռնարկությունները եւս ներկայացնում են իրենց ասպարեզի վերջին նորությունները: