Չնայած միջազգային շուկայում նավթի գների աննախադեպ աճին եւ շարունակվող կտրուկ տատանումներին, Հայաստանում բենզինի գինը չբարձրացավ եւ առաջիկա երկու շաբաթում չի բարձրանա: Դրա պատճառներն, ըստ վառելիք ներկրող խոշորագույն «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի, մի քանիսն ենՙ ներմուծող ընկերությունների մրցակցությունը, արդեն ներկրված վառելիքի առկա պաշարները եւ էժան գնով դրա ձեռքբերումը: Եթե բենզինը ներմուծվեր ներկայիս գներով, ապա անխուսափելի կլիներ դրա թանկացումը:
«Քանի որ Հայաստանը փոքր երկիր է եւ սպառման ծավալներն էլ մեծ չեն, հաջողվում է ներկրված բենզինը վաճառել չբարձրացրած գներով», նշեց «Ֆլեշի» նախագահը: Մեր հարցին, թե ինչպես է նա վերաբերվում այն հանգամանքին, որ բենզին ներմուծող ընկերություններին հաճախ մեղադրում են այն բանում, որ միջազգային շուկայում այդ վառելիքի գների անկումը չի ազդում Հայաստանի բենզինի շուկայի գների վրա, Բարսեղ Բեգլարյանը պատասխանեց, որ նման մեղադրանք ներկայացնողները չեն պատկերացնում երեւույթի խորքային պատճառները: Միջազգային շուկայում բենզինի գների տատանումները վերոնշյալՙ փոքր շուկա լինելու պատճառով, մեր շուկայում սկսում են ազդել առնվազն 20-30 օր հետո: Նույն պատճառով այս անգամ էլ գների բարձրացումը չազդեց ներքին շուկայի գների վրա: Բենզին ներկրող ընկերությունների վրա չի ազդի նաեւ Ռուսաստանի կողմից Վրաստանի ցամաքային սահմանի փակումը, չնայած, մեր զրուցակցի կարծիքով, Հայաստանի տնտեսության մյուս ճյուղերի վրա որոշ բացասական ազդեցություն կլինի: Մեր բեռների մի մասը գալիս է այս երկրով անցնող Ռուսաստանի հետ կապող ցամաքային երկու ճանապարհներով:
Իսկ թե ի՞նչ կլինի հոկտեմբերի առաջին օրերից հետո, Բարսեղ Բեգլարյանը պատասխանեց, որ դա կախված է այն բանից, թե ինչ գնով ձեռք կբերվի բենզինի նոր խմբաքանակը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ