Առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 25-ին Երեւանում եւ ողջ հանրապետության տարածքում կազմակերպում է բաց դռների օր մշակույթի աշխատողների եւ լրագրողների համար: Հաշվարկվել է, որ միայն մշակույթի ասպարեզից 13 հզ. 600 մարդ կարող է օգտվել ընձեռված հնարավորությունից:
Բաց դռների օրը նախատեսում է ընդհանուր պրակտիկայի եւ նեղ մասնագիտական ծառայությունների բժիշկների խորհրդատվություն, լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտություններ: Հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք զգացող հիվանդությունների հայտնաբերման դեպքում լրագրողին ու մշակույթի գործչին պետպատվերային ուղեգրեր կտրվեն: Համակարգչային բարդ հետազոտությունները եւս կիրականացվեն պետպատվերի շրջանակներում:
Ինչպես տեղեկացրեց առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլանա Գեւորգյանը, միայն Երեւանում բաց դռներին մասնակցության 5000 կտրոն արդեն բաժանվել է:
Լրագրողները, ովքեր դեռեւս տեղյակ չեն այս մասին, կտրոններ կարող են ձեռք բերել Հայաստանի մշակույթի եւ ԶԼՄ աշխատողների ճյուղային արհմիությունից: Ասենք, որ առողջապահների հավաստմամբ, այս տարվա ընթացքում արդեն 30 հզ. մարդ օգտվել է բաց դռների միջոցառումից:
Սեպտեմբերի 25-ին մայրաքաղաքի լրագրողներն ու մշակույթի աշխատողները կարող են դիմել իրենց տարածքային պոլիկլինիկաներ, իսկ մարզերում` տվյալ մարզի կենտրոնական պոլիկլինիկա: Բաց դռների ընթացքում առողջապահության նախարարը ստուգողական այցեր կանցկացնի մայրաքաղաքի պոլիկլինիկաներում:
Կ. Դ.