«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2004-09-18 | #165, 2004-09-21 | #166, 2004-09-23


ԳՅՈՒՄՐՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ-ՔԱՐՏԵԶԸ ՏՈՆԻՆ ՆՎԵՐ

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունը իր յուրատեսակ նվերը մատուցեց Անկախության տոնին եւ առաջիկա շաբաթ օրն անցկացվելիք «Քաղաքի օրվան»: Սեպտեմբերի 21-ին այստեղ ներկայացվեց «Ասպարեզ-Ալֆա» ՍՊԸ-ի հրատարակած Գյումրու գունավոր ուղեցույց-քարտեզը, որի հեղինակը ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն է:

Սա վերջին շրջանում լույս տեսածՙ Գյումրու ուղեցույց-քարտեզներից ամենամեծն է, ինչպես նաեւ ամենից մանրակրկիտը: Այստեղ արտահայտված եւ հին ու նոր անուններով, նաեւ երբեմնի համարներով նշված են քաղաքի բոլոր փողոցները, նրբանցքներն ու թաղամասերը, ինչը կատարված մեծածավալ ու դժվարին աշխատանքի արդյունք է: Ուղեցույցի մի կողմում մի քանի սյունակներով տրված են քաղաքի կենսապահովման հիմնարկների, տարբեր ծառայությունների, հոգեւոր, մշակութային եւ այլ հուշարձանների, փողոցների ցուցակները, նշված է դրանցից ամեն մեկի տեղը քարտեզի վրա: Զետեղված են քաղաքի դիմագիծը ներկայացնող մեկ տասնյակից ավելի լուսանկարներ:

Քարտեզում թաղամասերի անունները նշված են այնպես, ինչպես դրանք ավանդաբար հնչում են ժողովրդի լեզվում, ինչը, մեր կարծիքով, ոչ բոլոր դեպքերում է ընդունելի: Իսկ ահա փողոցների անունների պարագայում խախտվել է տերմինաբանական կոմիտեի համապատասխան որոշման պահանջը, ըստ որիՙ յան-ով վերջացող անունները պետք է գրել առանց -ի վերջավորության (Տերյան փողոց, Ալեք Մանուկյան փողոց եւ այլն): Սակայն, ինչպես ասում են, ամեն մի նոր գործի սկիզբն է դժվար: Սա արժեքավոր եւ սպասված ուղեցույց է Գյումրի ժամանող հյուրերի, զբոսաշրջիկների եւ հենց քաղաքի բնակիչների ու տարբեր ծառայությունների համար:

Ուղեցույց-քարտեզը լույս է տեսել բացառապես հայերեն, սակայն ցանկություն կա առաջիկայում հրատարակելու նաեւ ռուսերեն, անգլերեն ու այլ լեզուներով:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4