«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2004-09-21 | #166, 2004-09-23 | #167, 2004-09-24


ԴԵՆՔԹԱՇԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԷՐ ՀՈՒՆԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՍՏԱՑԱԾ ԿԻՊՐԱՑԻ ԹՈՒՐՔԵՐԻՆ

Մինչեւ որ ստանալու հայտ ներկայացնի իր հարազատ թոռը

Կիպրոսի թուրքերի առաջնորդ Ռաուֆ Դենքթաշը «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» այսպես կոչված նախագահն է: Աչքի է ընկնում ազգայնամոլ հայացքներով, համարվում է Թուրքիայի դրածոնՙ մեծապես կրելով թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի ազդեցությունը: Նա կիպրական հիմնահարցի լուծումը պայմանավորում է չկարգավորվածության պահպանումով, որպեսզի հարմար առիթի դեպքում կղզին պաշտոնապես մասնատվի եւ մասնատված թուրքական հատվածը կցվի Թուրքիային:

Թերեւս այս ամենի առումով պատահական չէր նրա բուռն հակազդեցությունը Կիպրոսի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանի ծրագրին, որքան էլ դա «վերամիավորման» քողի տակ խորացնի կղզու մասնատվածությունըՙ առավել եւս կիպրացի հույների հետ Եվրոմիությանը մաս կազմելու հեռանկարով Դենքթաշի հրաժարականի համար Կիպրոսի թուրքական հատվածում ծավալվող պայքարը:

Դենքթաշի ազգայնամոլությունը, Կիպրոսի վերամիավորումը վիժեցնելու եւ եվրոպական ընտանիքի մաս կազմելու հարցում կիպրացի թուրքերի կամքին հակադրվելու նրա գործելակերպը, սակայն, չեն խանգարել, որ նա արդարացնի իր դուստր Դեղեր Քյուրշաթի 21-ամյա որդունՙ Ռաուֆին, այսինքնՙ հարազատ թոռանը: Ի՞նչ առումով: Այն, որ Ռաուֆ Դենքթաշի թոռ Ռաուֆ Քյուրշաթն օրերս, «Հյուրիեթի» սեպտեմբերի 22-ի համարի վկայությամբ, հունական անձնագիր ստանալու խնդրանքով դիմում է ներկայացրել Կիպրոսի Հանրապետության համապատասխան մարմիններին, իսկ վերջիններս տեսնելով, որ նրա մոր հայրանվան տակ Ռաուֆ Դենքթաշ է գրված, մերժել են դիմումը:

Քանի որ Կիպրոսի Հանրապետությունը Եվրոմիության անդամ է դարձել, ուստի հունական անձնագիր ստանալու դեպքում Դենքթաշի թոռը դառնալու էր ԵՄ-ի քաղաքացի, իսկ դա նրան հնարավորություն էր տալու օգտվել Անգլիայում այդ քաղաքացիների համար նախատեսվող ուսման վարձը զեղչ գնով վճարելու արտոնությունից: «Հյուրիեթը» նշում է, որ Անգլիայում ԵՄ-ի քաղաքացիներից որպես ուսման վարձ տարեկան գանձվում է 1500 ստեռլինգ, իսկ մյուսներիցՙ 7-8 հազար: Այլ կերպՙ Ռաուֆ Դենքթաշի թոռը Կիպրոսի Հանրապետության անձնագիր ստանալու համար հունական իշխանություններին է դիմել, որ Անգլիայում ուսումը շարունակելիս ուսման վարձը շուրջ 7 հազար ստեռլինգ զեղչով վճարի: Թերեւս մոր հայրանունը նրան մատնել է, որ նա Կիպրոսի թուրքական հատվածի առաջնորդ Ռաուֆ Դենքթաշի թոռն է:

«Հյուրիեթն», արձանագրելով մոտ 100 հազար կիպրացի թուրքի Կիպրոսի Հանրապետության անձնագիր ստանալու մասին հունական պնդումները, գրում է, որ անձնագրի համար հունական իշխանություններին Ռաուֆ Դենքթաշի թոռան դիմումն իրարանցում առաջ բերեց «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունում»: Ըստ երեւույթին դրան նպաստել է Ռաուֆ Դենքթաշնՙ արդարացնելով հարազատ թոռան արարքը:

Ինչո՞ւ: Այդ հարցում էլ սեպտեմբերի 23-ի համարում պատասխանում է թուրքական «Ռադիկալ» թերթըՙ ընդգծելով, որ մինչ իր թոռան դիմումը Դենքթաշը խստագույնս դատապարտում էր Կիպրոսի Հանրապետության անձնագիր ստանալու համար իշխանության հունական մարմիններին դիմող կիպրացի թուրքերին: Այդ արարքը նա համարում էր դավաճանություն, իսկ հունական անձնագիրնՙ ապօրինի:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4