«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2004-09-21 | #166, 2004-09-23 | #167, 2004-09-24


ԻՐԱՔԱՀԱՅ ԳԵՎՈՐԳ ՈՒՐԲԱՆՅԱՆԸ ՀԱՅՏՆՈՒՄ Է 14-ԱՄՅԱ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Նա գիտի, թե որտեղ են իրաքա-քուվեյթյան պատերազմում զոհված գերիների աճյունները

Իրաքա-քուվեյթյան պատերազմի ժամանակ իրաքահայ Գեւորգ Ուրբանյանն աշխատել է Բասրա քաղաքում գործող հոլանդական մի ընկերությունում: Գաղտնիքը, որ նա հայտնեց մեր թերթի միջոցով, վախով պահպանել է տասնչորս տարի, Սադդամ Հուսեյնի բռնապետության տարիներին զգուշանալով վնասել իր ընտանիքին ու հարազատներին:

1990 թվականին, պատերազմի ընթացքում, ընկերության մալգիվցի արաբ բանվորներից մեկը մահանում է: Տնօրենի խնդրանքով Գեւորգը պարտավորվում է հոգալ հանգուցյալին ծննդավայր տեղափոխելու խնդիրը: Դիակը Մալգիվ տեղափոխել չի հաջողվում, եւ թաղումը կազմակերպում է մեկ այլ քաղաքի գերեզմանատանը: Հենց այստեղ էլ, գերեզմանատան հայր ու որդի աշխատակիցներից պատահաբար իմանում է նախորդ օրը գերեզմանատանը կատարված զանգվածային մեծ թաղման մասին: «Ավտոբուսով բերել են սպանված քուվեյթցիների մի մեծ խմբի դիերը եւ թաղել քաղաքի գերեզմանատանը»: Գերեզմանափորները Գեւորգ Ուրբանյանին մատնացույց են արել նաեւ այն հսկա տարածքը, որ պատերազմում զոհ դարձած գերյալ (թե այլ հանգամանքներում զոհված` Գեւորգ Ուրբանյանը չգիտի այդ մասին) քուվեյթցիների վերջին հանգստարանն է դարձել:

Երկու տարի առաջ, այնուամենայնիվ, Գեւորգը մեկնում է Թեհրան (հայրը պարսկահպատակ է) եւ զանգահարում Իրանում Քուվեյթի հյուպատոսարան: Փորձում է հայտնել իմացածը, սակայն նրան նույնիսկ չեն ընդունում, ասելով, թե հյուպատոսը երկրում չէ: Վերադառնում է Բաղդադ, այնտեղ տեղեկանում, որ Բաղդադի քուվեյթցիները փնտրում են պատերազմում կորած իրենց հայրենակիցներին` մեռած թե կենդանի: Փորձում է հայտնել Բաղդադ նկարահանումների եկած քուվեյթյան հեռուստատեսության աշխատակիցներին: Նրանցից մեկը, Բահը Օբու Զաքարիա Բաբան եւս չի ընդառաջում նրան, պատճառաբանելով, թե տարիներ անց իմաստ չունի կրկին կենդանացնել մահվան վիշտը հարազատների հոգում:

Այս տարեսկզբին, փախչելով ծայրահեղականների հետապնդումներից, Գեւորգ Ուրբանյանը ընտանիքի հետ գաղթում է Հայաստան: 15 օր առաջ հեռուստատեսությամբ պատահաբար կրկին լսում է, որ քուվեյթցիները շարունակում են փնտրել իրենց կորած հարազատներին եւ նույնիսկ պատրաստ են դրամական խոշոր գումար տալ նրանց, ովքեր գիտեն ու կարող են հայտնել որեւէ տեղեկություն:

Գեւորգ Ուրբանյանը որոշում է ինտերնետում 4 լեզուներով սփռվող «Ազգի» միջոցով հրապարակել իմացածը: Նա սպասում է քուվեյթցի գերյալների հարազատների արձագանքին: Հետաքրքրվողները կարող են դիմել մեր խմբագրությանը:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4