Եթե շահարկումներից խուսափելն անհնար է, ապա պետք է սահմանափակել շահարկողների հնարավորությունը
Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի անվան շահարկումը Թուրքիայում սովորական երեւույթ էր: Վերջին շրջանում շահարկումները նոր թափ ստացան: Մինչդեռ Թուրքիան Եվրոմիության հետ ներդաշնակության օրենքներ էր ընդունել, որոնք ենթադրում էին ազգային փոքրամասնությունների իրավական դրության բարելավումը երկրում, իսկ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը բարելավման պատրաստակամություն էր հայտնում:
Սա նշանակում է, որ ԵՄ-ի հետ ներդաշնակության շրջանակներում ազգային փոքրամասնությունների դրությունը բարելավելու Էրդողանի կառավարության պատրաստակամությունն ընդամենը հանգեցնում է Թուրքիայում հայերի եւ հույների նկատմամբ թշնամանքի բորբոքմանը: Որպես հետեւանք այս ամենի Պոլսո հայոց պատրիարքը մեղադրվում է «թուրքական պետությունից նոր զիջումներ կորզելու» նկատառումների մեջ: Մինչ նրա անվան շահարկումները նոր թափ են ստանում, Անկարայի առեւտրի պալատը Հունական տիեզերական պատրիարքարանի մասին հրատարակած գրքույկով Թուրքիայի հույների հետ «դավաճան» է հռչակում նաեւ հայերին:
Ըստ երեւույթին, թուրքական թերթերին Մութաֆյան պատրիարքի տված հարցազրույցները չեն նպաստում շահարկումների դադարեցմանը, որ նրա հետ ընդարձակ հարցազրույցը սեպտեմբերի 1-ի համարում հրապարակած «Միլիեթը», սեպտեմբերի 19-ի համարում արձանագրում է շահարկումների նոր փաստ: Արձանագրման հիմքում «Ակօսի» նախավերջին համարն է:
Ահա թե ինչ է գրում «Միլիեթը»: Հայկական համայնքի թերթերից «Ակօսը» տեղեկացրեց, որ Թուրքիայի հայերի պատրիարք Մեսրոպ Երկրորդը ներկայումս Հունաստանի Պատմոս կղզում է, եկեղեցիներ է այցելում: Ի դեպ, վերջերս հայտարարվել էր, որ նա «մեկուսանալու անհրաժեշտությամբ» անորոշ ժամանակով զերծ է մնալու զբաղեցրած պաշտոնից բխող իր պարտավորությունների կատարումից: «Պատրիարքի մեկուսացման առեղծվածը» խորագրով հրապարակված տեղեկության մեջ «Ակօսը» հարկ է համարում մատնանշել, որ Մեսրոպ Երկրորդի պատմոսյան այցելության մասին եւս «որեւէ մանրամասնություն չի հաղորդվում»: Միաժամանակ այս թերթն անդրադառնում է նրա մեկուսացման առնչությամբ ազգային մամուլի էջերում տարածվող ասեկոսեներին, թե «հնարավոր է, որ պատրիարքին նախազգուշացրել են պետական իշխանությունները» եւ ընդգծում, որ պատրիարքարանը չի արձագանքում դրանց: Վերջում «Ակօսը» տեղեկացնում է նոր ուսումնական տարվա առնչությամբ Մութաֆյան պատրիարքի Պատմոսից արած «բավականին կոշտ ոճով» հայտարարության մասին, որտեղ նա նշել է, որ «Թուրքիայի հայ համայնքն ինքնության խոր ճգնաժամ է ապրում»:
Գուցե Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հարցազրույցները չնպաստեն շահարկումների դադարեցմանը, սակայն շահարկումներին ժամանակին արձագանքելու դեպքում նա մեծապես կսահմանափակի շահարկողների գործունեության ոլորտըՙ սահմանափակելով հանդերձ համայնքին ուղղորդելու նրանց հնարավորությունները: Այլ կերպՙ անհնարը շահարկումներից խուսափելն է, այլ ոչ թե շահարկումների հնարավորության սահմանափակումը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ