Ընդդիմությանը պատասխանատվությունից զերծ պահելու եւս մեկ փորձ
Երկու օր առաջ ՀՀ արտգործնախարարի արած «Ղարաբաղը գին չունի» հայտարարության տակ ստորագրելուն պատրաստակամ է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Սակայն հայտարարությունն ամբողջության մեջ, «Փակագիծ» ակումբի երեկվա հյուր Դալլաքյանի գնահատականով, տղայական մարտահրավեր է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ընդունող միաբեւեռ աշխարհին եւ հղի է վտանգավոր հետեւանքներով: Մինչդեռ Հայաստանն անվտանգության այնպիսի համակարգում պետք է ընդգրկվի, որ համապատասխանի հայ ժողովրդի շահերին եւ տարածաշրջանային խնդիրներին, հավատացած է Դալլաքյանը, քանի որ տարածաշրջանային խնդիրների խաղաղ կարգավորումն այլ դեպքում անհնար կդառնա: Այս խնդրում սխալ հաշվարկի եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը փակուղի մտցնելու մեջ մեղադրելով ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանինՙ Դալլաքյանը պատասխանատվությունը թողեց միայն նրան եւ հավաստիացրեց, որ Ղարաբաղի խնդրի լուծման հարցում ընդդիմությունն ունի երկու ելակետՙ ազգերի ինքնորոշման իրավունք եւ Լեռնային Ղարաբաղը պարտադիր բանակցային կողմ:
«Արդարություն» դաշինքի անունից խոսելով, Դալլաքյանն արդեն ոչ միայն ՀՀ առաջընթացի, այլեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման միակ երաշխիք համարեց օրինական իշխանության առկայությունը: «Եթե Քոչարյանը հիմա սկուտեղի վրա բերի Լեռնային Ղարաբաղը, ժողովուրդն էլի կմտածի, որՙ չէ, տակը մի բան կա: Վստահելի իշխանություն եւ իշխանության հանդեպ հավատ է պետք նաեւ Ադրբեջանում», հավաստիացրեց Դալլաքյանը եւ հավատի առկայության դեպքում հողային տարածքներ սկուտեղով տանելու տրամաբանությունը բացառեցՙ եւս մեկ անգամ ընդգծելով, որ ընդդիմությունը, մասնավորապես «Արդարություն» դաշինքը կտրականապես դեմ է հողային զիջումների: Բանախոսը, սակայն, երաշխիքներ չտվեց, թե ընդդիմությունը ինչպե՞ս է իշխանություն ձեռք բերելու, եւ ի՞նչն է ստիպելու ժողովրդին իշխանություն դարձած ընդդիմության հանդեպ հավատի անհրաժեշտ չափն ունենալ:
Ըստ Դալլաքյանի, ընդդիմությունը կարող է որեւէ ժամանակ օգտվել հանրաքվեի օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը օգտագործելով իշխանության հասնելու հնարավորությունից: Բանախոսի գնահատականով, հանրաքվեն ընդդիմության արդեն իսկ ցուցաբերած կոմպրոմիսն է իշխանություններին: Իսկ «Արդարություն» դաշինքի դեմ հարուցված գործի կարճումը, բանախոսի կարծիքով, ՀՀ դատախազության ձգտումն է դեպի գրագիտություն:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ