Հանրապետությունում գրանցված են 64 քաղաքական կուսակցություններ: Սրանք այն կուսակցություններն են, որոնք իսկապես գործում են օրենքի դաշտում: Եվս 51 կուսակցություններ կան, որոնք գործում են 2002 թվականին ընդունված կուսակցությունների նոր օրենքի տառից դուրս: Համաձայն օրենքի պահանջի, այդ կուսակցությունները միամյա ժամկետում պիտի վերագրանցվեին եւ պետռեգիստր ներկայացնեին իրենց ծրագրերը, որոնք, համաձայն նոր օրենքի, նույնպես գրանցման ենթակա են:
51 կուսակցություններից 2-ը («Գարդմանք», «Ագրարային») այժմ լուծարման գործընթացում են, եւս 3-ը («Հաղթանակ, ժողովրդավարություն, միասնություն», «Հայաստանի ազգայնական» եւ «Մանկավարժներ հայոց») գրանցել են իրենց լուծարումը: 2 կուսակցություն` «Հայաստանի հայ հեղափոխական» կուսակցությունը եւ «21-րդ դար ժողովրդավարական ազգային» կուսակցությունը վաղուց սկսել, բայց չեն ավարտել լուծարային գործընթացը:
Այժմ արդարադատության նախարարության պետռեգիստրի գործակալությունը դատի է տվել 51 կուսակցություններին, որոնք զլացել են մինչեւ 2004 թվականի ապրիլի 15-ը գրանցել իրենց լուծարումը: Հայցերը ներկայացվել են համապատասխան դատարաններՙ ըստ կուսակցությունների տարածքային տեղաբաշխման:
Քաղաքական կուսակցությունների այսպիսի առատությունը Հայաստանի նման փոքր երկրի համար արտառոց է: Անկասկած իրողությունը ենթադրում է նաեւ համապատասխան հասարակական ակտիվություն: Նման ընդգրկումների ակտիվություն հայ հանրությունը ակնհայտորեն չի դրսեւորում:
Փաստը նաեւ Հայաստանի քաղաքական մշակույթի անկատարության ամենախոսուն վկայությունն է: Այնպես որ, քաղաքական անդաստանում եւս ինքնամաքրման գործընթացները բնական պետք է համարել:
Կ. Դ.