Ի պատասխան Ամերիկայի հայկական եկեղեցիներում պատարագն անգլերեն մատուցելու արշավի, որի կողմնակիցներն անցյալ տարի 450 ստորագրություն էին հավաքել եւ մեկ էջանոց ազդագրեր տպագրել, մի խումբ նախանձախնդիր հայեր նոր վեբսայթ են բացել (www.savebadarak.com) փրկելու մեր ավանդական Սուրբ պատարագն ամեն տեսակի ոտնձգություններից, հաղորդում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի սեպտեմբերի 18-ի համարը: Մինչեւ այդ օրը 1.545 հոգի է արձագանքել դրանՙ պաշտպանելով պատարագն անաղարտ պահելու պահանջը: Դրանից բացի 40 կղերականներ նամակով դիմել են Ամերիկայի հայկական եկեղեցու արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանին իրենց դժգոհությունն արտահայտելու առաջարկված փոփոխությունների հանդեպ:
Արեւելյան թեմի առաջնորդն օգոստոսի 20-ի իր հրահանգով, որն ուղարկվել է բոլոր հոգեւորականներին, շեշտել է, որ պատարագի լեզուն դասական հայերենն է: «Ինչպես ընդգծել էինք 2003 թվի հունվարի 13-ի մեր շրջաբերականում, մեր պատարագի լեզուն դասական հայերենն է: Միայն որոշ հատվածներ կարող են մատուցվել անգլերենով: Այդ հատվածները նշված են վերոնշյալ շրջաբերականում: Դրանցից դուրս անգլերենի օգտագործումն արգելվում է: Ամենակարեւոր արարողությունը մեր եկեղեցու պատարագն է, որի միջոցով մենք հաղորդակցվում ենք մեր Տիրոջ հետ: Երբ պատարագը պատշաճ է մատուցվումՙ առանց թերությունների, հոգեւորականին եւ հավատացյալին հոգեւոր լիցք է հաղորդում», գրված է Պարսամյան սրբազանի շրջաբերականում:
Հ. Ծ.