Կառավարությունը գրանցել է կրոնական 55 կազմակերպության
ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է 2004 թ. Հայաստանում կրոնական ազատության զեկույցը, որտեղ նշվում է, որ կառավարությունը հերթական անգամ մերժել է «Եհովայի վկաներին» գրանցել որպես կրոնական կազմակերպության: Ի տարբերություն նախորդ մերժումների, այս անգամ կառավարության ազգային փոքրամասնությունների եւ կրոնական հարցերի գրասենյակը նշել է տեխնիկական թերություններ, ինչը կարող է նշանակել, որ մոտ ապագայում եհովականների իրականացրած մարդորսությունն այլեւս անօրինական չի համարվի:
Չնայած կառավարությունը չի տրամադրել կրոնական փոքրամասնությունների ընդհանուր թվի մասին տվյալներ, ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում բերվում են հետեւյալ թվերը.
կաթոլիկներ | 180 հազար |
եզդիներ | 30-40 հազար |
հիսունականներ | 25 հազար |
Եհովայի վկաներ | 7500 |
բողոքականներ | 5000 |
խարիզմատներ | 3000 |
բապտիստներ | 2000 |
մորմոններ | 2000 |
հրեաներ | 500-1000 |
ադվենտիստներ | 1000 |
Այստեղ ակնհայտորեն փոքրացված է եհովականների թիվը: Դեռ 2002 թ., ըստ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի տվյալների, եհովականների թիվը կազմել է 28 հազար, այսինքնՙ Հայաստանի բնակչության մեկ տոկոսը «վկա» է: Պետքարտուղարության զեկույցում նշվում է, որ եհովականները դժվարություններ չեն ունեցել հանդիպումներ-հավաքների համար տեղ վարձելու հարցում, ինչը արձանագրվել էր նախորդ տարիներին: Եթե նախորդ տարիներին սահմանային անցակետերում առգրավվել է «վկաների» գրականությունը, ապա այժմ նրանց թույլ է տրվում «իրենց անձնական օգտագործման համար բերել փոքր քանակությամբ տպագիր նյութեր»:
Հայաստանյան որոշ հասարակական կազմակերպություններ պնդում են, թե բազմաթիվ աղանդավորներ, այդ թվումՙ եհովականներ, ազատվել են աշխատանքից կամ ենթարկվել հարձակման իրենց հավատի պատճառով: Մինչդեռ պետքարտուղարության զեկույցում «Եհովայի վկաների» մի անանուն ներկայացուցիչ ասել է, որ տեղյակ չէ նման դեպքերի:
Ըստ զեկույցի, «Եհովայի վկաները» շարունակում են «իրենց միսիոներական աշխատանքը», եւ նրանց համախոհների թիվն ավելանում է: «Ավետարանչականները եւ մորմոնները հովանավորում են միսիոներական ծրագրերը», ասվում է զեկույցում: