Հայաստանի կամերային նվագախմբի համերգաշրջանի բացումը գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Արամ Ղարաբեկյանը մեծ գալա-համերգով սկսեց «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որտեղ հանդես եկան տարբեր երկրների մենակատարներՙ երգիչներ Նունե Բադալյանը (Հայաստան) եւ Գարեգին Հովսեփյանը (Գերմանիա), դաշնակահար Ավո Գույումջյանը (Ավստրիա), ջութակահար Լեւոն Չիլինգիրյանը (Մեծ Բրիտանիա) եւ ալտահար Սամվել Բարսեղյանը (Բելգիա): Ղարաբեկյանը երաժիշտների այդքան ներկայացուցչական թիմը հմտորեն հարմարեցրել էր տրամաբանորեն կառուցված ծրագրին, որտեղ իշխում էր կլասիցիզմի ոգին: Հայդնը, Մոցարտը, Ռոսսինին եւ 20-րդ դարում նրանց ժառանգությունը վերաիմաստավորած Իգոր Ստրավինսկին կազմեցին երաժշտության զարգացման կարեւոր մայրուղիներից մեկը, որը մինչեւ օրս չի սպառել իրեն:
Ծրագրի մյուս առանձնահատկությունը կոնցերտային բնույթի ստեղծագործությունների ընտրությունն է: Բուն երկու կոնցերտներիցՙ Հայդնի Ռե մաժորից եւ Մոցարտի Ջութակի, ալտի ու նվագախմբի կոնցերտային սիմֆոնիայից (ըստ էության կրկնակի կոնցերտից) բացի, ծրագրում տեղ էին գտել Ջ. Ռոսսինիի «Երջանիկ խաբեություն» եւ «Սինյոր Բրուսկինո» օպերաների խրոխտ նախերգանքները, կոնցերտային տիպի 3 զուգերգ Մոցարտի «Դոն Ժուան» եւ «Կախարդական սրինգ» եւ Ռոսսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերաներից, ըստ ժողովրդական տեքստերի Ստրավինսկու գրած վոկալ-գործիքային «Զվարճասույթները», որոնք եւս ռուսական կենցաղի ու խառնվածքի յուրատեսակ կոնցերտային ուրվապատկերներ են:
Վերջապես, երեկոյի եւս մեկ ընդհանուր գիծը երաժշտության մեջ հումորի տարրերն էին: Երկու կոնցերտների վերջնամասերում, Մոցարտի զուգերգերում, Ռոսսինիի «Սինյոր Բրուսկինոյի» նախերգանքում եւ Ստրավինսկու վոկալ մանրանվագներում երաժիշտները ի հայտ բերեցին կենսական նախասկիզբն արտացոլող կատակային-հումորիստական կերպարների մի ամբողջ շարք:
Ինչպես միշտ, Ղարաբեկյանն իր ձեռքին էր պահում համերգի ղեկը. նրա իշխանության տակ էին թե նվագախումբը (Կամերային նվագախմբի հիմնական կազմին ավելացված էին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի փողայինները) եւ թե մենակատարները: Հատկապես կուզենայի ընդգծել նվագախմբի դերը գործիքային կոնցերտներում եւ զուգերգերում. առավել ներդաշնակ էր Հայդնի եւ «Սեւիլյան սափրիչի» զուգերգի կատարումը: Ռոսսինիի նախերգանքներից տպավորվեցին ջութակների վիրտուոզ փայլն ու «թռիչքայնությունը» համերգը բացած «Երջանիկ խաբեության» մեջ (հուսով ենք, օպերայի անվանումը չի դառնա նվագախմբի կարգախոս, թեեւ մեր կյանքը, ավա՜ղ, «L՛ ingano felice» է):
Ղարաբեկյանին նախ եւ առաջ ներհատուկ է ամեն մի ոճի երաժշտության վերլուծական գիտակցումը, ուստի նրա մոտ հուզական գործոնը մշտապես ենթակա է ռացիոնալին: Ստրավինսկու երաժշտությունն առավել բնականներից մեկն է Ղարաբեկյանի մտածողության համար, թեեւ Երեւանում առաջին անգամ կատարված «Զվարճասույթները» (1914) մեծ դահլիճի ակուստիկ պայմաններում տանուլ տվեցին: Միայն թիվ 4-ում («Ծերունին եւ նապաստակը»), որտեղ փողայինների սուր ակորդները կանխազգալ են տալիս Ստրավինսկու ապագա երկերը, գործիքային համույթը ցուցադրեց հնչողության յուրահատուկ կողմեր:
Այստեղ հիմնական ծանրությունն ընկած էր երգիչ Գ. Հովսեփյանի վրա (բարիտոն): Նա դրսեւորեց արտաբերման եւ այդ երաժշտության կերպարի տիպավորման վարպետություն, երաժշտություն, որը վոկալ առումով զարգացնում է անսահուն ռիթմիկան եւ բառի խաղարկման հնարքը, ինչպես Մուսորգսկու մոտ: Նունե Բադալյանի (սոպրանո) հետ զուգերգելիս նախկին երեւանցի, իսկ այժմ Կենտրոնական Եվրոպայի կամերային եւ օպերային բեմերի հաջող մեներգիչ Հովսեփյանը ցուցաբերեց ոչ միայն բարձր ճաշակ, այլեւ դրվատելի գործընկերային հատկանիշներ: Բեմի վրա առկա էր չպարտադրող թատերայնություն. երաժիշտները երգում էին սովորականից փոքր-ինչ դանդաղ, բայց հստակ եւ ոճականորեն զուսպ, վայելելով յուրաքանչյուր երաժշտական ֆրազը:
Բեմական իրավիճակի զգացողությունն առավել շատ նկատվում էր «Սեւիլյան սափրիչի» Ռոզինայի եւ Ֆիգարոյի զուգերգում: Հայաստանի կամերային նվագախմբի պրիմադոննա, կատարողական լայն ընդգրկում ունեցող երգչուհի Ն. Բադալյանը Ռոսսինի կատարելիս ցուցադրեց օպերային-ոճական ճշգրտություն եւ իր ձայնի լավագույն հատկանիշները, լսելիքը շոյելով ռեչիտատիվի եւ կանտիլենայի արտահայտչականությամբ, ինչպես նաեւ կոլորատուրայի տպավորիչ ճկունությամբ:
Գեղարվեստական ճաշակ եւ բարձր պրոֆեսիոնալիզմ դասավանդեց լոնդոնցի ջութակահար Լեւոն Չիլինգիրյանը, որի գործունեությունը Հայաստանում նպաստում է երիտասարդ կատարողական ուժերի ինտեգրմանը: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հայ երաժիշտների հետ անսամբլային երաժշտության երկու համերգ տալով, Չիլինգիրյանը Մոցարտի Կոնցերտային սիմֆոնիայում իր պարտիան կատարելիս իրեն դրսեւորեց որպես երաժշտական ամբողջ գործընթացի առաջնորդ, իրեն ենթարկելով ոչ միայն երկրորդ մենակատար Ս. Բարսեղյանին, այլեւ նվագախմբի ամբողջ կազմին: Կատարողական մեծ փորձով ու գիտելիքներով իմաստնացած, տիրական Չիլինգիրյանը գերազանց երաժշտական «մարզավիճակում» է: Նրա ազնիվ ու բնական նվագը խորապես գրավում է ունկնդիրներին. առաջին մասում տպավորվեցին հարթաքանդակներ հիշեցնող երաժշտական դարձվածքները, իսկ երկրորդումՙ երգեցիկ մենանվագի պլաստիկան եւ ձեւավորումը:
Վիեննական կլասիցիզմի արվեստն զգացվում էր նաեւ վիեննացի (նախկին լիբանանահայ) դաշնակահարի հուսալի ձեռքերում: Ավո Գույումջյանն առանց կեցվածք ընդունելու հանդես եկավ որպես փայլուն դաշնակահար եւ միաժամանակ որպես բանաստեղծ: Հայտնի երաժիշտ, Վիեննայում 1981 թ. Բեթհովենի անվան միջազգային մրցույթում առաջին մրցանակ ստացած Գույումջյանն այն տարիքում է, երբ վիրտուոզության խնդիրները տեղը զիջում են դաշնամուրային նվագի երաժշտական արտահայտչականության խնդիրներին: Տոնի մեղմությունն ու խորությունը, տեմբրային մշտական աշխատանքը եւ հնչողության յուրօրինակ հղկվածությունը բնորոշ են Գույումջյանի նվագին:
Գրախոսվող համերգի նախօրեին նա ունկնդիրներին հենց այդպիսին ներկայացավ Կամերային երաժշտության տանը Գարեգին Հովսեփյանի հետ տված համերգում: Այդ անմոռանալի երեկոյի ծրագրում էին Ռ. Շումանի «Պոետի սերը» շարքը (խոսք Հ. Հայնեի) եւ բովանդակությամբ մոտիկ ընտրված Պ. Չայկովսկու ռոմանսները: Դահլիճում տիրում էր կամերային երգեցողության հազվագյուտ մթնոլորտ, որին բնորոշ է բառի իմաստի գերակշռությունն իր հնչյունային եւ համատեքստային նշանակությամբ: Համերգի ոճական միասնությունը չխանգարեց գնահատելու սիրո կերպարանքները, բերկրանքն ու վիշտը, միայնության ողբերգականությունը (Չայկովսկու ռոմանսները), կրքի պոռթկումները եւ փիլիսոփայական խրատաբանությունը (Շումանի շարքը եզրափակող թիվ 16-ը) բացահայտող ռոմանսների բազմազանությունը:
Հոգեբանորեն զգայուն, թեթեւ ու թավշյա տեմբրով բարիտոն Գ. Հովսեփյանը բառացիորեն նվաճեց դահլիճը, հպարտություն առաջացնելով մեր հայրենակիցներիՙ արտերկրում հայկական մշակույթի պատվիրակների համար:
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր