Սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 5-ն Արմենպրեսի ֆոտոսրահում ներկայացված է բրազիլահայ լուսանկարիչ Նորայր Շահինյանի 40 լուսանկարների հավաքածուն: Նորայրը մեր զրույցի ժամանակ պատմեց, որ նկարել սկսել է դեռ մանկուց, երբ ֆոտոխցիկը կարողացել է ամուր ձեռքերում բռնել: 40 հազարանոց հայկական համայնք ունեցող երկրում հայերը եւ բրազիլացիները շատ համերաշխ են ապրում, եւ Նորայրը փորձել է իր լուսանկարներում ներկայացնել օր-օրի զարգացող ու բարգավաճող երկրի առօրյան: Մասնագիտությամբ ճարտարապետ Նորայր Շահինյանը, լուսանկարիչ հորից ժառանգելով լույս ու ստվերի գաղտնիքները, կարճ ժամանակահատվածում ճանաչում ու համբավ է ձեռք բերում: Վկան այն երկու պետական կարեւոր մրցանակներն են, որոնք շնորհել են նրան Սան Պաուլուի իշխանությունները: Դա Իպե ծառի լուսանկարն է (ծառ, որը մեկ օր է ծաղկում տարվա մեջ)ՙ ծաղկած վիճակում, իսկ մյուսըՙ ճարտարապետության մասին գրքի շապիկի ձեւավորման համար:
«Եթե համեմատելու լինեմ իմ փոքր հայրենիքը մեծ Բրազիլիայի հետ, Հայաստանն իր փոքրությամբ շատ հարուստ ճարտարապետություն, բնակչություն, հետաքրքրական դեմքով մարդիկ ունի, շուկանՙ իր մրգով ու հոտով, շատ ու շատ արժեքավոր հնություններ, որոնք իմ ֆոտոխցիկից չեն վրիպել ու դառնալու են Բրազիլիայում իմ անհատական ցուցահանդեսի լավագույն լուսանկարները, ասում էր Նորայրը: Ես եկա Հայաստանՙ իրագործելու իմ վաղեմի նպատակը: Կիսատ գործերս ավարտեմ, պիտի հաստատվեմ մայր հայրենիքում»: Երիտասարդ շնորհալի լուսանկարչի աշխատանքները բարձր գնահատեցին լուսանկարի հայտնի վարպետ Վահան Քոչարը, Արմենպրեսի ֆոտոխրոնիկայի բաժնի վարիչ Ֆելիքս Առուստամյանը, լրագրող-նկարիչ Վանիկ Սանթրյանը եւ շատ ուրիշներ: Ուրախ էր եւ ոգեւորված Նորայրի հայրը, որը շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսը կազմակերպելու համար:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ