«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2004-09-21 | #166, 2004-09-23 | #167, 2004-09-24


ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂԻ ԵՐԱԶԱՆՔԸ

Մեդֆորդի (Մասաչուսեթս, ԱՄՆ) Ֆլետչեր վարժարանի իրավաբանական եւ դիվանագիտական ֆակուլտետի շրջանավարտ Հարութ Սեմերջյանը երազում է ՄԱԿ-ում կամ ամերիկյան կառավարական շրջանակներում աշխատելով նպաստել Հայաստանի զարգացմանը եւ ամերիկա-իրանական հարաբերությունների բարելավմանը: Ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի լրատվության, Հարութը ծնվել է Հայաստանում: 1980-ինՙ երկու տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Մ. Նահանգներ: Մասնագիտացել է հատկապես հակամարտությունների կարգավորման գծով: Գլենդեյլի Արշակ Տիգրանյան վարժարանի շրջանավարտը հետագայում Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանում մագիստրոսի աստիճան է ստացել հայագիտության ոլորտում: Տիրապետում է արեւելահայերենին եւ արեւմտահայերենին, խոսում է թուրքերեն: Ծնողները Մեծ եղեռնի օրերին Կիլիկիայից անցել են Հունաստան, որտեղից էլ 1940-ական թվերին ներգաղթել Հայաստան: Թաֆթս համալսարանի հովանավորությամբ մայիս-հունիս ամիսներին մի պատվիրակության կազմում երկու շաբաթով այցելել է Իրան եւ հանդիպումներ ունեցել միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ: Դա առաջին միջբուհական այցն է եղել 1979-ից ի վեր, Պերսեպոլիս եւ Շիրազ այցելություններից հետո նրան մեծապես հուզել է ուղեւորությունը դեպի Սպահան, որը հայկական մշակույթի կենտրոն է: 12 եկեղեցիների թվում այնտեղ է գտնվում նաեւ Ս. Ամենափրկիչ վանքը, որն այժմ թանգարանի է վերածված: «Այն հրաշալի ինտերիեր ունի եւ մահմեդական ու քրիստոնեական ճարտարապետությունների խառնուրդ է հիշեցնում», ասում է նա:

Պատվիրակության վերադարձից հետո Սեմերջյանը երկու օր եւս մնում է Իրանում եւ այցելում Նախիջեւան եւ մասնավորապես Սբ. Ստեփանոս տաճար, որն իրանա-թուրքական սահմանում է գտնվում: «Թուրքական կողմում կարելի է տեսնել քայքայված գերեզմաններ, մինչդեռ իրանական մասում նկատելի էր վերակառուցումը, որը հարգանքի նշան է հանդեպ քրիստոնեության»:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4