«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2004-09-21 | #166, 2004-09-23 | #167, 2004-09-24


ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԵՂԵՎՆԻՆԵՐԸ ԶԱՐԴԱՐՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ

Լուսանկարում պատկերված պարսպի հետեւի եղեւնիները տնկվել են խորհրդային տարիներինՙ Հայրենական մեծ պատերազմում զոհված պտղնեցիների հիշատակին:

Այժմ ծառերը ոչինչ չեն խորհրդանշում եւ զարդարում են արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Անատոլի Ավագյանիՙ Պտղնիում գտվող ամառանոցը:

Պտղնին Երեւանից 2 կմ հեռավորությամբ գտնվող գյուղ է, որտեղ հիմնականում կառուցված են ամառանոցներ: Պտղնիիՙ հայրենական պատերազմում 41 զոհվածների հիշատակը հավերժացնում է միայն երկար տարիների ընթացքում արեւից ու անձրեւներից վնասված հուշարձանը, որը շրջապատում են աղբակույտերը եւ դրանց մեջ վխտացող առնետները: Հուշարձանի տարածքում շրջելիս պտղնեցի 75-ամյա Իլյա Պողոսյանը մեզ պատմեց, որ պատերազմից հետո գյուղի յուրաքանչյուր զոհվածի հիշատակին համագյուղացիները մեկական եղեւնի են տնկել: Զոհվածների թվում էր նաեւ Իլյայի ավագ եղբայրը, որի անունով տնկված եղեւնին, ինչպես եւ մնացածները, այժմ «Տոլիկի» (նկատի ունի Անատոլի Ավագյանին- Լ. Բ.) առանձնատունն են զարդարում: Պտղնեցիները պատմում են, որ գյուղապետ Առաքել Վիրաբյանի «դաբրոյով» ժամանակին «Տոլիկը եղեւնիների հետ հուշարձանի ողջ տարածքն է սեփականաշնորհել, եւ զավթած տարածքի մի մասից հրաժարվել է միայն այն ժամանակ, երբ զոհվածների հարազատները գյուղապետի որոշման դեմ ըմբոստացել են»:

Պտղնեցիների բողոքներին ի պատասխան գյուղապետ Ա. Վիրաբյանն ասել է, որ հուշարձանի համար հողահատկացում չկա, հետեւաբար տարածքն անտեր է: Այժմ էլ տարածքն իսկապես անտերության է մատնված, պուրակը չի ոռոգվում, դեպի հուշարձան տանող բետոնե աստիճանները քայքայված են, իսկ շուրջբոլորըՙ չորացած փշեր ու տատասկներ են: Գյուղի հուշատեղիի նկատմամբ ղեկավարության անուշադրությունը, պտղնեցիների համոզմամբ, միայն մի պատճառ ունի. «Միտումնավոր տեր չեն կանգնում եւ անտերության են մատնել, որպեսզի հետագայում այդ վայրն էլ կառուցապատեն»:

Գյուղացիների մեկնաբանությունները միանգամայն տրամաբանական են, քանի որ, դատելով Պտղնիում հուշարձանի տարածքի զբաղեցրած դիրքից, կարելի է ասել, որ վայրը շատ նպատակահարմար է տուն կամ ամառանոց կառուցելու համար: Իլյա Պողոսյանի ներկայացմամբ, հուշարձանի տարածքը միակ հանրային սեփականությունը չէ, որ հարկադիր կատարման ծառայության պետ Անատոլի Ավագյանը գյուղացիներից խլել է. «5-6 տարի առաջ Տոլիկը ինձ խնդրեց թույլ տալ իր ռեստորանի մոտի աղբյուրի ու նրան կից ջրավազանի տարածքը բարեկարգել, ծաղկապատել: Աղբյուրը 1966 թվականին իմ եւ համագյուղացիներիս ուժերով է հիմնադրվել, եւ գյուղի 7-8 ընտանիքի տնամերձ հողամասերն այդ ջրավազանից էին ոռոգվում: Համաձայնեցի: Չանցած մի քանի ամիս, Տոլիկը աղբյուրը փակեց, ակունքը վերացրեց, ջրավազանն էլ թաղեց հողի տակՙ զրկելով մեզ ջրից: Աչքիս առաջ այգիս չորանում է, իսկ գյուղապետը հավատացնում է, որ ամեն ինչ օրենքով է: Էդ ո՞ր օրենքում է գրված, որ հանրային աղբյուրը կարելի է սեփականաշնորհել»: Գյուղի աղբյուրն ու ջրավազանը վերականգնելու պահանջով Ի. Պողոսյանը դիմել է Կոտայքի մարզի դատախազություն: Վերջինս մատնանշել է մարզի առաջին ատյանի դատարանի հասցեն:

Նախկինում Ա. Ավագյանին պատկանող ռեստորանն այժմ նոր սեփականատեր ունի: Ի. Պողոսյանի խոսքերովՙ «Նա չի կարող ոչինչ անել, քանի որ ռեստորանը գնելիս չի իմացել, որ այդ տարածքում աղբյուր կա թաղված»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ, www.hetq.am


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4