«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2004-09-21 | #166, 2004-09-23 | #167, 2004-09-24


ՍԻԴՆԵՅԻՑ ԱՌԱՋ, ԱԹԵՆՔԻՑ ՀԵՏՈ

Հայրենիք եւ պատիվ

Սովորաբար այն մասին, ինչը սեփական աչքերով չեմ տեսելՙ չեմ գրում: Մասնագետների հետ զրուցում եմ մասնագիտական հարցերի շուրջ, քանի որ ինքս սպորտի մասնագետ չեմ եւ ինձ բարոյական իրավունք չեմ տալիս իմ հաղորդումներում եւ հոդվածներում մասնագիտական խորհուրդներ տալ: Ես լրագրող եմ, իսկ լրագրողը պարտավոր է ոչ միայն բարի նպատակներ ունենալ, այլեւ ամեն ինչի մասին որոշակի տեղեկություններ եւ, ինչո՞ւ չէ, նաեւ որոշակի գիտելիքներ: Լրագրությունը դատ ու դատաստան չէ, լրագրողը դատախազ չէ, պարզապես ստեղծում է հասարակական կարծիք: Ահա թե ինչու իմ նախորդ հոդվածում ցավով շեշտեցի, որ հայաստանցի հայերս չենք սիրում մեր Հայրենիքը, չենք հարգում մեր դրոշն ու մեր օրհներգը:

Օգոստոսի 11-ին Աթենքի օլիմպիական ավանում բարձրացվելու էր Հայաստանի Հանրապետության պետական դրոշը որպես 28-րդ օլիմպիական խաղերի մասնակից երկիր: Այդ օրն ընդամենը 30-40 րոպեների ընթացքում պաշտոնապես բարձրացվելու էին նաեւ Ուզբեկստանի, Մոնղոլիայի, Սինգապուրի եւ Ռուսաստանի Դաշնության պետական դրոշները: Ու պետք էր տեսնել, թե ինչպես էր հագնված մեր պատվիրակությունը, թեեւ բոլորն էլ ունեին տոնական զգեստներ հատուկ տոնական միջոցառումների համար, եւ ինչպես էին իրենց պահում մեր ժողովրդի ներկայացուցիչները, թող ներվի ասել, իրենց տափակ կատակներով եւ շարժուձեւով: Ընդհանրապես միշտ էլ հայկական մարզական պատվիրակությունների համազգեստներն ու մարզազգեստները առանձնապես աչքի չեն ընկել իրենց գեղեցկությամբ ու ճաշակով: Այս անգամ պարզապես աչքի ընկան ոչ ժպտուն գույներով, իսկ երբ հարցրեցինք, թե լրագրողները ի՞նչ են հագնելու այդ պատվավոր արարողության ժամանակ, քանի որ մեզանից միայն հեռուստալրագրող Սլավա Սարգսյանն էր ականատես եղել օլիմպիական արարողություններին (Սիդնեյում), եղավ պատասխանը. ինչ ուզում եք: Եվ ոչ ոք չասացՙ այս ի՞նչ ենք անում: Պետք էր տեսնել, թե ինչպիսի տոնական լրջություն կար մեր հարեւան մյուս պատվիրակությունների մոտ: Թե՛ ռուսները, թե՛ մոնղոլները, թե՛ ուզբեկներն ու սինգապուրցիները քաջ գիտակցում էին արարողության իմաստն ու նշանակությունը, եւ իրենց գեղեցիկ վարք ու կարգով հարգեցին սեփական եւ հարեւան երկրների դրոշները: Չէ՞ որ օլիմպիական խաղերը սկսվում են հենց դրոշի բարձրացումից:

Իսկ օլիմպիադայի հանդիսավոր բացման արարողությանը մեր պատվիրակության մասնակցությո՞ւնը: Մի՞թե անհարմար չէր այդպիսի կազմով, այդպիսի քայլքով, այդպիսի շարքով մարզադաշտ մտնելը: Դեռ բավական չէր, որ համազգեստը մոխրագույն էր ու չերեւացող, մեջներն էլ երկու սպիտակ բիծ կար ու չես հասկանումՙ տարբերվելու նպատակը ո՞րն է...

Հավատացեք, անկեղծ եմ ասում, ես այնպիսի ամոթ զգացի, այնքան մեղավոր զգացի, որ դեռեւս 2000-2001 թթ. չցուցադրեցի իմ համեստ ունակությունները եւ քննադատական հոդվածը չգրեցի:

Ինձ բոլորովին չարդարացնելով պետք է ասեմ, որ կար երկու պատճառ, որոնք ինձ հետ կանգնեցրին մտադրությունիցս: Մեկն այն էր, որ սեփական աչքերով չէի տեսել Սիդնեյը (իհարկե, շատ էի ցանկանում), երկրորդՙ ինչ որ տեղ հավատացի Իշխան Զաքարյանինՙ երիտասարդ եւ ճարտարախոս մի պատմաբանի, հույս փայփայելով, որ առաջին հերթին պատմաբանը կարող է քաղել պատմության դասերը եւ նոր խոսք ասել նոր-նոր ծնվող հայկական սպորտում: Պարզվեց, որ պարոն Զաքարյանը ընտրել է երեւի թե իր կարծիքով ամենահեշտ, սակայն իմ կարծիքով ամենասխալ ճանապարհը եւ հենվել էր հայ ժողովրդի համար հատկապես ղարաբաղյան հերոսական պայքարի տարիներին անընդունելի մենապայքարի ուղին սպորտի զարգացման գործում եւ բացարձակապես մոռացել գենոֆոնդի մասին, այն էՙ մեր ժողովրդի համար ամենադաժան ձմեռները (92-93, 93-94 թթ.) տեսած ու ապրած երեխաների առողջության պահպանման մասին: Իսկ ավելի ճիշտՙ առողջության վերականգնման մասին: Շատերն էին տեսնում սխալներն ու բացթողումները: Ավաղ, քչերն էին խոսում դրանց մասին: Իսկ եթե խոսում էին, ապա շատ ցածր ու հաճախ էլ մի տեսակ վախվորած. Իշխան Զաքարյանն ունի հովանավորներ ինչպես ամենաբարձր ատյաններում, այնպես էլ մեծահարուստների շրջանում, աղբյուր, որն արտաքուստ թվում էր սնում է հայկական սպորտը: Բոլորդ էլ գիտեք, թե մեր օրերում աշխատանք կորցնելն ինչ է:

Եվ այսպես, կամաց-կամաց մեծ սպորտ կոչվելու «իրավունքից» զրկվեցին մեր փառք ու պարծանք սպորտային մարմնամարզությունը, ջրացատկը, սեղանի թենիսը, սուսերամարտը, ատլետիկան, էլ չեմ ասում բասկետբոլը, վոլեյբոլը, հանդբոլըՙ կոլեկտիվ մարզաձեւերը, որոնք այնքան սիրելի են երեխաներին եւ իսկապես ապահովում են սպորտի մասսայականացումը: Ասացեք խնդրեմ, մեր հանրակրթական դպրոցներում, բացի բասկետբոլից եւ վոլեյբոլից, ուրիշ ո՞ր մարզաձեւով կարող է երեխան պարապել, որպեսզի դառնա առողջ եւ ուժեղ:

Ես, անկեղծ ասած, շատ եմ զարմանում հանրապետության կրթության եւ գիտության նախարարության անտարբերության վրա: Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունը ինչո՞ւ պետք է խառնվեր կրթության համակարգի գործերին եւ մեկուսացնելով նրան, անցկացներ հանրակրթական դպրոցների մարզական խաղեր, այն էլ մեր օրերի համար խոշոր դրամական պարգեւատրությամբ, այն դեպքում, երբ վերոհիշյալ մարզաձեւերի Հայաստանի չեմպիոնները ստանում էին ընդամենը 1000-ական դրամ, ինչո՞ւ չեն երեւում կրթության եւ գիտության նախարարության ֆիզկուլտուրայի եւ սպորտի գծով տարված աշխատանքները: Չէ՞ որ այս նախարարությունն էլ է կազմակերպում եւ անցկացնում մարզական խաղեր: Ես հասկանում եմ, որ ոչ մասսայականությունն է մասսայականություն, ոչ էլ որակն է որակ: Իսկ ի՞նչ է, հանրապետական սպորտկոմիտեի կազմակերպած մասսայական մրցումնե՞րն են մասսայական, թե՞ սպորտային վարպետությունն է վարպետություն: Ընդհանրապես հանրապետական սպորտկոմիտեի ղեկավարությունը շատ խորամանկ քայլեր է անումՙ դպրոցականների մարզական խաղերի ծրագրում մտցնելով բասկետբոլ եւ վոլեյբոլ մարզաձեւերը, որոնք այսօր բացակայում են դպրոցների ճնշող մասումՙ չջեռուցվող մարզադահլիճների պատճառով (ֆիզկուլտուրայի դասեր անգամ չեն անցկացվում), մարզերի միջեւ մարզական խաղերն անցկացվում են ֆուտբոլից եւ շախմատից, որոնց հանրապետական ֆեդերացիաները վաղուց գործում են անկախ եւ բոլորովին էլ ոչ վատ, եթե ոչ շատ լավ, համեմատելով ծանրամարտի, ըմբշամարտի եւ բռնցքամարտի ֆեդերացիաների հետ: Ուրեմն ինչպե՞ս կարող ենք ասել, որ մենք այսօր սպորտ ունենք:

Արդարության դեմ չմեղանչելով եւ ի պատիվ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի պետք է ասեմ, որ մեր այսօրվա սպորտի վիճակը նա գուշակեց դեռեւս 2002 թ., երբ դեկտեմբերի 30-ին մարզական հերթական խրախճանքի ժամանակ, թեկուզ եւ կատակով, նշելով, որ որքան մեծանում են սպորտի զարգացմանն ուղղված գումարները, այնքան պակասում են մեդալները: Միայն թե զարմանալի է. ինչո՞ւ հետամուտ չեղավ: Չէ՞ որ դեռ ուշ չէր, գոնե կխուսափեինք այս խայտառակ վիճակից:

Այս պահին ես ուզում եմ նաեւ իմ վրդովմունքը հայտնել մի փաստի վերաբերյալ: Հանրապետության նախագահը օլիմպիադայի օրերին ժամանեց Աթենք եւ օլիմպիական ավանում հանդիպում ունեցավ մարզիկների հետ (թող որ ընդամենը 15 րոպե, թող որ բանը բանից արդեն անցել էր, եւ որպես հույս մնացել էր Աշոտ Դանիելյանը): Հայաստանի զանգվածային լրատվական միջոցները ներկայացված էին վեց լրագրողներով, որոնցից երկուսըՙ հանրային հեռուստատեսությունից, մեկըՙ Արմենպրեսից, մեկըՙ «Առավոտ» թերթից, մեկըՙ Հանրապետական սպորտկոմիտեի լրատվական ծառայությունից եւ եսՙ ձեր խոնարհ ծառան, որն ուներ ամենահզոր աղբյուրներից մեկըՙ ռադիոն: Իսկ նախագահի հետ հանդիպմանը, չգիտեմ ո՞ւմ ցանկությամբ կամ որոշմամբ, հրավիրվեցին միայն հանրային հեռուստատեսության ներկայացուցիչները: Հարց է ծագումՙ ինչո՞ւ: Ո՞վ կարող է պատասխանել իմ այս հարցին: Մի փոքր մեղմացնեմ խոսքիս լարվածությունը եւ պատմեմ թվացյալ մի զավեշտ: Մինչեւ հիշյալ հանդիպումը, մեկ անգամ ինձ բախտ վիճակվել էր լինել օլիմպիական ավանում, հասնել մինչեւ մեր պատվիրակության զբաղեցրած շենքի շքամուտքին: Այստեղ, ջրերի եւ հյութերի ավտոմատ-սառնարան սարքեր էին դրված, եւ շենքի բնակիչները օգտվում էին դրանցից հատուկ բանալիով: Ինձ էլ հյուրասիրեցին, շնորհակալ եմ: Երբ մոտեցա ավտոմատ սարքերին, կոշիկներս ուղղակի կպան հատակին. ամբողջ տարածքը քաղցր էր: Ինձ հետաքրքրեց, թե դիմացի շենքո՞ւմ էլ էր այդպես: Այստեղ հանգրվանել էր Լատվիայի պատվիրակությունը: Հատուկ մոտեցել եմ եւ մտել ներս. ոչ քաղցր էր, ոչ էլ նման սարքեր կային, լատիշներն էլ օգտվում էին հայկական պատվիրակության քաղցր հարստությունից: Դուք ի՞նչ եք կարծումՙ լատիշ մարզիկը շիշը վերցնելով հենց տեղում կբացե՞ր եւ կխմե՞ր: Ես տեսա, որ եկան ու տարան: Բայց ոչ ոք տեղում չխմեց: Ի՞նչ եք կարծումՙ օլիմպիական ավանում ամեն առավոտ կամ ամեն երեկո շքամուտքերը չէի՞ն լվացվում, չէի՞ն մաքրվում: Հիմա պարզ չէ՞, թե չսափրված ըմբիշներն ու ծանրորդները, որոնք այդպես էլ մասնակցում էին մրցումներին, հենց տեղում էլ կխմեին: Դա դեռ ոչինչ, նաեւ կթափեին: Սա է վիրավորականը, թեեւ ձեզ ներկայացրեցի իբր զավեշտալի փաստ:

ԼԵՎՈՆ ԱՆԱՆԻԿՅԱՆ

(Շար. 2 եւ վերջը հաջորդիվ)


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4