Եթե այսօր իսկապես ցանկանում ենք վերականգնել Սեւանա լճի էկոհամակարգը, լճի մակարդակի բարձրացման խնդրին համազոր պիտի դիտարկվի նաեւ մաքրման կայանների վերագործարկման հիմնախնդիրը: Սրա մասին այսօր քիչ է խոսվում, սակայն մաքրման կայանները լճի համար պակաս կարեւոր չեն Արփա-Սեւան թունելի կամ Որոտանի հիդրոհանգույցի շահագործումից: Մաքրման կայանները թանկ հաճույք են, եւ պետբյուջեի ներկա հնարավորությունների համար անմատչելի: Այժմ Սեւանի աղտոտման չափերը գոնե նվազեցնելու համար նախատեսվում են միջանկյալ ծրագրեր, որոնք մաքրման կայանների վերագործարկման տարբերակից անհամեմատ քիչ միջոցներ են պահանջում եւ առավել հավանական են: Դրանցից է Սեւանի ջրահավաք ավազաններում լոկալ` տեղային պարզարանների ստեղծումը, որոնց միջոցով Սեւան հասած կեղտաջրերը որոշ չափով արդեն մաքրված կլինեն: Յուրաքանչյուր համայնք ինքն իր տարածքում իրականացնելու է լոկալ մաքրումը:
Բնական պաշարների կառավարման ու չքավորության նվազեցման ծրագրի շրջանակներում 2 մարզերի 100 համայնքների տրամադրվելու է 500 հազար դոլար: Դրամաշնորհային մրցույթում նախապատվությունը կտրվի այն համայնքներին, որոնք ձկնաբուծարանների կամ այլ բիզնես ծրագրերում անպայման կնախատեսեն նաեւ պարզարանների կառուցումը:
Սեւանա լճի ավազանում այսօր չկան արդյունաբերական այնպիսի ձեռնարկություններ, որոնց թափոնները, արտադրական կեղտաջրերի տեսքով ոչ վաղ անցյալում ամենամեծ սպառնալիքն էին լճի համար: Գավառի մսի կոմբինատը, Մարտունու պահածոների գործարանը լճի ջրերի ամենամեծ աղտոտողներն էին: Այնուամենայնիվ, այսօր էլ լճի ճահճացման մշտական վտանգ է ներկայացնում գյուղատնտեսությունը: Քիմիական պարարտանյութեր օգտագործելու գյուղացու անգիտությունը դեպի լիճ նիտրատների ու ֆոսֆատների առատ հոսքի աղբյուր է:
Աղբավայրերի բացակայության հետեւանքով լիճը դարձել է նաեւ կոմունալ-կենցաղային կեղտաջրերի հսկա պահաման: ՀՀ վարչապետի խորհրդական, երկար տարիներ Սեւանի հիմնախնդրի նվիրյալ Վլադիմիր Մովսիսյանն ընդգծում է օղակաձեւ կոլեկտորի շինարարությունը այսօր էլ օրակարգում պահելու անհրաժեշտությունը: Դա ամենից առաջ նշանակելու է Սեւան քաղաքի եւ ափամերձ բոլոր օբյեկտների կոյուղացման խնդրի լուծում: «Պետք է լուծել Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքների, ինչպես նաեւ Ջերմուկի մաքրման կայանների կարգավորման, իսկ հետագայում նաեւ գյուղերի ջրամատակարարման ու կոյուղացման հարցերը: Որովհետեւ եթե գյուղը մշտական ջուր չունի, ուրեմն կոյուղի էլ չի կարող ունենալ», նշում է նա:
Այսօր լճի տարածքում ոչ մի մաքրման կայան չի գործում: Չիրականացավ նաեւ օղակաձեւ կոլեկտորի գաղափարը. այն չգործարկվեց ոչ միայն էներգիայի հսկայական ծախսերի պատճառով: Սեւանի ավազանի բնակավայրերը կոյուղացված չեն եւ կոյուղաջրերի մուտքը կոլեկտոր, բնականաբար, հնարավոր չէր:
Անկախացումից հետո մի քանի անգամ փորձ արվեց վերականգնելու Գավառի մաքրման կայանը, այս առթիվ նույնիսկ կառավարական որոշումներ եղան, սակայն անհասկանալի ընթացքով 2 անգամ էլ կասեցվեց մաքրման կայանի կառուցումը: Հուսանք, որ պարզարանները Գավառի մաքրման կայանի ճակատագրին չեն արժանանա:
Հիշենք, որ Սեւանը քաղցրահամ ջրի շտեմարան է ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Այն Հարավային Կովկասի խմելու ջրի ամենամեծ ջրամբարն է: Ջրի մակարդակի անկման հետեւանքով լճի 53 մլրդ խմ ջրից այսօր մնացել է 33 մլրդ խմ ջուր:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ