Հարգելի խմբագրություն
Ձեր օրաթերթի սեպտեմբերի 23-ի համարում տպագրված «Միջազգային կառույցների հետ լրագրողների գործն այնքան էլ դյուրին չէ» հոդվածում տեղ են գտել հետեւյալ չստուգված եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները. «ՄԱԿ-ի համար նոր ջիպ գնելու նպատակով գրասենյակն արտասահմանից հրավիրել է խորհրդատու, նրան վճարելով մոտ 80 հազար դոլար, այսինքն այնքան գումար, որով կարելի էր եւս մեկ ջիպ գնել»:
Տեղեկացնում ենք, որ ՄԱԿ-ը մեքենաներ գնելիս չի վարձում օտարերկրյա փորձագետներ, իսկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գնած ամենաթանկարժեք մեքենայի գինը 34,000 ԱՄՆ դոլար է: Այդ մեքենայի գնման գործընթացը հսկել է հինգ հոգուց (ներառյալ երկու օտարերկրացի) բաղկացած հանձնաժողովը:
Մեկ այլ չստուգված տեղեկություն. «...Ծաղկաձորում կայացած սեմինարի ժամանակ խոսելիս Էդիկ Բաղդասարյանը շեշտեց, որ դրանց ֆինանսական մասն ամբողջությամբ փակ է, հետեւաբար լրագրողին անհասանելի»:
Այս մեղադրանքը մասնավորապես հնչել է մեր կազմակերպության հասցեին, ուստի տեղեկացնում եմ բոլոր հետաքրքրված անձանց, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի իրականացրած եւ իրականացվող բոլոր ծրագրերի նկարագրությունները եւ բյուջեները տեղադրված են մեր ինտերնետային կայքում (www.undp.am):
ԱՐԱՄԱԶԴ ՂԱԼԱՄՔԱՐՅԱՆ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեղեկատվության գծով պատասխանատու
Խմբագրության կողմից. Հոդվածում նշվածը ոչ թե «Ազգի» թղթակցի, այլ «Հետաքննող լրագրողների ընկերակցության» նախագահ Էդիկ Բաղդասարյանի զեկույցի շարադրանքն է, հետեւաբարՙ նրա ունեցած տեղեկությունը, որը ՄԱԿ-ի ներկայացուցիչը պետք է հերքեր հենց սեմինարի ժամանակ:
Ի դեպ, «դրանց ֆինանսական մասն ամբողջությամբ փակ է» ասելով զեկուցողը նկատի չուներ միայն ՄԱԿ-ին, այլեւՙ իր հետաքննած մի քանի կազմակերպության: