«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2004-09-23 | #167, 2004-09-24 | #168, 2004-09-25


ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՉԲԱՑԱՌԵՑ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանում ծայրահեղականությունը սկսում է արտահայտվել նաեւ նախագահի մեջ

Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրողությունների, դրանց հնարավոր հետեւանքների ու զարգացումների, իր եւ դաշնակցության դիտարկումների մասին լրագրողներին երեկ իրազեկեց Աժ փոխնախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Հանդիպումը կազմակերպել էր Մամուլի ազգային ակումբը:

Արտաքին դաշտում ԼՂՀ հարցի քննարկումների ակտիվացումը, Թերի Դեւիսի, Սթիվեն Մանի ոչ հայանպաստ ձեւակերպումները Վահան Հովհաննիսյանի կարծիքով չպետք է տագնապի առիթ դառնան հայ հասարակության համար, բայց մտահոգվելու առիթ պետք է դառնան, քանի որ հնչում են Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների ուղեկցությամբ: Թերի Դեւիսի նման հայտարարությունների դրդապատճառը, ըստ փոխնախագահի, Բրիտանիայի նավթային շահերն են, որոնք ուղղակի արտացոլվել են նաեւ նրա զեկույցում:

Մտահոգիչ են Ադրբեջանում տիրող հակահայկական տրամադրությունները: Ընդամենը 2 օր առաջ ադրբեջանցիները հրաձգային կրակ են բացել Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհի վրա: «Ավագ Ալիեւի ժամանակ ուժային համակարգի վերահսկողությունը շատ ավելի լուրջ մակարդակի վրա էր, քան հիմա, նրա ջահել հետնորդի ժամանակ: Ադրբեջանում ակտիվացել են էքստրեմիստական տարրերը, եւ այդ էքստրեմիզմը սկսում է արտահայտվել նաեւ նախագահի մեջ... Հիմա շատ ավելի լկտի են, շատ ավելի իրավունք ունեն, որովհետեւ իրենց նախագահից սովորում են, որ այդ ոճը դատապարտելի չէ: Նույնիսկ ՆԱՏՕ-ից ստացած ապտակը չսաստեց ադրբեջանցիներին: Չեմ կարծում, թե պարոն Ալիեւը կարող է հանդգնել ռազմական գործողությունների ուղղակի հրաման տալ, բայց անվերահսկելի մի կայծից կարող է բռնկում լինել»: Իսկ ներկա իրավիճակում մեր դիվանագիտության խնդիրը պիտի լինի ապացուցել, որ մենք, այո, ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Ղարաբաղի հարցը դրա հետ կապ չունի:

ԱԺ փոխնախագահը վիճարկում է Իրաքի կոալիցիոն ուժերի կազմում հայ զինվորների մասնակցության խնդիրը, որ այս օրերին բուռն քննարկումների առարկա է դարձել: Նրա համոզմամբ, այսօր էլ ժամանակավրեպ չեն այն դրդապատճառները, որոնք ի սկզբանե արգելեցին Հայաստանին մասնակցել կոալիցիոն գործողություններին Իրաքում` «Եվրոխորհրդի մեր ավագ գործընկերները այնքան էլ ոգեւորված չեն ամերիկյան քաղաքականությամբ, եւ որպես Եվրոխորհրդի անդամ, մենք նրանց տեսակետը հաշվի չառնել չենք կարող: Եվ մյուս կարեւոր գործոնը հայ սփյուռքի գոյությունն է մուսուլմանական աշխարհում»:

Վահան Հովհաննիսյանը գտնում է, որ նրանք, «ում ցանկալի է Հայաստանի մասնակցությունը հակաահաբեկչական գործողություններին Իրաքում կամ այլուր, պետք է պատրաստ լինեն տրամադրելու նաեւ անվտանգության երաշխիքների: Այս ոլորտում մենք դեռ բանակցելու բան ունենք, եւ մեր խորհրդարանը պետք է ամենայն լրջությամբ անդրադառնա այդ հարցին»:

Անդրադառնալով ներքաղաքական կյանքի «գերեզմանային կայունությանը» (նման բնորոշմանը փոխնախագահը համաձայն չէ) ու կոալիցիայից դաշնակցության հրաժարվելու հավանականությանը, ԱԺ փոխնախագահը չժխտեց վերջինի հնարավորությունը: Դաշնակցությունը կարող է դուրս գալ կոալիցիայից, եթե տեսնեն, որ նրա գործողությունները չեն համապատասխանում քաղաքական զարգացումների իրենց պատկերացումներին: Իսկ արդյոք հիմա դրանք համապատասխանո՞ւմ են իրենց պատկերացումներինՙ Վահան Հովհաննիսյանը դարձյալ ժխտական պատասխան տվեց: Իրենք մնում են կոալիցիայի կազմում, որովհետեւ մինչ այժմ դրա գոյությունը ապահովել է երկրի կայունությունը: Կոալիցիայի հետ իրենց հակասությունները վերաբերում են սահմանադրական, ընտրական օրենսգրքի բարեփոխումներին:

Ինչ վերաբերում է սահմանադրական նորմի փոփոխության միջոցով գործող նախագահին երրորդ անգամ ընտրվելու հնարավորություն տալուն, Վահան Հովհաննիսյանը դեմ է դրան ու համոզված, որ սահմանադրական այդ նորմը չպետք է փոխվի:

Բավական կտրուկ էր նաեւ ընդդիմության ներկա դերակատարության վերաբերյալ նրա գնահատականը` ընդդիմությունը բոյկոտ չի անում, դա կարելի է բնորոշել միայն իբրեւ բացակայություններ, որ սկսում են տարածվել ընդհանրապես ողջ քաղաքական բեմահարթակի վրա:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4