«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2004-09-23 | #167, 2004-09-24 | #168, 2004-09-25


ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԵԿԱՄԸՙ ԲՈՐԻՍ ՇՉԵՐԲԻՆԱՆ

Ռուսաստանի ԶԼՄ-ներում մեր երկրի վերաբերյալ հրապարակվող նյութերում հաճախ է դառնություն հայտնվում այն կապակցությամբ, որ Հայաստանում իրենց երկրի պատմության խորհրդային շրջանը ներկայացնում են գերազանցապես բացասական երանգներով, մռայլ գույներով: Որպես հանրապետության կառավարության նախկին փոխվարչապետ եւ պետպլանի նախագահ կարող եմ ասել, որ կառուցվել էր բարեկեցիկ մի պետություն կայուն տնտեսությամբ, բարձր կենսամակարդակով, հավաք ժողովրդով: Եվ սա մատնել մոռացությա՞ն:

Մի պետության շրջանակում մենք, այսպես ասած, համագործակցում էինք Մոսկվայի հետ եւ կարող եմ հավաստել, որ հանրապետության ղեկավարությունը արժանապատիվ հարաբերություններ ուներ միութենական ղեկավարության հետ: Քաղաքական ու տնտեսական բարձրագույն շրջանակներում կային մարդիկ, որոնք խիստ բարեհաճ էին մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ եւ մեծ ծառայություններ էին մատուցում առաջացող, ամենազանազան խնդիրների լուծման գործում: Նրանցից մեկն էր ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Բորիս Եվդոկիմովիչ Շչերբինան, որի ծննդյան 85-ամյակը լրանում է այս օրերին: Մենք ի սրտե սիրում, հարգում ու պաշտում ենք Նիկոլայ Ռիժկովին: Բայց իրավունք չունենք մոռանալու նրա կողքը կանգնած այն մյուս անձանց, որոնք ի պաշտոնե եւ որպես մարդ մեր ժողովրդի հետ էին նրա կյանքի այն ահավոր տարիներին:

Բորիս Շչերբինան ծնվել է Ուկրաինայում, բանվորի ընտանիքում: Ստանալով ինժեներական կրթություն, նա կուսակցական ու պետական ղեկավար պաշտոններ է գրավել Ուկրաինայում եւ Ռուսաստանում: 1973-1984 թթ. եղել է ԽՍՀՄ նավթի ու գազի արդյունաբերության ձեռնարկությունների շինարարության նախարար, 1986-1989 թթ.ՙ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ: Բարձրակարգ պրոֆեսիոնալ էր ու մասշտաբային կազմակերպիչ էներգետիկայի, արդյունաբերության եւ տրանսպորտի բնագավառում: Նրա անմիջական ղեկավարությամբ խորհրդային երկրում, այդ թվում նաեւ Հայաստանում, կառուցվել են բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, նավթի ու գազի մայրուղիներ, սոցիալ-մշակութային նշանակության համալիրներ եւ այլն: Անշուշտ, նրա գործունեության զարդը Ուրենգոյ-Պոմարի-Ուժգորոդ գազամուղի կառուցումն էր, որի համար նա արժանացավ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: Հազարավոր կիլոմետրերով ձգվելով դժվարամատչելի տեղանքներով, մայրուղին իր մի ճյուղով հասավ նաեւ հայոց երկիր եւ Հրազդանի ՋԷԿ-ն ապահովեց կենարար հումքով:

Շչերբինան ջերմ կապերի մեջ էր մեր հանրապետության, մեր ժողովրդի հետ: Եվ դա ակունք էր առնում նախ եւ առաջ հայ շինարարների հետ նրա բազմամյա ակտիվ համագործակցությունից: Գնահատելով վերջիններիս միտքն ու ձեռքը, Շչերբինան նրանց լայնորեն ներգրավում էր երկրի խոշորագույն կառույցների շինարարության մեջՙ լիներ դա նավթամուղ թե գազատար, գործարան թե բնակելի շենք: Ընդ որում, ոչ միայն Խորհրդային Միությունում, այլեւ արտասահմանում: Այդ շինկազմակերպությունները միշտ նրա ուշադրության կենտրոնում էին եւ նրա շնորհիվ անընդհատ մեծանում ու զարգանում էին: Անվանի շատ հայ շինարարներՙ խոշորագույն միավորումների ղեկավարներ Սենիկ Գեւորգյանը, Սպարտակ Ղազարյանը, Մառլեն Գեւորգյանը, Հայկ Համբարյանը, Գագիկ Մարտիրոսյանը երկար տարիներ աշխատելով Շչերբինայի հովանու ներքո, էապես նրան են պարտական իրենց պրոֆեսիոնալ ու պաշտոնական հաջողությունների համար:

Անուրանալի է Շչերբինայի ավանդը Հայաստանի ատոմակայանի անվտանգության բարձրացման աշխատանքների կազմակերպման մեջ: Տակավին Չեռնոբիլի ողբերգական իրադարձություններից առաջ ԽՍՀՄ պետատոմհսկողությունը մեր ղեկավարության պահանջով հետազոտեց կայանի աշխատանքը եւ հայտնաբերեց ոչ քիչ շեղումներ անվտանգության հաստատված կանոններից: Մտահոգությունը մեծ էր, եւ մենք առաջարկություններով դիմեցինք ԽՍՀՄ կառավարությանը: Այդ կապակցությամբ, Չեռնոբիլի վթարից բառացիորեն երկու օր առաջ, խորհրդակցություն տեղի ունեցավ Կրեմլում, որն անցկացրեց Բորիս Շչերբինան: Միջոցառմանը մասնակցում էին նախարարներ, կոնստրուկտորներ, գիտնականներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Ուժեղ ընդդիմություն կար, որովհետեւ խնդիրը կապված էր մեծ ռեսուրսների ներգրավման հետ: Եվ այստեղ վճռականը եղավ Շչերբինայի սկզբունքային դիրքորոշումը: Իր ամփոփիչ խոսքում նա անառարկելիորեն հայտարարեցՙ պետք է անհրաժեշտ ամեն ինչ անել, անվտանգությունն ամենագլխավորն է: Հանրապետությունը ճիշտ է դնում այդ հարցը:

Ընդունված որոշման շնորհիվ իրականացվեցին մի շարք լուրջ, այդ թվում նաեւ հսկայական ծախսեր պահանջող աշխատանքներ, եւ 1986-1987 թթ. ձմռանը Հայաստանի ԱԷԿ-ը սկսեց գործել անվտանգության էապես նորացված համակարգով:

Իրոք մեծ էր այդ գործում Շչերբինայի ծառայությունը, հաստատում է Ատոմային էլեկտրակայանների շահագործման համառուսաստանյան (նախկին միութենական) ինստիտուտի գլխավոր տնօրեն, ՌԴ ԳԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Արմեն Աբաղյանը: Դրա լավագույն ապացույցն էր այն հանգամանքը, որ Մեծամորի կայանը դիմացավ երկրաշարժին եւ շարունակեց անխափան աշխատել: Ի դեպ, մենք միասին եկանք Չեռնոբիլ վթարի հենց առաջին օրերին: Անհրաժեշտ էր հանպատրաստից ընդունել բարդ որոշումներ, եւ Բորիս Եվդոկիմովիչը համարձակորեն ստանձնում էր պատասխանատվությունը: Նա այնտեղ ուժեղ ռադիացիայի ենթարկվեց, որն էլ հետագայում ճակատագրական դարձավ:

1988 թ. դեկտեմբերին Շչերբինան եկավ Երեւանՙ ազգամիջյան լարված հարաբերությունների, Ադրբեջանի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակման հարցերի կարգավորման կապակցությամբ: Եվ հենց այդ օրերին տեղի ունեցավ ամեհի տարերային աղետը: Փոխվարչապետը չվերադարձավ Մոսկվա, մնաց Հայաստանում եւ անմիջապես ձեռնամուխ եղավ երկրաշարժի ծանր հետեւանքների վերացմանը: Նրա հատուկ հոգածության առարկան դարձավ Լենինականը, որտեղ էլ կիրառվեց շինարարի, կազմակերպչի, պետական գործչի հսկայական փորձը քաղաքի կենսագործունեության բազում օբյեկտները վերականգնելիս: Ընդսմին, նա արդեն խիստ վատառողջ էր. Չեռնոբիլը դաժանորեն քայքայում էր նրա օրգանիզմը:

Շչերբինայի անունով Ռուսաստանում կոչվել են փողոցներ, հրապարակներ, ինստիտուտներ, նավ եւ այլն: Իսկ Հայաստանում նրա հիշատակը հավերժացնելու առաջին քայլն անում է «Զակնեֆտեգազստրոյ-Պրոմեթեյ» ռուսաստանյան ընկերության կոլեկտիվը: Գյումրիում Բորիս Շչերբինայի անունով կկոչվի քաղաքի բարեկարգված փողոցներից մեկը եւ կբացվի նրա կիսանդրին: Հովանավորն է հիշյալ ընկերության կոլեկտիվը: Իսկ ինչո՞ւ հենց նա: 1958 թ. Հայկական ԽՍՀ Ախտա ավանում ստեղծվեց փոքր մի շինկազմակերպություն: Իսկ այսօր դրա ժառանգորդը, ո՜վ կմտածեր, «Զակնեֆտեգազստրոյ-Պրոմեթեյ» ընկերությունն է, որը խոշորագույններից մեկն է Ռուսաստանի Դաշնությունում մայրուղային նավթագազատարների ու ինժեներային կոմունիկացիաների շինարարության ասպարեզում: Կոլեկտիվի կարծիքով, իրենց հաջողությունների համար մեծապես պարտական են Բորիս Եվդոկիմովիչ Շչերբինային, որն առավելագույնս օգնել ու աջակցել է դրա կազմավորմանը, զարգացմանն ու բարգավաճմանը: Ու գլխավորըՙ նրանք միասին են գործել նաեւ աղետի գոտում: Եվ կանգնեցնելով հուշարձանը, հույս է հայտնվել, որ հատկապես գյումրեցիները չեն մոռանա այն ազնիվ մարդու հիշատակը, որն ամեն ինչ արել է քաղաքի վերակենդանացման համար:

ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏՉՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4