«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2004-09-23 | #167, 2004-09-24 | #168, 2004-09-25


ՍԻԴՆԵՅԻՑ ԱՌԱՋ, ԱԹԵՆՔԻՑ ՀԵՏՈ

Տաղանդներ ունենք, ճանապարհն է սխալ

Դեռեւս օլիմպիադայից առաջ ՀԱՕԿ-ի նախագահ պարոն Զաքարյանը Աթենք մեկնող լրագրողներին խնդրել էր մրցումներից առաջ մարզիկների հետ չշփվել եւ չզրուցել, ինչը սրբորեն կատարեցինք: Լողորդուհի Վարդուհի Ավետիսյանն արդեն ավարտել էր իր ելույթը եւ հանգիստ կարող էի խոսել նրա հետ: Մեր մարզուհու արդյունքը, բոլորդ էլ գիտեք, գոհացուցիչ չէր, շատ հեռու էր իր անձնական ռեկորդից, որն, ի դեպ, միեւնույն ժամանակ հանրապետական ռեկորդ է: Հարցնում եմՙ հնարավոր չէ՞ր գոնե մոտենայիր քո ռեկորդային ցուցանիշին: Վարդուհին ասաց, որՙ ո՛չ, որովհետեւ 25 մետր լողալուց հետո թեւերն արդեն թուլացել էին, քանի որ երկար ժամանակ 50 մետրանոց լողավազանում չէր մարզվել: Հարցնում եմՙ ե՞րբ իմացար, որ դու ես մասնակցելու օլիմպիական խաղերին, Վարդուհին պատասխանեց. «Մի ամիս առաջ ասացին, որից հետո պետք է Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք կազմակերպվեր տեղի 50 մետրանոց լողավազանում մարզվելու համար: Մի քանի օր անց բայց եւ այնպես իմացա, որ Աթենք չեմ մեկնելու եւ հավաքն էլ Ծաղկաձորում չկայացավ: Մեր մեկնումից միայն մի քանի օր առաջ կրկին ինձ ասացին, որ մասնակցելու ես օլիմպիադային»: Աթենքից վերադառնալուց հետո ես հետաքրքրվեցի, թե արդյոք մարզիչը տեղյա՞կ է այս ամենին: Պարզվեց, որ նույնիսկ մարզչին ժամանակին չեն ասել:

Հանրապետական սպորտկոմիտեի նախագահի առաջին տեղակալ Միքայել Իսպիրյանը երիտասարդ լրագրողների երեսին մամլո հայտնի ասուլիսում, թող ներվի ասել, թոզ փչեց, թե հանրապետական սպորտկոմիտեն ընդամենը մեկ տարի է, ինչ ստեղծվել է եւ ժամանակը բավարար չի եղել օլիմպիադային լավագույնս պատրաստվելու համար: Բայց չէ՞ որ պարոն Իսպիրյանը քաջ գիտե, որ օլիմպիական խաղերի նախապատրաստության համար առաջին հերթին պատասխանատու է Ազգային օլիմպիական կոմիտեն, որը պարտավոր էր առնվազն երկու տարի առաջ սկսել նախապատրաստությունը, թեեւ նախապատրաստական փուլը համարվում է չորս տարին, իսկ հանրապետական սպորտկոմիտեն (նախկինում վարչություն) պատասխանատու է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման համար, այդ իսկ պատճառով կոչվում է «Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտե» (նախկինում վարչություն) եւ երբեք այդ վարչությունը մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության հավելված ու կցորդ չի եղել, չէ՞ որ սպորտի գծով փոխնախարարը եղել է ինքըՙ Իշխան Զաքարյանը:

Թող այն տպավորությունը չստացվի, թե քննադատության բոլոր սլաքները ուղղում եմ դեպի պարոն Զաքարյանը: Քավ լիցի, նա անձամբ ինձ ոչ մի վատություն չի արել: Պարզապես ես ցանկանում եմ ներկայացնել ամբողջ պատկերը: Ահավասիկ խնդրեմ, Արմեն Գրիգորյան, սուսերամարտի Եվրոպայի երիտասարդների նախկին չեմպիոն, ներկայումս հանրապետական սպորտկոմիտեի նախագահի տեղակալ, ՀԱՕԿ-ի պատասխանատու քարտուղար, սուսերամարտի հանրապետական ֆեդերացիայի նախագահ. «Այսօր սուսերամարտ մարզաձեւը Հայաստանում հոգեվարքի մեջ է եւ եթե չլինի Իրանի Իսլամական Հանրապետության ֆեդերացիան, մեր սուսերամարտը կմեռնի»: Հարություն Յավրյան, հանրապետական սպորտկոմիտեի նախագահի տեղակալ, ՀԱՕԿ-ի գործադիր տնօրեն, նախկինում ջրագնդորդ, այսօր ջրագնդակի հանրապետական ֆեդերացիայի նախագահ. «Ահա արդեն քանի տարի ոչ լողավազան ունենք, ոչ էլ ջրագնդակ, իսկ երիտասարդական պալատի փոքրիկ լողավազանում անցկացված վերջին մրցումների ժամանակ դարպասապահները հատակին կանգնած էին խաղում»: Բագրատ Բուռնազյան, սեղանի թենիսի Եվրոպայի երիտասարդների նախկին չեմպիոն, ներկայումս հանրապետական սպորտկոմիտեի վարչության պետ, սեղանի թենիսի հանրապետական ֆեդերացիայի ոչ վաղ անցյալում փոխնախագահ, այսօր գործկոմի անդամ. «Սեղանի թենիս չունենք»: Ինչո՞ւ չունենք, կամ այլեւս ի՞նչ ունենք: Պատասխանը կարող են տալ իրենքՙ ֆեդերացիաների նախագահները, եթե ազնվորեն ասեն, թե իրենց ղեկավարած ֆեդերացիաների բյուջեն որքա՞ն է, կամ ընդհանրապես բյուջե ունե՞ն, թե՞ չունեն, պետական հովանավորություն կա՞, թե՞ չկա, իրենց ունեցածը համեմատելի՞ է ծանրամարտի, ըմբշամարտի եւ բռնցքամարտի վրա ծախսած գումարների հետ: Ասեն նաեւ, թե մյուս ֆեդերացիաներն ի՞նչ ունեն, թե՞ պարզապես մուրացկանություն են անում եւ սպասում են, թե ով քանի լումա կշպրտի: Թող պարոն Ալբերտ Ազարյանն էլ, երկու օլիմպիադաների չեմպիոնը, մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը, Աթենքի օլիմպիադայում հայկական պատվիրակության մեջ միակ մարդը, որը հանդիսավոր բացման արարողության ժամանակ ասես իր մեջ ամփոփել էր հայ ժողովրդի ամբողջ պատվախնդրությունը եւ մեր շարասյան առջեւից խրոխտ քայլում էր ամենասուրբ մասունքըՙ մեր եռագույնը ձեռքին, չտեսնելով, թե ինչպես են քայլում մյուսներն իր հետեւից, ասես զբոսանքի էին ելել, ասի, թե Հայաստանի մարմնամարզիկներն առ այսօր ինչպիսի՞ գործիքների վրա են մարզվում: Թող Հայաստանի գիտական աստիճաններ շնորհող հանձնաժողովը ներկայացնի, թե վերջին յոթ տարիներին սպորտի եւ ֆիզկուլտուրայի գծով ովքե՞ր եւ ի՞նչ թեմաներով են գրել (եթե իրենք են գրել) եւ պաշտպանել իրենց գիտական թեզերը եւ ո՞ւր է այն գիտությունը, որն օգնելու է մեր օլիմպիականներին բարձրանալու Օլիմպոսի գագաթը (ես մեր երիտասարդ լրագրողներին թեմա եմ տալիս): Այնպես որ, պարոնայք, եթե սպորտը մնար մշակույթին ընկեր կամ եթե միանար տուրիզմի նախարարությանը, ոչինչ չէր փոխվելու:

Վերջին մամլո ասուլիսում պարոն Զաքարյանը գանգատվեց, թե մինչ օրս չունենք սպորտային բժշկություն եւ սպորտային բժիշկներ: Իսկ ո՞վ ասաց, որ չենք ունեցել: Այդ ե՞րբ եւ ո՞ւմ օրոք ֆիզկուլտուրայի եւ սպորտի հանրահայտ դիսպանսերը Պուշկինի փողոցի վրա տեղահան արվեց, դռնեդուռ ընկավ, կրճատվեց ու սեղմվեց: Ես շատ լավ հիշում եմ, որ բոլոր սպարտակիադաներինՙ թե դպրոցականների, եւ թե Խորհրդային Միության ժողովուրդների, նախապատրաստվող հավաքականները պարտադիր եւ պարբերաբար ենթարկվում էին բժշկական զննման ու քննության, բոլոր մարզական միջոցառումներին բժիշկները պարտադիր ներկա էին, առանց դիսպանսերի բժիշկների թույլտվության ոչ մի մարզիկ իրավունք չուներ մասնակցելու մրցումներին: Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը ուներ եւ այսօր էլ ունի հավաքականներին սպասարկող պրոբլեմային լաբորատորիա, որը պարբերաբար ինֆորմացիա էր տալիս այս կամ այն մարզիկի առողջական եւ ֆիզիկական վիճակի մասին: Նույն ինստիտուտը ունի բազմաթիվ ամբիոններ, այդ թվումՙ սպորտային բժշկության ամբիոն: Ուսումնական հաստատությունների ամբիոնները ուսումնական գործընթացին մասնակցելուց զատ, նաեւ զբաղվում են գիտությամբ: Եթե ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի սպորտային բժշկության ամբիոնն այսօր գործում է, ուրեմն ինչ-որ մակարդակ ունի: Եթե մակարդակ ունի, ապա ինչո՞ւ չօգտվել դրանից: Վերջապես ինչպե՞ս կարելի էր օլիմպիադայի օրերին հայկական պատվիրակության համար բժշկական լաբորատորիա բացել, եթե կար ընդամենը մեկ բժիշկ եւ մեկ մերսող, իսկ բժշկի կաբինետն էլ այնքան հեռու էր, որ ավտոբուսով պետք է գնայինք: Համենայն դեպս ինձ այդպես ասաց մեր պատվիրակության բժիշկը: Այնպես որ, օլիմպիական ավանում մենքՙ լրագրողներս, չտեսանք, թե մարզիկները բացի սնվելուց եւ քնելուց ինչո՞վ էին զբաղվում, ինչպիսի՞ն էր նրանց առօրյան, ապրելու նրանց պայմանները: Պարզապես մեզ ոչ ոք չհրավիրեց, ոչ ոք չառաջարկեց տեսնել ու ծանոթանալ նրանց կենցաղին: Ավելին, մեկիկ-մեկիկ ինչ-որ պատրվակով, ցրվեցին եւ երկու լրագրող եւ մեկ լուսանկարիչ մնացինք շվար ու մոլոր, եւ Նորվեգիայից եկած լուսանկարիչ, մեր գործընկեր Ջիմի Վարդեվառյանն ասացՙ գնանք, նորվեգացիներին փնտրենք:

Կարծում եմ բավական է եւ ժամանակն է հետեւություն անել: Իմ կարծիքով, Հայաստանում սպորտի զարգացման քաղաքականությունը սխալ ճանապարհով է տարվում: Ակնհայտ երեւում է, որ անգամ հենակետային մարզաձեւերը չկան, այլ կան հենակետային հավաքականներ չորս մարզաձեւերիցՙ ծանրամարտ, հունահռոմեական եւ ազատ ըմբշամարտ, բռնցքամարտ: Ներքեւում ոչինչ չի արվում, նույն մարզումային անմխիթար վիճակը, նույն ցուրտ մարզասրահները տարվա վեց ամիսների ընթացքում, միջազգային փորձամրցումների բացարձակ բացակայություն, մյուս մարզաձեւերից հանրապետական առաջնությունների հետաձգում կամ օրացուցային պլանից հանում, նույն անորակ աշխատանքը հիմնականում մարզիչների ցածր աշխատավարձի պատճառով:

Ներքեւում ոչինչ չկա: Կորցրել ենք ամեն ինչ, եւ Աթենքի օլիմպիադան ցույց տվեց, որ հայկական սպորտը ծնունդ չառած արդեն հոգեվարքի մեջ է: Եվ այնքան ժամանակ կմնա, մինչեւ հանրապետական դպրոցներում եւ ուսումնական մյուս հաստատություններում, ինչպես պահանջում է Հայաստանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի մասին օրենքը, ֆիզդաստիարակության դասերը չանցկացվեն կամ մարզական խմբերը չգործեն ուսումնառության բոլոր տարիներին: Ընդհանրապես իմ երիտասարդ գործընկերներըՙ լրագրողները, նույնպես մոլորության մեջ են եւ ճիշտ աշխատանք պահանջելու փոխարեն հայկական սպորտի ղեկավարներից օլիմպիական մեդալ են պահանջում: Եթե Աստված տար, եւ Աշոտ Դանիելյանը դառնար օլիմպիադայի բացարձակ չեմպիոն, դա արդյոք կնշանակե՞ր, որ մենք սպորտ ունենք եւ մեզանում ամեն ինչ լավ է: Բնավ ոչ: Ո՞վ ասաց, որ Հայաստան երկիրը օլիմպիական մեդալ չնվաճած մյուս 126 երկրներից լավն է մարզական առումով, բարվոք պայմաններում է սոցիալ-տնտեսական զարգացման առումով: Մենք պետք է լրջորեն ուսումնասիրենք եւ գտնենք պատճառները, թե ինչպե՞ս եղավ, որ 1992 թ. Հայաստանի մարզիկները նվաճեցին երեք ոսկե եւ մեկ արծաթե մեդալ, 1996 թ.ՙ մեկ ոսկե եւ մեկ արծաթե, իսկ 2000 թ.ՙ մեկ բրոնզե մեդալ միայն եւ, վերջապես, 2004 թ.ՙ ձեռնունայն վերադարձան օլիմպիադայից: Այդ ինչպե՞ս եղավ, որ հարեւան երկրների մարզիկները ոչ 92-ին Բարսելոնում, եւ ոչ էլ 96-ին Ատլանտայում ոչնչով աչքի չընկան, հանկարծ Սիդնեյում եւ Աթենքում սկսեցին լուրջ պայքար մղել մեդալների համար:

Իսկ որ հայ մարզիկների մեջ տաղանդավորները շատ են, ցույց տվեցին հենց Սիդնեյի եւ Աթենքի օլիմպիադաները, քանի որ անգամ Հայաստանից արտագաղթած մարզիկները երկու օլիմպիադաներում էլ մեդալներ շահեցին, եւ ոչ քիչ: Հետեւությունը թողնում եմ ընթերցողներին:

ԼԵՎՈՆ ԱՆԱՆԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4