«Շանթ» հեռուստաընկերությունը տասը տարեկան է
Երեկ լրացավ «Շանթ» հեռուստաընկերության տասը տարին: 1994 թվականին Գյումրիում ստեղծված հեռուստաընկերությունը ամենօրյա լրատվություն էր հաղորդում աղետի գոտու բնակիչներին: Այսօր արդեն հեռուստաընկերությունն ունի շուրջօրյա եթեր, բազմաբնույթ հաղորդումներ: «Ամենատարբեր սոցիոլոգիական հարցումներից երեւում է, որ հեռուստաշուկայում «Շանթն» առաջին եռյակում կամ քառյակում է, ասաց հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Արթուր Կիրակոսյանը: Շարունակելու ենք նույն քաղաքականությունըՙ ավելացնելով մեր լսարանը»: Այսօր հեռուստաընկերությունում տեխնիկական վերազինում է: Պրն Կիրակոսյանը գտնում է, որ հեռուստաընկերությունը մի քիչ կաղում է մանկական հաղորդումների գծով, սակայն հավաստիացնում է, որ շուտով այս հարցն էլ կլուծվի:
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, մաղթեց, որ հեռուստաընկերությունը միշտ պահի իր Գյումրվա կոլորիտը: «Շանթը» դուրս եկավ իր մանկության հասակից, երբ ամեն ինչ ներելի եւ սիրելի էր, ասաց նաՙ հիշելով իր «եթերային» ոստիկանի դերը, կցանկանայի, որ դեռահասության շատ վտանգավոր տարիքում չանի այն սխալները, որ բնորոշ են դեռահասներին եւ արագ անցնի հասունության շրջան»:
Շնորհավորում եւ զարգացման նոր բարձունքներ ենք մաղթում «Շանթին»:
Թ. Մ.