Ռուսաստանի հայերի միությունը սեպտեմբերի 26-ին անցկացրել է ակցիա, որը նշանակալից է Ռուսաստանի եւ Աբխազիայի հայ համայնքների համար:
Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի մարզային բաժանմունքի Ադլերում տեղի ունեցած վարչության նիստում քննարկվել են երկու հիմնական հարցեր, որոնցից մեկն առնչվել է Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի մարզային բաժանմունքի եւ «Աբխազիայի հայ համայնքի» համագործակցության պայմանագրի կնքմանը, մյուսըՙ Աբխազիայի դպրոցներին հատկացված մարդասիրական օգնությանը: Նիստին ներկա են եղել Կրասնոդարի մարզում Հայաստանի նոր հյուպատոս Վարդան Ասոյանը, «Աբխազիայի հայ համայնքի» պատվիրակությունը, այլ հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: 2004 թվականի ապրիլի 15-ին ստեղծված «Աբխազիայի հայ համայնքի» կազմում ընդգրկվել են «Կռունկ», «Մաշտոց» եւ «Հայկական մշակութային կենտրոն» կազմակերպությունները:
Կուբանի եւ Աբխազիայի հայկական կազմակերպությունները երկար ժամանակ ձգտում էին համագործակցություն հաստատել: Դեռ անցած տարվա սկզբին Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի մարզային բաժանմունքի կանանց ակումբի նախագահ Վարվառա Մակարյանը հանդես եկավ «Աբխազիայի հայ համայնքը» բաժանմունքին միավորելու առաջարկով: Հարցը քննարկելու նպատակով Կրասնոդարում ստեղծվեց աշխատանքային խումբ, որը սեպտեմբերի առաջին կեսին մեկնեց Աբխազիաՙ իրավիճակին մոտիկից ծանոթանալու եւ հայկական գյուղեր ու դպրոցներ այցելելու: Իրավասու մարմինների հետ հանդիպումներից ու խորհրդակցություններից հետո խումբը եկավ այն եզրակացության, որ իրավաբանորեն «Աբխազիայի հայ համայնքը» հնարավոր չէ ընդգրկել Ռուսաստանի կազմակերպության կազմում: Դրա համար անհրաժեշտ էր պատրաստել համապատասխան փաստաթղթեր, որոնցով կողմերը պետք է ստանձնեին մարդասիրական օգնություն ցուցաբերելու, մշակութային, կրթական միջոցառումներ ու ծրագրեր անցկացնելու պարտավորություններ: Դրանք վերջնական տեսքի բերելուց հետո միայն սեպտեմբերի 26-ին ստորագրվեց համաձայնագիր Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի բաժանմունքի նախագահ Նաիրի Հովհաննիսյանի եւ «Աբխազիայի հայ համայնքի» համանախագահ, Գերագույն խորհրդի պատգամավոր, Աբխազիայի հերոս Գալուստ Տրապիզոնյանի միջեւ:
Իմանալով Աբխազիայի իրավիճակի մասին, Ռուսաստանի հայերի միության անդամները Ադլեր ժամանեցին իրենց հետ բերելով մարդասիրական մեծ օգնություն, որն ուղարկվեց Աբխազիայի կրթական հաստատություններին: Այդ գործին նվիրումով մասնակցողների թվում էր նաեւ Կրասնոդարի քաղաքային բաժանմունքը, որի նախագահը Ռազմիկ Գեւորգյանն է:
Մարդասիրական օգնության կազմակերպիչները քանիցս նշել են, որ դա որեւէ առնչություն չունի Աբխազիայում հոկտեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ: Այնուամենայնիվ, ներկա պահին Աբխազիայի էթնիկ բոլոր խմբերի հույսերն անմիջականորեն կապված են այդ իրադարձության հետ եւ սուր անհրաժեշտություն է առաջացել համախմբելու հասարակական բոլոր ուժերըՙ երկրում կայունություն եւ խաղաղություն պահպանելու համար:
ՎԻԿՏՈՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ, Կրասնոդար