Այն, ինչ կատարվեց երկու օր առաջ հայ գրողների միություն կոչվածի համագումարում, կարելի է արձանագրել իբրեւ մեր հերթական խայտառակություններից մեկը: 90-ականների համընդհանուր պառակտումների ալիքը, երբ հասարակությունը մասնատվում էր հազար ու մի միությունների, կուսակցությունների, կազմակերպությունների միջեւ, ներառեց նաեւ մտավորականությանը, ստեղծագործական միություններըՙ հեղինակազրկելու միտումով (բայց ասենք, որ ճշմարիտ մտավորականը նման խաղերից ու հոսանքներից դուրս է, որով էլ նա պահպանում է իր նկարագիրը) եւ ի թիվս շատերի Հայաստանի գրողների միության ծոցում ստեղծվեց հայ գրողների միությունը: Մեր դասական երկփեղկվածությունները մեզ կարծես թե քիչ են, նորերն ենք փնտրում: Չանդրադառնանք նորաստեղծ այդ միության առաքելություններին եւ նրանց գրող անդամակիցների «ստեղծագործական» վաստակին ու հեղինակությանը եւ ոչ էլ այդ տարիներին ՀԳ միությունում տիրող ներքին մռայլ իրականությանն ու գրողի նկարագրին անհարիր եւ անվայելուչ պահվածքներին ու խժդժություններին: Միայն փաստենք, որ հասարակության համար անընդունելի էր գրողների այդչափ հեղինակազրկումը, որը նաեւ առաջացել էր միության այս նոր թեւի գործունեության հետեւանքով: Բարեբախտաբար, կրքերը հանդարտվեցին, եւ ՀԳ միությունըՙ Հրանտ Մաթեւոսյանի նախագահությունից սկսած շարունակեց հնարավորինս իր ավանդականՙ աշխատանքային, ստեղծագործական բնականոն ընթացքը, անշուշտ, վայրէջք-վերելքներով, բայց սա այլ խնդիր է:
Լեւոն Անանյանի նախագահությամբ գրական կյանքն ակնհայտորեն աշխուժացավՙ գլխավորապես կազմակերպչական առումով: Հատկապես Հայաստան-սփյուռք գրական կապերի զարգացմանը նպաստող գրողների երկու համահայկական համաժողովներով եւ գրական հիմնադրամի ստեղծման փաստով, որոնց բարեբեր նշանակությունը եւ ազդեցությունները թե՛ Հայաստանի, թե՛ սփյուռքի գրական շրջանակներում ակնհայտ են: Անշուշտ, զերծ ենք այն մտայնությունից, թե որեւէ համաժողով կարող է գրական որեւէ լուրջ երկի լույս աշխարհ գալուն նպաստել. ստեղծագործական բուն պրոցեսի հետ դրանք կապ չունեն: Սակայն ստեղծվում են գրական այն մթնոլորտն ու հարաբերությունները, սոցիալական այն միջավայրը, որն անհրաժեշտ է գրող, մտավորական մարդուն, սա ինչպես սոցիալական, այնպես էլ գրահրատարակչական բազմաբնույթ հարցերի առումով: Այդ աշխատանքները տարվել են այս ընթացքում եւ դրանք իրողություններ են: Եվ ահա հանկարծ գլուխ է բարձրացնում հայ գրողների վաղուց լռած միությունը, որը մինչ այդ ո՛չ Հայաստան-սփյուռք գրողական կապերի մասին էր մտահոգվում, ո՛չ համաժողովներ կամ գրական հանդիպումներ էր կազմակերպում, ու հիմա համագումարի ամբիոնից պահանջատիրական հարցեր է հնչեցնում այն պահին, երբ Հայաստանի գրողների միության հեղինակությունը բարձրանալ է սկսում:
Այսօր որեւէ սահմանափակում չկա, եւ նման միություններ ու կազմակերպություններ որքան ուզես կարող են բացվել ու փակվել, սակայն ինչո՞ւ այս մեկըՙ Հայաստանի գրողների միության հաշվին, երբ տարածքային պահանջատիրությունից բացի այս միությունն այլ խնդիր չունի: Թե ինչպես են նրանք գրանցում ստացել ժամանակին, սա այլ հարց է, բայց ներկայումս շենքային եւ հարակից տարածքների սեփականության իրավունքը պատկանում է Հայաստանի գրողների միությանը:
Նրանց (Հայ գրողների միության) համար որեւէ արգելակներ չկան միություն ստեղծելու, համագումարներ անելու եւ գրքեր գրելու, ճանապարհները բաց են, սակայն դժվարը ճշմարիտ գրականություն ստեղծելն է, եւ մերօրյա համատարած աղտեղության մեջ իրական արվեստ ստեղծողներն այնքան սակավ ու բացահայտ են: Մնացածը մանրախնդրություն է հանուն տարածքի, փողի, շահի, կեղծիքի...
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ