Թուրքիայի պաշտոնաթող դեսպանի այս խոսքերին բուռն հակազդեցություն է ցուցաբերում թուրք մտավորականը
«Ազգը», նախորդ համարում «Ադրբեջանական կամակորության հերթական դրսեւորումները Կարսում» խորագրով անդրադարձել էր սեպտեմբերի 24–26-ին հրավիրված «Կարսի քաղաքային համագումարին» եւ «Կովկասյան մշակութային տոնահանդեսին»ՙ մասնակցությամբ Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ներկայացուցիչների: Համագումարում Թուրքիայի հայկական սահմանի բացման անհրաժեշտության մասին թուրք բանախոսի ընդգծումը խիստ զայրացրել էր Կարսում Ադրբեջանի հյուպատոս Զեյնալովին: Զայրանալու առումով վերջինին էր միացել Բաքվի կոնսերվատորիայի պրոռեկտոր Օլամովան, թե «եթե շատ են ուզում սահմանների բացումը, թող հրաժարվեն Ղարաբաղի բռնագրավումից»:
Զեյնալովի եւ Օլամովայի սանձարձակություններն էլ ըստ երեւույթին զայրացրել էին «Հաբեր թուրքին», որ սեպտեմբերի 29-ին ինտերնետային էջում ընդվզել էր ադրբեջանական կողմին մեղադրում էր այդ ձեռնարկումներին հակադրվելու մեջ եւ նրան դատապարտում որպես բարի կամքի դրսեւորում Կարսում կազմակերպված համագումարն ու տոնահանդեսն իր կամակորություններին հարմարեցնելու նկրտումների համար:
Ադրբեջանցիները հայատյացության հարուստ փորձ ունեն եւ դրա կիրառման ոչ մի առիթ բաց չեն թողնում: Հետեւաբար «Հաբեր թուրքի» ընդվզումը հազիվ թե զսպի նրանց: Հատկապես այն դեպքում, երբ հայատյացության դրսեւորումներն անսովոր չեն նաեւ թուրքական իրականության համար: Հարկ է սակայն նշել, որ հայատյացությունն, անկախ ակնկալիքներից, ընդամենը հակազդեցություն է առաջ բերում եւ առանձին թուրք հեղինակներ «Հաբեր թուրքի» օրինակով քննադատում են դրա թուրքական դրսեւորումները:
Հատկանշական է, որ երբ առանձին թերթեր այդ դրսեւորումներն են քննադատում, ապա թուրք մտավորականներն էլՙ թերթերին: Սա նշանակում է, որ թուրքական իրականությունում հայատյացության դրսեւորումների քննադատությունը կարեւոր է թուրք հասարակության առողջացման, ինչպես նաեւ թուրքական մամուլում առողջ դատողության արմատավորման առումով, որպեսզի դա ձերբազատի երկրի ազգային փոքրամասնություններին սադրանքի միջոց դարձնելու գայթակղությունից:
Հայատյացության դրսեւորումների պարագայում խնդրո առարկան «Հայրենասերի սեղանի գիրքը» մատենաշարի «Հունական պատրիարքարանը մեր մեջքի դաշյունն է» փոքրածավալ երրորդ աշխատությունն է, իսկ մամուլի քննադատությանՙ «Հյուրիեթը»: Ի դեպ, հույների հետ հայերին էլ դավաճան հռչակող այս գրքի քննադատությունը «Հյուրիեթին» չի ձերբազատում քննադատության ենթարկվելուց:
«Հյուրիեթը» հուլիսի 23-ի համարում գլխավոր խմբագրիՙ Էրթուղրուլ Օսքյոքի ստորագրությամբ անդրադառնալով «Հունական պատրիարքարանը մեր մեջքի դաշյունն է» գրքույկին, հարցնում է. «Եկեք ենթադրություն անենք, ո՞վ կարող է այսպիսի գրքույկ հրատարակել: Արմատական կազմակերպությո՞ւնը, թե՞ ծայրահեղ ազգայնամոլ միությունը: Գուցե մոլեռանդ մի անձնավորությո՞ւն: Չսխալվեք, գրքույկը հրատարակել է Անկարայի առեւտրի պալատը, այսինքնՙ մի կազմակերպություն, որը ներկայացնում է մայրաքաղաքում առեւտրով զբաղվող մարդկանց: Դրա նախաբանն անձամբ գրել է պալատի նախագահ Սինան Այգյունը: Մի՞թե այս երկրում հայրենասիրությունը պետք է փաթեթավորվի այսպիսի անգրագիտությամբ կամ դառնա գաղափարախոսական շարքային դատարկաբանությունների արդյունք: Մարդկանց գրգռող այս սադրիչ մոտեցումը, առավել եւս գրքույկով դրա վերագրումն Անկարայի առեւտրի պալատի բոլոր անդամներին, մեծ սխալ է, նաեւՙ խիստ վտանգավոր»:
Ակամա հարց է ծագում, եթե «Հյուրիեթը», այն էլ գլխավոր խմբագրի ստորագրությամբ, ազգայնամոլության թուրքական դրսեւորումները որակում է «վտանգավոր» եւ դրանք համարում սադրիչ, ապա ինչո՞ւ է մեղադրվում սադրանքի մեջ: Ըստ երեւույթին խնդիրը սոսկ «Հյուրիեթը» չէ, այլ հայատյացության վարակի տարածումը Թուրքիայի պետական, քաղաքական եւ դիվանագիտական շրջանակներում: Թերեւս այդ առումով պատահական չէ Լյութեի հարցազրույցին Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղի ազգայնամոլության դեմ պայքարի հանձնաժողովի անդամ Այշե Գյունայսուի արձագանքը, որը սեպտեմբերի 24-ին ինտերնետային էջում է տեղադրել «ԲԻԱ» լրատվական կենտրոնը:
Արձագանքում Գյունայսուն փաստում է, որ Թուրքիայում մամուլի պատմությունը լի է ամոթալի էջերով, որպես օրինակ նշելով «Հյուրիեթի» օգոստոսի 9-ի համարը, որտեղ նախկին դեսպան Լյութեմը, պատասխանելով թղթակցի հարցերին, ասում է. «Հայերի պես փոքրիկ ժողովուրդները հերոսներ չեն ունենում»:
«Ինչպես ենք որոշելու, շարունակում է Գյունայսուն, թե ո՞ր ժողովուրդն է փոքրիկ, որըՙ մեծ, կամ ժողովրդի մեծությունը «հերոսների» քանակո՞վ ենք չափելու, թե՞ արվեստի, մշակույթի գործիչների քանակով, այսինքնՙ քաղաքակրթության մակարդակով: Ո՞ւմ ենք որպես հերոս համարելուՙ լավ կռվողի՞ն, լավ մարդ սպանողի՞ն, մեծ արվեստագետի՞ն, թե՞ մեծ գիտնականին: Չէ՞ որ քեզ համար հերոսը ինձ համար կարող է մարդասպան լինել: Մի՞թե մեծը սեփական երկրի քաղաքացուն բռնարարքի ենթարկելու համար Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի որոշմամբ դատապարտվող, գործած հանցանքն ընդունող եւ դրա համար տուգանք վճարող վարչակարգի դեմ որեւէ հակազդեցություն չցուցաբերող ազգն է: Եկեք չխճճվենք այսպիսի հարցերով: Պարզապես ասենք, որ այս երկրում, ցավոք, շատերը ի վիճակի են հայերի պես մեծ անհատականություններ ունեցող օրինակելի մի ժողովրդի համար օգտագործել տգիտությունից եւ ազգայնամոլությունից բխող «հերոսներ չունեցող փոքրիկ ժողովուրդ» արտահայտությունը»:
Տկն Այշե Գյունայսուի հակազդեցությունը նախկին դեսպանին ամենեւին չի ենթադրում թուրքական իրականությունում հայատյացության դրսեւորումների վերացումը: Բայց եւ այնպես, այդ հակազդեցությունը զգալի սահմանափակում է հակահայկական ելույթներով թուրք հասարակությանը թունավորելու ազգայնամոլ շրջանակների հնարավորությունները: Այնուամենայնիվ, սա նկատելի տեղաշարժ է: Ի վերջո, պատմական ճշմարտությունների նկատմամբ թուրք ժողովրդի դիրքորոշումը մեծապես պայմանավորված է լինելու նրա հայատյացությունից ձերբազատվելու կարողություններով:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ