«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2004-09-30 | #172, 2004-10-01 | #173, 2004-10-02


ՕԳՈՍՏՈՍԻ 30-ԻՑ ՍԿՍՎԵԼ ԵՆ ԱՏՈՄ ԵՂՈՅԱՆԻ ՆՈՐ ՖԻԼՄԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԸ

«Ինչ-որ մեկը սիրում է քեզ». այսպես պիտի կոչվեր կինոնկարը, բայց Եղոյանը, ի վերջո, նախապատվությունը տվել է «Որտե՞ղ է ճշմարտությունը» վերնագրին:

Գլխավոր դերակատար է ընտրվել «Անտեսանելի մարդը», «24 ժամ», «Խորհրդավոր գետը» եւ բազմաթիվ այլ ժապավեններից հայտնի ամերիկացի Քեւին Բեյքոնը, որին, ամենից հաճախ, երկրորդական կերպարներ են բաժին ընկնում, ասել է, թեՙ հանրահայտ աստղերին ընկերակցողի դերը: Գոյություն ունի նույնիսկ «Քեւին Բեյքոնի վեց աստիճանը» անունով խաղ: Վերջինս հենված է այն պնդման վրա, թե յուրաքանչյուր հոլիվուդյան դերասան առնվազն մի ֆիլմում խաղացել է Բեյքոնի կամ որեւէ մեկի հետ, որը, իր հերթին, նրա խաղընկերն է եղել: Այսպիսով, ստացվում է, որ ամեն մի դերասան խաղի վեց կամ ավելի քիչ քայլերի դեպքում Բեյքոնի հետ կապված է:

Եղոյանի ֆիլմին Քեւին Բեյքոնի մասնակցության փաստը որոշ մեկնաբանների հիմք է տվել եզրակացնելու, թե կանադահայ ռեժիսորը, իջնելով ինտելեկտուալ կինոյի բարձունքներից, այս անգամ որոշել է հնարավորինս մերձենալ ամերիկյան «մեյնսթրիմին»ՙ հանդիսատեսների լայն զանգվածներին հասանելի դառնալու նպատակով:

Բայց Եղոյանից հազիվ թե կարելի է սպասել փոփքորնի սիրահարների համար նախատեսված դյուրամարս պատրաստվածք:

Ինչեւէ, ոմանք էլ Եղոյանի եւ հանրամատչելի կինոյի մերձեցման նույն եզրակացությանն են հանգելՙ պարզելով, որ նա մտադիր է իր ֆիլմը նկարահանել հանդիսասրահում կայուն հաջողության երաշխիք համարվող «նուարի»ՙ «սեւ» ժանրի ավանդույթներով:

Մինչդեռ Եղոյանը 1999-ին արդեն դիմել է «նուարի» կանոններին, էկրանավորելով Ուիլյամ Թրեւորի «Ֆելիսիայի ճամփորդությունը» վեպըՙ անգլիացի դերասան Բոբ Հոսքինսի մասնակցությամբ, որը մարմնավորել է մանկության տարիների բարդույթներից կեղեքվող մոլագար մարդասպանի: Բայց «Ֆելիսիայի ճամփորդությունը» նույնքան դրոշմված է եղոյանական կինոաշխարհի դրոշմով, որքան ռեժիսորի մյուս գործերը, թեեւ այս էկրանացումը Ատոմի այն սակավաթիվ աշխատանքներից է, որոնց գրական հենքը նրա սեփական հորինվածքը չէ:

Ամեն դեպքում, «Որտե՞ղ է ճշմարտությունը» հարցի պատասխանը երեւան կգա միայն ֆիլմի էկրան բարձրանալուն պես:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4