Թուրքիայի անդամակցության շուրջը, բայց...
Ինչպես եւ սպասվում էր, հոկտեմբերի 6-ին Եվրոհանձնաժողովը Եվրոմիության պետությունների ու կառավարությունների ղեկավարներին կառաջարկի Թուրքիայի հետ բանակցություններ սկսել ԵՄ-ին նրա անդամակցության շուրջը: «Ֆիգարո» թերթին հայտնի է դարձել, որ հանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդին իր ներկայացնելիք զեկուցագրում օգտագործում է հետեւյալ ձեւակերպումը. «Թուրքիան բավարար չափով կատարում է Կոպենհագենի քաղաքական չափորոշիչները եւ կարող է անդամակցության բանակցություն սկսել»:
Բանակցությունների կոնկրետ ժամկետները պետք է որոշեն ԵՄ ղեկավարները դեկտեմբերի 17-ի նիստում:
Միաժամանակ Պրոդիի զեկուցագրում արվում է մի վերապահում, որն աննախադեպ է ԵՄ ընդլայնման պատմության մեջ: «Ֆիգարոն» փաստաթղթի այդ մասը մեջբերում է բառացիորեն. «Բանակցության ծավալումը կապ չունի դրա եզրակացության հետ»: Այլ կերպ ասած, բանակցություն կարող է սկսվել, բայց պարտադիր չէ, որ ավարտվի անդամակցությամբ:
Զեկուցագրին կից 8 էջի վրա մանրամասն հանձնարարականներ են տրվում «առանձնահատուկ թեկնածու» Թուրքիայի հետ բանակցելու արվեստի վերաբերյալ: Մասնավորապես նախատեսվում է «առկախման հոդվածի» կիրառություն, ինչը ԵՄ պետությունների ու կառավարությունների ղեկավարներին հնարավորություն կտա հարկ եղած դեպքում ընդհատելու անդամակցության բանակցությունները: «Ամեն պահի, եթե հանձնաժողովը Թուրքիայի բարեփոխումների անցկացումը վտանգված համարի, Եվրոպայի խորհուրդը կարող է առկախել կամ դադարեցնել անդամակցության բանակցությունները», նշվում է փաստաթղթում:
Մինչդեռ անցյալում ԵՄ ընդլայնումը տեղի էր ունենում ասես ինքնաբերաբար, այս անգամ միության երկրներին ընձեռվում է «արգելակելու» իրավունք: Բացի դրանից, ուժեղացվում է Թուրքիայում իրականացվող բարեփոխումների վերահսկողությունը, որոնք կատարված կհամարվեն փուլ առ փուլ: Եվրոհանձնաժողովի ներկայիս ամենամյա ստուգումները կարող են փոխարինվել կիսամյակային ստուգումներով:
Պ. Ք.