Երեկ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին: Իրենց ազգային երգով ու պարով հանդես եկան հրեական, ասորական, բելառուսական, գերմանական, վրացական եւ այլ համայնքների ներկայացուցիչներ:
«Սա շատ կարեւոր միջոցառում է, ասաց ՀՀ ազգությունների խորհրդի համանախագահ, հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը, կարծում եմ, սա ամենակարեւոր դասն է, որը կարելի է տալ մեր երիտասարդներին, որպեսզի նրանք լինեն բարի, հանդուրժող, նկատեն իրենց կողքին բնակվող, իրենց պատմությունն ու մշակույթն ունեցող տարբեր ազգությունների ներկայացուցիչներին»: Տիկին Վարժապետյանն ասաց, որ Հայաստանի բնակչության 2.8 տոկոսը փոքրամասնություններն են կազմում, իրենց բնակության համար պայմանները շատ բարենապաստ են, այստեղ ազգային փոքրամասնությունների հետապնդումներ չկան: «Ղեկավարության հետ մեր հարաբերությունները շատ ջերմ են, ասաց նա, կառավարությունը սկսել է շատ ակտիվ օժանդակել մեր գործունեությանը»: Ռիմա Վարժապետյանը ավելացրեց, որ իրենք, իրենց երեխաները լինելով ՀՀ լիարժեք քաղաքացիներ` անհրաժեշտաբար ուսումնասիրում են հայ ժողովրդի պատմությունը, հայոց լեզուն, սակայն նաեւ նմանօրինակ միջոցառումներով փորձում են պահպանել իրենց ազգային մշակույթը:
Թ. Մ.