«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2004-10-01 | #173, 2004-10-02 | #174, 2004-10-05


ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԵԼ

20 ընտանիքներ լքել են Հայաստանը

Հյուսիսային պողոտայի իրացվող տարածքների 50-60 ընտանիքներ միավորվել եւ նախաձեռնել են հասարակական նոր կազմակերպության` «Հյուսիսային պողոտայի» գրանցումը: Նրանք որոշել են տարերային բողոքները իրավական հիմքի վրա տեղափոխել` հընթացս բողոքներ ու ցույցեր կազմակերպելով: Ցուցարարների նոր լոզունգը եւ պաստառները երեկ ավելի խիստ բովանդակություն ունեին:

«Հյուսիսային գենոցիդ» վանկարկումներով հերթական բողոքը կառավարության շենքի մոտ էր: Նոր ձեւավորվող հասարակական կազմակերպության նախագահ Վաչագան Հակոբյանից իմացանք, որ բողոքարարները պողոտայի Պուշկինի, Տերյան, Լալայան, Արամի փողոցների բնակիչներն էին:

Նա հավաստիացրեց, որ բողոքողների մի ոչ փոքր զանգված, շուրջ 20 ընտանիք, այս ընթացքում լքել է Հայաստանը, գաղթելով Ռուսաստան եւ Գերմանիա: Ինքը, Վաչագան Հակոբյանը 455 քառ մ-ի համար ստացել է 72 հզ. դոլար:

1 քառ մ.-ի արժեքը հաշվարկվել է 200 դոլարի չափով, այն դեպքում, երբ շուկայական գներով դա տատանվում է 800-1500 դոլարի սահմաններում: Հենց այս հանգամանքը նախկին բնակիչների, մեղմ ասած, նեղսրտելու գլխավոր պատճառն է: Ստացված գումարի 10 տոկոսն էլ վճարվում է իբրեւ եկամտահարկ:

Նրանց հիշեցրի, որ շատերն իրենց մեղադրում են անշնորհակալ լինելու մեջ, քանի որ մեծամասնությունն առ այսօր բնակվում էր խարխուլ, կիսաքանդ ու հողաշեն շենքերում, եւ միանգամից այդքան մեծ գումարներ ձեռք բերելով, իրենք կարող են լուծել ե՛ւ տան (թեկուզ քաղաքի ծայրամասում), ե՛ւ կենցաղի հարցերը: Պատասխանեցին, որ շատերն են փորձել նորոգել իրենց տները, բայց արդեն 6 տարի իշխանությունները արգելում են իրենց որեւէ բան ձեռնարկել:

Տուժածները բողոքում են նաեւ բնակարանների արժեքի անարդար հաշվարկներից, իրենց բնակավայրերից հարկադիր, վայրենի վտարումներից:

Սիաբանդո Վոլոդյա- 50 տարի բնակվել եմ Հյուսիսային պողոտայում, 11 անձից բաղկացած ընտանիք ունեմ, 100 քառ. մ-ի համար մեզ տվել են 33 հզ. դոլար: Ես ընտանիք գիտեմ, որին 30 քառ. մ-ի համար տվել են 60 հզ. դոլար: 33 հազ.-ով 3 ընտանիքի համար ի՞նչ կարող եմ անել:

Մալյան Կարինե- Իրենց տված գումարը փետրվարից վարձի փող ենք տալիս, թող փախստականի ստատուս տան մեզ, գնանք Հայաստանից, թեկուզ` Թուրքիա: Մենք 4 հոգանոց ընտանիք էինք, 3 անձի հաշվով մեզ գումար տվեցին: 9 հզ. 400 դոլարով ես կարո՞ղ եմ 2 բնակարան գնել: Ծայրամասերում մի սենյականոցը 7-10 հզ. դոլար է:

Գիշյան Մարիամ- Արցախյան պատերազմում զոհվածի քույր եմ, որդիս էլ բանակում է ծառայում: Ծեծով, ջարդով, հրով, սրով տնից հանեցին, երբ պայմանագիրն էլ չէի ստորագրել: «Շիրակ» հյուրանոցում 1 շաբաթ տեղ տվեցին, հետո այնտեղից էլ հանեցին, գցեցին դուրս, թափառական ենք դարձել: Օրական մեկի տանն ենք կամ փողոցում:

Հյուսիսային պողոտայի բնակիչներն ավելի քան 5 տասնյակ դատական հայցեր են ներկայացրել դատարաններ, սակայն վճիռներից ոչ մեկը նրանց օգտին չի եղել:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4