Հայաստանի քաղաքական շրջանակներում այս օրերին չկա առավել ակտիվորեն քննարկվող, զանազան ձեւերով եւ տարբեր միջոցառումների ժամանակ շրջանառվող հարց, քան «Հայ արիական միաբանություն» կազմակերպության ղեկավար Արմեն Ավետիսյանի հայտարարությունը, որ երկրի բարձրաստիճան ղեկավարների մեջ արվամոլներ կան, որոնց ցանկը ինքը պատրաստվում է հրապարակել: Առաջին տպավորությունն այն էր, որ ոչինչ չնշանակող եւ հասարակության լայն զանգվածներին չհետաքրքրող այդ հայտարարությունն առանձնապես լուրջ չի ընդունվի եւ շատ շուտով կմոռացվի: Սակայն այն արձագանքը, որին արժանացավ հայտարարությունը մեր քաղաքական գործիչների, պաշտոնյաների եւ մի շարք լրատվամիջոցների կողմից, ուղղակի ապշեցուցիչ էր: Նման մոտեցումն այլ կերպ, քան խայտառակություն անվանել չի կարելի: Դա հերթական ապացույցն է այն փաստի, որ ժողովրդի եւ պետության իրական խնդիրներն ու մտահոգություններն այնքան էլ չեն հետաքրքրում այս քննարկման մեջ ներգրավված ինչպես իշխանության ղեկին գտնվողների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական ուժերին պատկանող գործիչների բացարձակ մեծամասնությանը եւ նրանց սպասարկող լրատվամիջոցներին: Այլապես ոչ թե այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի կամ պատգամավորի արվամոլ, կնամոլ կամ չգիտես թե ինչամոլ լինելու հարցերը կդառնային նման ուշադրության առարկա, այլ, ասենք, Իրաք հայկական զորախումբ ուղարկել-չուղարկելը, Ռուսաստանի կողմից Վրաստանի սահմանի փակման պատճառով Հայաստանի համար ստեղծված իրավիճակը, «Արմենտելի» հետ բանակցությունների սպասվող արդյունքները եւ այլն: Չխոսելով արդեն մեզ համար մշտական դարձած ցավոտ խնդիրներիՙ բնակչության մեծամասնության սոցիալական ծանրագույն վիճակի, վարչական, իրավապահ, դատական համակարգերում տիրող բացահայտ կոռուպցիոն մթնոլորտի, որոնց դեմ գործնական քայլեր ձեռնարկելու փոխարեն իշխանությունները միայն ծրագրեր են ընդունում, տեսադաշտից դուրս գտնվող գյուղական բնակչության բազում խնդիրների, ստվերային տնտեսության մեծ ծավալների ու սոցիալական հսկայական բեւեռացման մասին: Այս ցանկը կարելի է երկար շարունակել, որտեղից եթե ինչ-որ բան էլ հիշատակվում է, ապա միայն քաղաքական նպատակներով շահարկելու նպատակով:
Նման լրջագույն մարտահրավերների առջեւ կանգնած պետության քաղաքական էլիտան կլանված է բոլորովին այլ հետաքրքրություններով: Սա վկայում է, թե որքան հեռու են նրանք պետական մտածողությունից եւ հասարակ մարդկանց հոգսերից եւ որքան ճշմարիտ են վերջիններս, երբ անդադար հայհոյում ու անիծում են քաղաքական գործիչ համարվող իշխանավորներին եւ ընդդիմադիրներին: Անգամ ժողովրդական ասացվածքըՙ «մի գիժ քարը փոսը գլորեց, հարյուր խելոք չկարողացան հանել» այստեղ տեղին չէ օգտագործել, քանի որ գործ ունենք ոչ թե քար գլորած միայն մեկ գժի, այլ նրան խրախուսող տհաս քաղաքական գործիչների եւ լրագրողների մի ամբողջ բանակի հետ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ