«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2004-10-01 | #173, 2004-10-02 | #174, 2004-10-05


ԱԺ-ԻՑ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ...

Ինչպես տեղեկացրեց Ազգային ժողովի «Ժողպատգամավորական» խմբի անդամ, պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ուրբաթ գիշեր, ժամը 2-ի սահմաններում, առանց պետհամարանիշների մեքենաներով 4 անհայտ անձինք ավտոմատներով զինված հարձակվել են նրա տան վրա ու սկսել կրակել: Պատգամավորը դուրս է եկել եւ իրեն ամրագրված օրինական զենքով նախազգուշական կրակոցներ է արձակել օդ, որից հետո անհայտ անձինք նստել են մեքենաներն ու դիմել փախուստի: Սակայն նրանցից մեկը բռնվել է Արագածոտնի մարզի դատախազության կողմից: Ինչպես տեղեկացրեց պրն Հակոբյանը, այդ անձը Երեւան քաղաքի Պռոշյան փողոցի վրա գտնվող «Ուրարտու» ռեստորանի տնօրենն է, որը Արթուր Բաղդասարյանի մտերիմներից է: Հ. Հակոբյանն ավելացրեց, որ այդ անձն արդեն ցուցմունք է տվել ու խոստովանել է, որ կրակողներն իրենք են եղել ու իրենց մեջ է եղել նաեւ Մհեր Շահգելդյանը: Այս ամենը պատգամավոր Հակոբ Հակոբյանի պատմածն է, իսկ պատգամավոր Մհեր Շահգելդյանի հետ կապվեցինք եւ նա կտրականապես հերքեց ու ասաց, որ որեւէ հարձակում ու կրակոց չի եղել: Հ. Հակոբյանը դիմել է իրավապահ մարմիններին եւ դեպքի առնչությամբ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 4-րդ մասով: Այս պահին ձերբակալվածներ չկան, տեղեկացանք ՀՀ գլխավոր դատախազությունից:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4