«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2004-10-01 | #173, 2004-10-02 | #174, 2004-10-05


ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ 83-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

«Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ինչպես իր պատմության ընթացքում, այնպես էլ այսօր պատրաստ է իր ողջ կարողությամբ թիկունք կանգնել ու պատասխանատվություն վերցնել ազգի առջեւ ծառացած մարտահրավերները դիմագրավելու, եւ հայ ժողովրդի ընդհանուր նպատակների իրականացման ծիրում իր աջակցությունը բերելու: Ակնկալում ենք, որ հայրենի ղեկավարությունը ականջալուր կլինի սփյուռքի մեր ցավերին, մասնավորաբար հայկական ժառանգությունն ու ինքնությունը պահպանելու մեր ջանքերին, որպեսզի կարողանանք նոր սերնդին միասնաբար փրկել ձուլման ճիրաններից»: Հայկական բարեգործական ընդհանուր միության 83-րդ ընդհանուր ժողովի եւ համաշխարհային համաժողովի բացմանն ասաց նախագահ Պերճ Սեդրակյանը:

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում շաբաթ օրը հավաքվել էին 24 երկրներից ժամանած պատվիրակներ, հյուրեր: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի օրհնությունից հետո ընթերցվեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի ուղերձները:

Համաժողովին չէր ժամանել ՀԲԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Լուիզ Սիմոն Մանուկյանը, նկատելի էր նաեւ Հայաստանի պետական այրերի բացակայությունը: Միակ ելույթը արտգործնախարար Վարդան Օսկանյանինն էր, որը բարեգործականի գործունեությունը դիտարկեց 3 տարբեր հարթակների վրա. առաջինն իր անձնական հարթակն է, երկրորդըՙ սփյուռքահայի եւ երրորդըՙ Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ արտգործնախարարի: Նա ընդգծեց, որ իր անձնական կյանքի վրա բարեգործականը մեծ նշանակություն է ունեցել, քանի որ նրա հովանու ներքո գործող դպրոցում են ձեւավորվել իր գիտակցականությունն ու աշխարհայացքը: «Դարասկզբից մինչ օրս բարեգործականը կարողացել է իսկապես հարմարվել ստեղծված իրավիճակին եւ յուրաքանչյուր պահին ճիշտ կողմնորոշվելով իր ներդրումն է բերել մեր ժողովրդի կյանքում, դառնալով համաշխարհային կազմակերպություն», ասաց նա:

Համաժողովի բացման արարողությունից հետո զրուցեցի Մ. Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Սիլիկոնային հովտի ՀԲԸՄ մասնաճյուղի ատենապետ Երվանդ Զորյանի հետ: «Հայության առջեւ այսօր դրված խնդիրներից բարեգործականը կարեւորում է սփյուռքում հայապահպանման դժվարին աշխատանքը, որը միությունը սկսել է դեռ տարիներ առաջ, եւ Հայաստանում մեծ ներդրումներ կատարելը, որպեսզի օգտակար լինի հայաստանցի երիտասարդներին ու նրանց ամուր պահի հայրենիքում: Այս երկուսը զորավոր ձեւով կապված են եւ բարեգործականի ծրագրերը նպաստում են երիտասարդների միջեւ կամուրջ ստեղծելուն եւ հիմնական խնդիրը լուծելուն:

Հաջորդ զրուցակիցս ՀԲԸՄ Արգենտինայի մասնաճյուղի փոխատենապետ Ռուբեն Քեշիշյանն էր. «Արգենտինայի հայ համայնքի համար այսօր կարեւոր խնդիր է հայերենի ուսուցիչների պակասը: Բարեգործական միության վարչությանը ներկայացրել ենք մեր ուսուցիչներին Հայաստանում մի քանի ամսով կատարելագործելու առաջարկ, որը նրանց թույլ կտա զորացնել հայերենի իմացությունը, ինչպես նաեւ խորացնել հայրենիքի հետ կապը: Բարեգործականը մոտենում է իր հարյուրամյակին եւ համոզված ենք, որ նրա նպատակները կհարմարվեն սփյուռքի կարիքներին, ինչպես որ եղել է նրա գործունեության ընթացքում: Համաժողովում կընդունվեն որոշումներ, որոնք օգտակար կլինեն հայկական գաղութների պահպանման համար», մեզ հետ զրուցելիս ասաց:

Համաժողովի առաջին նիստը գումարվեց երեկ, ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում, որտեղ առաջինը ելույթ ունեցավ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Ամփոփելով բարեգործականի իրականացրած լայնածավալ ծրագրերը Ղարաբաղում ու բարձր գնահատելով դրանց նշանակությունը երկրի առաջընթացի համար, նա նշեց, որ այսօր արդեն ղարաբաղցիները կարիք ունեն ոչ այնքան մարդասիրական օգնության, որքան բիզնես ներդրումների, նրանց համար կայուն աշխատատեղեր ապահովելու հեռանկարով: Բարեգործականի օգնությամբ այսօր կառուցվում են դպրոցներ, վերաբնակեցվում գյուղեր: «Արցախ գալով դուք կտեսնեք, թե ինչքան գործ է արվել, եւ դեռ ինչքան բան կա անելու», ասաց նա, հավելելով, որ այսօր պատերազմը տեղափոխվել է մշակույթի դաշտ: Եթե այն տարիներին մինչեւ 50 տարեկանները չէին լքում Ղարաբաղը, հիմա արդեն անհրաժեշտ է ստեղծել բոլոր պայմաններըՙ նրանց իրենց հայրենի հողում պահելու համար: Ղարաբաղի ավելի քան 60 գյուղերում չկան դպրոցներ, բուժօգնության կետեր, առաջնային խնդիր է Շուշիի վերականգնումը, որի համար կպահանջվի մոտ 100 մլն դոլար:

Այնուհետեւ համաժողովի մասնակիցներին ներկայացվեց «Հայաստան 2020» ծրագիրը, որի համահեղինակ եւ համակարգող խորհրդի անդամ Նուբար Աֆեյանը մանրամասն խոսեց ծրագրի նպատակների ու խնդիրների մասին:

Նիստում չարծարծվեց ՀԲԸՄիության կյանքում ներկայիս ամենահրատապՙ Մելգոնյան կրթական հաստատության փակման խնդիրը:

Երեկոյան «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի շքասրահում տեղի ունեցավ շքեղ ընդունելություն, որին ներկա էր նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4