«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2004-10-01 | #173, 2004-10-02 | #174, 2004-10-05


ՊԱՈԼՈ ԿՈԵԼՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության հրավերով այսօր Հայաստան է ժամանելու հանրաճանաչ բրազիլացի արձակագիր Պաոլո Կոելոն:

Հոկտեմբերի 6-ին, ժամը 16:00-ին գրողը ներկա է լինելու Համազգայինի կողմից հրատարակված «Ալքիմիկոսը» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսին (ՀԳՄ մեծ սրահ), հոկտեմբերի 8-ին, ժ. 12:30-ին դասախոսությամբ հանդես գալու Երեւանի պետական համալսարանում, ինչպես նաեւ հանդիպում է ունենալու Հայաստանի մտավորականության հետ:

Այցի շրջանակներում նախատեսվում է գրողի ընդունելությունը ՀՀ նախագահի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի կողմից:

Հոկտեմբերի 7-ին, ժամը 13:00-ին Հանրային ռադիոյի շենքում (Ալեք Մանուկյան 5), մամուլի սրահում տեղի կունենա գրողի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Անցնող հարյուրամյակի ամենաազդեցիկ գրողներից մեկը համարվող Պաոլո Կոելոն ծնվել է 1947-ին, Բրազիլիայում: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են 68 լեզուներով եւ հրատարակվել աշխարհի ավելի քան 150 երկրներումՙ գլխավորելով ամենավաճառվող գրքերի ցանկերը, դառնալով սոցիալ¬մշակութային բանավեճերի նյութ: Այսօր գրողի վաճառած գրքերի տպաքանակը հասել է 51 միլիոնի:

1973-ին երիտասարդ գրողն անդամակցել է «Այլընտրանքային գրական ընկերությանը» եւ իր այլախոհ կեցվածքի համար ձերբակալվել օրվա իշխանությունների կողմից:

1980-ականներին, եվրոպական շրջապտույտի ընթացքում Դաշաուի համակենտրոնացման ճամբար այցելությունը անկյունադարձային է եղել նրա կյանքումՙ գրողին ուղղելով դեպի քրիստոնեական մշակույթն ու արժեքները:

1985-ին հրատարակված «Ալքիմիկոսը» գիրքն իր աննախադեպ տպաքանակով դարձել է Բրազիլիայում, եվրոպական մի շարք երկրներում, Միացյալ Նահանգներում ու Ավստրալիայում ամենից շատ վաճառված գիրքը:

Սրան հաջորդած «Ուխտագնացություն» (1987) եւ «Փիեթրա գետի ափին նստածՙ արտասվելիս» (1994) գրքերն ավելի են ամրապնդել գրողի հռչակըՙ նրան հասցնելով միջազգային բարձունքների ու դարձնելով մեր ժամանակի մեծագույն գրողներից մեկը:

«Հինգերորդ լեռը» վեպի հրատարակչական իրավունքի համար միայն հեղինակին վճարվել է 1 մլն դոլար:

1997-ին լույս տեսած «Մարտնչողի ձեռնարկը» եւ 1998-ին հրատարակված «Վերոնիկան որոշել է մեռնել» վեպերը դարձյալ բազմամիլիոն սպառում են ունեցել:

Գրողի դրամատիկ-բանաստեղծական ներուժը գնահատել են եվրոպական ու ամերիկյան բազմաթիվ բեմադրիչներ. նրա գործերը բեմադրվել են թատերական տարբեր ժանրերում եւ բոլոր մայր ցամաքներում, այդ թվումՙ Բրոդվեյում ու Հոլիվուդում:

Զարմանալիորեն բեղուն է գրողի գրիչը, ծավալուն ստեղծագործությունների կողքին Կոելոն գրական սյունյակներ է վարում մի շարք առաջատար թերթերում, այդ թվում պատմվածքներ տեղադրում համացանցում:

Կոելոյի մասին փաստագրական ֆիլմեր են նկարահանվել Բրազիլիայում, ֆրանսիայում, Կանադայում, Ամերիկայում, Գերմանիայում ու Ռուսաստանում:

Տասնյակ գրքերի հեղինակ Կոելոն արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների, այդ թվումՙ Ֆրանսիայի Պատվո Լեգեոնին (1999), Գերմանական հեղինակավոր Բամբի (2001) մրցանակին: 2002 թ. Ֆրանկֆուրտում գրողն արժանացել է «Մոլորակային արվեստների» մրցանակին, իսկ մրցանակի հանձնման արարողությանը խոսք է ասել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը:

Ահա արդեն երկու տասնամյակից ավելի է Կոելոն շարունակում է մնալ ամենակարդացվող ժամանակակից գրողներից մեկը, համաշխարհային ֆենոմեն, որի ստեղծագործությունները ջնջում են իրականի ու առասպելականի սահմանը, շարունակելով հարավ ամերիկյան գրականության լավագույն ավանդույթները:

Ս. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4