«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2004-10-01 | #173, 2004-10-02 | #174, 2004-10-05


ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Յուրաքանչյուր հոկտեմբերի առաջին կիրակի Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունենում շրջանավարտների ավարտական արարողությունըՙ տեղի եւ արտասահմանյան հյուրերի, պետական, կառավարական այրերի ներկայությամբ: Այս տարվա արարողությանը ներկա էին նաեւ ՀԲԸՄ-ից բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք Հայաստան էին ժամանել մասնակցելու միության 83-րդ համաշխարհային համագումարին:

Հանդիսությունը սկսվեց շրջանավարտների տոնական շքերթով, համալսարանի նախագահի, քոլեջների դեկանների, դասախոսակազմի մուտքով դահլիճ: ՀՀ եւ ԱՄՆ ազգային օրհներգներին հետեւեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ եպս. Կճոյանի օրհնությունը:

Շրջանավարտներին եւ ներկաներին շնորհավորանքներ ուղղեցին համալսարանի նախագահ Հարություն Արմենյանը, անգլերեն լեզվի դեկան Մարիան Սելսե-Մուրսիան, ՀԱՀԿ-ի հոգաբարձու «Էփիջի թեքնոլոջիս» ՍՊԸ-ի նախագահ Սեմ Սիմոնյանը, Տրոյկադիալոգ վարչական ժողովի ատենապետ Ռուբեն Վարդանյանը, որոնց ելույթներում հատկապես ճշտվում էր հայ ուսանողներին ամերիկյան համալսարանի ընձեռած այն հնարավորությունը, որը թույլ է տալիս նրանց առանց օվկիանոսի այն ափը կտրելու արեւմտյան կրթություն ստանալ:

Դր. Հարություն Արմենյանը ներկայացրեց ՀԱՀ-ի ուսանողների համար սահմանված մի շարք նոր կրթաթոշակները, որոնց թվին է պատկանում բուհերի լավագույն շրջանավարտներին խրախուսելու նպատակով Ազգային ժողովի նախագահի ամենամյա մրցանակըՙ 250 ԱՄՆ դոլար համարժեք դրամի չափով եւ գերազանց առաջադիմության համար «Ի նպաստ հայրենիքի զարգացման» անվանական ուսանողական կրթաթոշակը, որ կտրամադրվի երկու լավագույն ուսանողներիՙ յուրաքանչյուրին 25.000 դրամի չափով, իրենց ուսումնառության ընթացքում:

Ապա շրջանավարտների անունից հայերենով եւ անգլերենով ելույթ ունեցան Լուսինե Մարտիրոսյանը եւ Արթուր Գրիգորյանը, վերջինս հիշատակեց ԱՄՆ նախագահներից մեկի խոսքը, որ մի հարցրեք, թե Ամերիկան ինչ կարող է անել ձեզ համար, այլՙ դուք ինչ կարող եք անել երկրի համար: Ա. Գրիգորյանը նշեց, որ իրենց ստացած գիտելիքները պետք է ծառայեցնել ի նպաստ հայրենիքի բարօրության եւ չհեռանալ Հայաստանից:

Հանդիսությունը եզրափակվեց այս տարվա 133 շրջանավարտներին ֆակուլտետների դեկանների կողմից մագիստրոսի կոչումներ եւ վկայագրեր շնորհելու արարողությամբ:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4