«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2004-10-01 | #173, 2004-10-02 | #174, 2004-10-05


ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՆՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը երկրորդ տարին անընդմեջ հաջողությամբ հաղթահարում է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին փուլի արգելքը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մակեդոնիայում ընթացող ընտրական մրցաշարի երկու հանդիպումներից հետո (Ֆրանսիաՙ 1-2, Մակեդոնիաՙ 2-1) մեր պատանիները հիանալի հնարավորություն էին ստացել պայքարելու խաղարկվող երկու ուղեգրերից մեկի համար: Եվ նրանք ձեռքից բաց չթողեցին հնարավորությունը: Ավարտական տուրում մեր ընտրանու մրցակիցը Ադրբեջանի հավաքականն էր: Այդ խաղում մեր ֆուտբոլիստներին բավարարում էր նույնիսկ ոչ-ոքի արդյունքը, եթե իհարկե ֆրանսիացիները չպարտվեին մակեդոնացիներին: Առաջին խաղակեսում դարպասները մնացին անառիկ, իսկ ընդմիջումից քիչ անց Նուրմուհամեդ Մուրթուզալիեւը բացեց հաշիվը: Եվ կրկին իրեն հիանալի դրսեւորեց մեր հավաքականի անվիճելի առաջատար Էդգար Մանուչարյանը: 17-ամյա Էդգարը 75-րդ րոպեին վերականգնեց հավասարակշռությունըՙ խփելով մրցաշարում իր 4-րդ գոլը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի (1-1), ինչը հայ ֆուտբոլիստներին հաջորդ փուլի ուղեգիր պարգեւեց: Էդգար Մանուչարյանը 4 գնդակով դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու: Նա փաստորեն թիմի խփած բոլոր գոլերի հեղինակն էր:

Տուրի մյուս խաղում Ֆրանսիայի հավաքականը 4-1 խոշոր հաշվով պարտության մատնեց մակեդոնացիներին եւ 9 միավորով վստահորեն գրավեց առաջին տեղը: Այսպիսով, ընտրական 4-րդ խմբից հաջորդ փուլ դուրս եկան Ֆրանսիայի եւ Հայաստանի հավաքականները: Գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ Մակեդոնիայում Հայաստանի հավաքականի հաջողությունում իրենց ներդրումն ունեցան Ապուլա Բետեն, Ռաֆայել Սաֆարյանը, Մխիթար Գրիգորյանը, Ալեքսանդր Պետրոսյանը, Խորեն Վերանյանը, Էդգար Մանուչարյանը, Արթուր Ստեփանյանը, Կառլ Լոմբեն, Ռոբերտ Արզումանյանը, Էդուարդ Կակոսյանը, Էդգար Գասպարյանը, Աղվան Հայրապետյանը, Արտակ Օսեյանը, Գեւորգ Նռանյանը, Սուրեն Սարգսյանը, Հմայակ Ենգիբարյանը, Արմեն Գեւորգյանցը եւ Միխել Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի էլ ՀՀ մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը հաջողությամբ էր հաղթահարել ընտրական մրցաշարի առաջին արգելքը: Ուկրաինայում անցկացված ընտրական մրցաշարում մեր հավաքականը Միխայ Ստոյկայի գլխավորությամբ հաղթելով դաշտի տերերի (1-0) եւ Բոսնիայի (4-1) պատանիներին, ոչ-ոքի ավարտելով խաղը ֆրանսիացիների (0-0) հետ, ընտրական 11-րդ խմբում 7 միավորով գրավել էր առաջին տեղը: Ցավոք, 2-րդ փուլում, այս տարվա մայիսին Անգլիայում մեր ընտրանին նոր գլխավոր մարզչիՙ Վարդան Մինասյանի գլխավորությամբ չափազանց անհաջող ելույթ ունեցավ եւ չկարողացավ մտնել եզրափակիչ փուլ: Մեր պատանիները զիջեցին բոլոր մրցակիցներին (Գերմանիաՙ 0-5, Սլովակիաՙ 0-1, Պորտուգալիաՙ 0-4) եւ եզրափակեցին խմբի մրցաշարային աղյուսակը: Նշենք, որ անցյալ տարի մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականն էլ հաջողությամբ էր հաղթահարել առաջին փուլի արգելքը: Բուլղարիայում կայացած ընտրական մրցաշարում մեր ֆուտբոլիստները 6 միավորով գլխավորել էին աղյուսակը (Սերբիաՙ 1-2, Հոլանդիաՙ 2-0, Բուլղարիաՙ 4-1): Հետաքրքրական է, որ այդ մրցաշարում էլ Էդգար Մանուչարյանը 5 գնդակով ճանաչվել էր լավագույն ռմբարկու, ընդ որում դրանցից 4-ը խփել էր բուլղարացիների դարպասը: Ի դեպ, շուտով մեր 17 տարեկանների հավաքականն էլ մրցավեճի կբռնվի 2-րդ փուլի ուղեգրերի համար:

Վերջին շրջանում մեր պատանեկան հավաքականների հաջողությունները վկայում են, որ իրոք նոր սերնդի մեջ կան շնորհալի ֆուտբոլիստներ, որոնցից ամենատաղանդավորն, առայժմ, Էդգար Մանուչարյանն է: Պարզապես այդ պատանիների հետ համապատասխան աշխատանք պիտի կատարվի բանիմաց ու հմուտ մարզիչների կողմից: Սամվել Պետրոսյանի աշխատանքն իրոք որ արժանի է գնահատանքի: Նշենք, որ նա անցյալ տարի Խորեն Հովհաննիսյանի հետ գլխավորում էր մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականը:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Ֆրանսիա33009-29
2. Հայաստան31114-44
3. Մակեդոնիա31023-63
4. Ադրբեջան30121-51

Աշոտ Հայրապետյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4