«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2004-10-02 | #174, 2004-10-05 | #175, 2004-10-06


ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ «ՌԱԶԲՈՐԿԱՆԵՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Ըստ էության «Օրինաց երկրի» հրավիրած ասուլիսը ոչինչ չավելացրեց առայժմ 2 կողմերից շրջանառվող մեղադրանքներին ու պարզաբանումներին: Ավելի շատ Մհեր Շահգելդյանն ու Սամվել Բալասանյանը իրենց դիրքորոշումը մամուլով հաստատագրելու նպատակ ունեին:

Խորհրդարանական «ռազբորկայի» գույները հետզհետե ավելի տխուր ու մռայլ են դառնում: Սեռական փոքրամասնությունների վերաբերյալ Հակոբ Հակոբյանի հայտնի հայտարարությունից հետո հրավիրած մամլո ասուլիսում «Օրինաց երկիրը» խոստացավ, որ իրենց խմբակցությունը համարժեք «տղամարդավարի» պատասխան է տալու Հակոբ Հակոբյանին: Հետո հետեւեց հայտնի հարձակումը «Ժողպատգամավորի» ներկայացուցչի տան վրա: Արդյոք «Օրինաց երկրի» սպառնալիքն ու հաջորդող իրադարձությունը ընդամենը զուգադիպությո՞ւն էին, եւ իսկապե՞ս Մհեր Շահգելդյանն ու «Օրինաց երկիրը» որեւէ կապ չունեն տեղի ունեցածի հետ, ինչպես պնդում են:

«Ազգի» այս հարցապնդմանը, ինչպես նաեւ իր անմիջական մասնակցության մասին լուրերի հավաստիության վերաբերյալ Մհեր Շահգելդյանն ավելի շատ խուսափողական պատասխաններ տվեց:

Ճշմարտությունը, անկասկած, իրավապահների պարզաբանելիք խնդիրն է, բայց գործի առթիվ Մհեր Շահգելդյանը նույնիսկ չի հրավիրվել դատախազություն:

Եթե իրենք որեւէ առնչություն չունեն տեղի ունեցածի հետ, ապա ո՞րն է լինելու իրենց համարժեք պատասխանը, ինչպես սպառնացել են: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահը այս հարցադրմանը (անկախ նրանից, որ նախապես ներողություն խնդրեց ներկաներից) միայն արտախորհրդարանական տարածքների վայել պատասխան տվեց, որն ուղղակիորեն մեջբերելը ամենեւին նպատակահարմար չենք համարում:

Կրկին հավաստվեց, որ ամեն ինչ սկսվել է ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Հակոբ Հակոբյանի ֆինանսական չարաշահումների վերաբերյալ Մհեր Շահգելդյանի հարցապնդումից հետո: Որ Հակոբ Հակոբյանի տան վրա հարձակման պատմությունը հերթական զրպարտությունն ու հայհոյանքն է նրա կողմից:

«Այսօր որեւէ մեկը ձերբակալված չէ, որովհետեւ հանցակազմ չկա: Այս ամենը պատվերի տպավորություն է թողնում, եւ անկախ այն բանից, որ վիրավորանքն ուղղված է մի անձի դեմ, ամբողջապես քաղաքական դաշտը կեղտոտելու նպատակ ունի», ասաց Մհեր Շահգելդյանը: Եվ չնայած, իր կարծիքով, իմաստ չուներ այս պատմությունը երկար ժամանակ շրջանառության մեջ պահել, այնուամենայնիվ, ասուլիսի ընթացքում թեման կրկին մանրակրկիտ վերլուծության ենթարկվեց, եւ «ձնագունդը» իսկապես ավելի մեծանալու հեռանկար է խոստանում:

Սամվել Բալասանյանը ժխտեց Հակոբ Հակոբյանի այն վկայաբերումը, թե ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը եւս հաստատել է, որ ԱԺ նախագահն անպայման պիտի հանդես գար հաշվետվությամբ: Բացատրեց, որ կանոնակարգի համաձայն ԱԺ նախագահը իրավասու եւ ոչ թե պարտավոր է պատգամավորների առջեւ հանդես գալ ֆինանսական հաշվետվությամբ: Զրպարտանք ու հերյուրանք հայտարարվեց նաեւ պատգամավորների 13-րդ աշխատավարձի համար նախատեսված 65 հզ. դոլար գումարի յուրացման պատմությունը:

Հայաստանի ներքաղաքական կյանքում սեռական փոքրամասնությունների թեման նոր զինատեսակ դարձնելու գաղափարը, այնուամենայնիվ, ինչ-որ տեղ համահունչ է նաեւ եվրոպական մեր պարտավորություններին: Միայն թե եվրոպացիներն այլ տեսանկյունից են նայում հարցին: Եվ ինչպես դիպուկ նկատեց լրագրողներից մեկը, Եվրոպան կարող է վիրավորվել, որ նման մեղադրանքները մենք մահացու վիրավորանք ենք համարում:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4