Ինչպես տեղեկացնում են Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության դիվանից` Արամ Ա կաթողիկոսը Շվեդիա կատարած իր պաշտոնական այցելության շրջանակներում Շվեդիայի եկեղեցու կազմակերպած համագումարում դասախոսություն է կարդացել «Ցեղասպանություն եւ հաշտություն» թեմայով: Ավելի քան մեկ ժամ տեւած դասախոսության ընթացքում կաթողիկոսը խոսել է պատմական հիշողության եւ ժողովրդի ինքնության պահպանության գործում դրա կարեւորության, ներման նախապայմանների եւ հետեւանքների, հաշտության սկզբունքների եւ ղեկավարողների, ինչպես նաեւ այդ գործընթացներում եկեղեցու դերի մասին:
Վեհափառ հայրապետը խոսել է հայերի ցեղասպանության, պաղեստինյան հարցի, Հյուսիսային եւ Հարավային Կորեաների վերամիավորման խնդիրների մասին: Նա ասել է, որ Թուրքիան ոչ միայն պետք է բարոյապես ճանաչի հայերի ցեղասպանությունը, այլեւ իրավական առումով հատուցի հայ ժողովրդին:
Համագումարից անմիջապես հետո տեղի է ունեցել 20-րդ դարի նահատակներին նվիրված մատուռի բացումը, որտեղ նշված են եղել նաեւ ցեղասպանության զոհ հայ նահատակները:
Թ. Մ.