1991 թ. Եվրոպայի խորհրդի կողմից պաշտոնապես հաստատված «Եվրոպական ժառանգության օրերը» 1999 թ.-ից ի վեր համատեղ իրականացվում են եվրոպական միության համագործակցությամբՙ «Եվրոպա միասնական ժառանգություն» կարգախոսով: Հուշարձաններն ու տեսարժան վայրերը հանրության համար բաց ու հասանելի դարձնելու հետ մեկտեղ համաեվրոպական ընդգրկում ունեցող այս արշավի գերագույն նպատակն է Եվրոպայի քաղաքացիներին մերձեցնել իրենց մշակութային արժեքներին, փրկել վտանգված ժառանգությունը, բարձրացնել հանրության զգոնությունն ու իրազեկությունն այդ ժառանգության պահպանման շուրջ: 2003 թ. «Եվրոպական ժառանգության օրերն» ընդգրկել են 48 երկրների մոտ 20 միլիոն քաղաքացիների, որոնց համար եվրոպական դրոշի ներքո բաց են հայտարարվել շուրջ 33 հազար հուշարձաններ ու տեսարժան վայրեր, թանգարաններ ու ցուցասրահներ: Այս տարի նախաձեռնությունը մեկնարկել է Իսպանիայի Բարսելոն քաղաքում սեպտեմբերի 3–5-ը: Հայաստանն այս ծրագրին միացավ հոկտեմբերի 2–3-ը. «Գրերի գյուտից մինչեւ էլեկտրոնային մշակույթ» խորագիրը կրող միջոցառումների շարքով, որը մեկնարկեց Օշականում ու շարունակվեց Երեւանումՙ ՆՓԱԿ-ի մուլտիմեդիա ցուցահանդեսով:
Հոկտեմբերի 2-ին սեմինարի մասնակիցներն այցելեցին Օշականի Սբ. Մաշտոց եկեղեցի եւ ծաղկեպսակ դրեցին Մեսրոպ Մաշտոցի շիրիմին: Այնուհետեւ դպրատանը տեղի ունեցավ հանդիսության բացման արարողությունը, որի ընթացքում ողջույնի խոսքեր հղեցին ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանը, Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ հայր Թորգոմ Տոնիկյանը: Ինչպես նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար պրն Գագիկ Գյուրջյանը. «Այս սեմինարը մի ներդրում է հուշարձանների պահպանության ասպարեզում ինտեգրվելու եվրոպական կառույցներին, քանի որ Հայաստանը ե՛ւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ է, ե՛ւ ԻԿՕՄՈՍ-ի ե՛ւ ԻԿՌՈՄ-ի, ե՛ւ ԻԿՈՄԻ-ի, հետեւաբար մենք մշակութային արժեքների պահպանության ոլորտում պարտավոր ենք ինտեգրվելու եւ կդառնանք Եվրոխորհրդի պահանջների ներդաշնակ կատարողներից մեկը, պահպանելով ավանդույթն ու այն դարձնելով ավանդական»:
Արդեն իսկ ՀՀ արտգործնախարարությունն ստեղծել է հատուկ այս հարցերով զբաղվող մի կառույց, որի ղեկավարն է Գագիկ Գյուրջյանը: Սեմինարի մասնակիցներն այցելեցին «Ագարակ» պատմամշակութային արգելոց, Մուղնիի Սբ. Գեւորգ եկեղեցի, սպիտակ մեխակներով զարդարեցին հայ գրերի հուշարձանն ու աշխատանքները շարունակեցին հաջորդ օրը Երեւանում: ՆՓԱԿ-ում «Գրերի գյուտից մինչեւ էլեկտրոնային մշակույթ» խորագիրը կրող ցուցահանդեսով բացվեցին սեմինարի աշխատանքները: Բացման խոսքում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշեց, որ «մեր մասնակցությունը եվրոպական կառույցներում բավական խորն է եւ դրա ամբողջ հիմնավորումն այն է, որ մենքՙ հայերս մեզ տեսնում ենք եվրոպական կառույցներում մեր մշակույթով եւ պատմությամբ առավել սերտաճած եվրոպական մշակույթին: Նման միջոցառումների անցկացումը վկայությունն է մեր քաղաքական հիմնավորմանն այսօր եվրոպական կառույցներում առավել խորը ինտեգրվելու»: Ցուցահանդեսում ներկայացված էին տարբեր ժողովուրդների հնադարյան այբուբեններն ու տառատեսակները: Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրեն Գարեգին Չուքասզյանը կարեւորեց նման սեմինարի անցկացումը եւ նշեց, «թե կազմակերպված սեմինարը, թե ցուցահանդեսը հնարավորություն են տալիս խոսակցություն ծավալել անցյալի եւ ապագայի մասին»: Իսկ որ կարեւորն է, մեր մշակութային արժեքները էլեկտրոնային էջերով կարելի է հասանելի դարձնել աշխարհին:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ