«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2004-10-02 | #174, 2004-10-05 | #175, 2004-10-06


ԳՈՒՆԱՎԱՌ ՌՈՄԱՆՏԻԶՄ

Կ. Սմբատյանի նոր աշխատանքները

Կտավներից հոսում են արյան պես տաք գույները, պատկերները եւ իրականությունը նահանջում են, տեսողական դաշտը թուլացնում, գունային սպեկտորը արագորեն ներառում է զգայական ողջ աշխարհդ: Ինչպես արեւային լոգանքից ջղերդ ընդարմանում, պատկերագծային մակերեսներից վերացարկվում, ընկնում ես գունային տաք թմբիրի մեջ:

Կարեն Սմբատյանի գեղանկարչությանն ամենից բնորոշը նկարչիՙ գույների հետ աշխատելու արվեստն էՙ գունապատկերային կոմպոզիցիան հասցնելը մաքրության այն աստիճանին, որից արտաբխի մթնոլորտ, վիճակ, տրամադրություն եւ զգացում: Գունատիրապետման եւ գունակատարման արվեստը տարիների փորձի, գեղագիտական ճաշակի հղկման, կերպարվեստի զանազան տեսությունների եւ ուղղությունների յուրացման շնորհիվ է կայացել, հանգեցրել նկարչին գույնի, ձեւի ու պլաստիկայի այն ըմբռնումներին ու կատարումներին, ինչն առկա է իր արվեստում: Նկարիչն ասես խաղում է գույների հետ, ինչպես կրակի, նրա հայացքը աշխարհի ներկապնակում որոնում է վառ դեղինը, կրքոտ կարմիրը եւ պայծառ կապույտը: Այս գունաեռյակը երբեմն ճեղքում ու նորություն են կտավներին հաղորդում մուգ մանուշակագույնը կամ կանաչը:

Գծանկարը, որ նկարչի համոզմամբ գեղանկարչության հենքը կառուցող տարրն է, տեսնել է պետք գույների հետեւում, որտեղ էլ նկարի ներքին դինամիկան ապահովող շարժումն է պահված, կյանքի տրոփը: Աշխարհի ձեւերը երկրաչափական տարատեսակ չափումների ու ֆիգուրների տեսքով կտավի հարթություններին երեւում են վառ գույների ու լուսաստվերների ներդաշնակությամբ: Սմբատյանական գույները լույսի արթնացումներ ունեն, մտքի սթափություն ու կյանքի նկատմամբ խոր լավատեսություն: Գույնի եւ ձեւի անխառն մաքրությունը թեթեւության եւ անհոգության չեն տանում: Գույնի հստակությունը խորհրդանշում է այն հույսը, որ մարդու մեջ մշտարթուն է պահում կենսասիրության նոտաները, իսկ հետնամասում դիմանկար կլինի, բնանկար, թե նատյուրմորտ, ամենաթունդ կարմիրի մեջ անգամ նիրհած են պահում մտազբաղ թախիծը, սպասման տրոփը, տխրությունը, կյանքի մաքառումը, երբեմն էլ հուսահատությունը: Երբ թվում է երփներանգների հրավառություն է, տարածության եւ ժամանակի կապտամանուշակագույն հորիզոնին դարձյալ մարդու միայնության եւ անելանելիության տվայտանքներն են: Կ. Սմբատյանի գույնը ստեղծում է վիճակ եւ ճշմարիտ ապրում, որով եւ պայմանավորված են նրա նկարչության ազդեցիկությունն ու ուժեղ կենսաէներգիան:

«Ակադեմիա» պատկերասրահում, որտեղ ցուցադրվում են Կ. Սմբատյանի վերջին շրջանի աշխատանքները, գունային այդպիսի տրամադրություններն ու արտահոսքերն են իշխում: Ցուցահանդեսը թեմատիկ չորս առանձնացումներով ներկայացնում է Սմբատյանի բնանկարներիՙ «Ամառ», «Հոկտեմբեր», «Տեսարան Բջնիից», «Աշնանային համանվագ», նատյուրմորտներիՙ «Ազատ նատյուրմորտ», «Արքայական նատյուրմորտ» եւ այլն, շարքերը, 3-րդ բաժնում դիմանկարային աշխատանքներն ենՙ Սուրբ Աստվածամոր մեծադիր կտավը, վշտակերպ ասպետ Դոն Կիխոտը, մահապարտ ազատամարտիկների երկու դիմանկարները:

Ցուցահանդեսի առանձնահատկություն-անակնկալը «19-րդ դարի ֆրանսիական ռոմանտիկ գեղանկարչությունն իմ գունամտածողությամբ» խորագիրը կրող նկարաշարն է, որտեղ նկարիչը ֆրանսիական գեղանկարչության ռոմանտիզմի շրջանի նկատմամբ իր հոգեւոր հարազատությունից ստեղծել է 17 աշխատանքներից բաղկացած նկարաշար (ցուցադրված էր 9-ը) ըստ Կուրբեի, Կոնստեբլի, Էնգրի, Դելակրուայի, Ժերիկոյի եւ այլոց ստեղծագործությունների մոտիվների:

Ֆրանսիական ռոմանտիզմը սմբատյանական գունամտածողությամբ եւ ուրույն լուծումներով պահպանել է գուցե նկարների ներքին տրամադրությունները, բայց միանգամայն այլ հնչողություն էին ձեռք բերել եւ հայկական նրբերանգներ:

«Մի գիշեր, երբ քունս չէր տանում, մեջս մտավ այդ միտքը: Եթե արթնանում ու գիշերվա մեջ ծնված միտքը չի անհետանում, փորձում եմ իրականացնել, ուրեմն դա ապրելու իրավունք է ձեռք բերում», պատմում է նկարիչը: Գարնան սկիզբն էր, երբ սկսեց աշխատանքներըՙ այն նույն աշխատաոճով, ինչպես «Տարվա եղանակները» նկարաշարի վրա էր աշխատում: Բոլոր կտավներն արվեստանոցի հատակին փռելով եւ վրձինով նկարից նկար անցնելով, ասես մեկ շնչով մեկ ամսվա մեջ ավարտում է աշխատանքները: Առանց օրիգինալ աշխատանքները տեսնելու, սեւ ու սպիտակ ռեպրոդուկցիաները թելադրում են իր մեկնաբանությունները եւ գունաշխարհը: «Շատ բաներ ինձ հարազատ չէին, ու ես դրանց հետ վարվում էի այնպես, ինչպես բնօրինակի: Շատ բան փոխել եմ, լրացրել կամ ավելորդ եմ համարել ու հանել: Ծանր աշխատանք էր, տարբեր ոճեր, հետո սկսեցի առանձին-առանձին աշխատել, շատ բան դուրս եմ հանել: Ինձ առհասարակ հետաքրքրում է գույնը եւ պլաստիկան: Այս աշխատանքների ընթացքում շատ բաներ ճշտեցի իմ մեջ, զգացի, որ սխալ պատկերացում եմ ունեցել ինձ հոգեհարազատ արվեստագետների մասին, առանձնապես Դելակրուայի: Այդ շրջանի իմ բոլոր հարցերի պատասխանը գտա Դոմիեի արվեստում»:

Ֆրանսիական ռոմանտիզմը մեր օրերին որքանո՞վ է համահունչ, կամ ի՞նչ է ուզում այսօր նրա միջոցով արտահայտել նկարիչը. «Ես ռոմանտիկ եմ իմ էությամբ: Ֆրանսիական այդ շրջանը միշտ ինձ հոգեհարազատ է եղել, ինչպես միջնադարյան հայ մանկանկարչությունը. երբ X-XII դարերում հայ ծաղկողները գեղանկարչության մեջ ներմուծում էին ձեւեր ու տարրեր, որոնք հետագայում XX դարի գեղանկարչության մեջ էր դրսեւորվելու, իբրեւ աբստրակցիա, որ մինչ այժմ շատերն անգամ Եվրոպայում եւ Ռուսաստանում դեռ չեն հասկացել ու կարծում են, թե արվեստը պիտի արտահայտի այն, ինչ կյանքն է: Այս անգամ փորձեցի իմ հոգեհարազատությունը ֆրանսիական ռոմանտիզմի հետ վերապրել, մի նկարիչ, որ եվրոպական մշակույթից, ավանդություններից հեռու է, ինչպե՞ս կարող է վերամտածել այդ միջավայրը»: Կ. Սմբատյանը կենսասիրություն է հաղորդել ֆրանսիական ռոմանտիզմին եւ այսօրվա շունչ:

«Շատերիս համակած մելամաղձոտ տրամադրությունները, հուսահատությունը եւ նման երեւույթները կարծես թե անցան Կ. Սմբատյանի կողքով: Իր կերպարվեստում առկա է հայ մանրանկարչության եւ հանճարեղ նկարիչ Մ. Սարյանի արվեստի ներկայությունը: Սմբատյանն իր մեջ կրում է համաշխարհային կերպարվեստի ազդեցությունը նույնպես, եւ այս ցուցահանդեսի առանձնահատկությունը դա է. մի ամբողջ շարք նկարներ նա վերցրել է համաշխարհային կերպարվեստի վարպետներիցՙ Կուրբեից, Էնգրից, Դելակրուայից եւ նկարել յուրովի, այսօրվա նկարչի հայեցակետով, իր պայծառ գույներով, եւ դա նրան հաջողվել է, որը եւ ցուցահանդեսին թարմություն է ներարկում». այսպիսի տպավորություններ ուներ գեղանկարիչ Վարուժան Վարդանյանը:

«Ակադեմիա» պատկերասրահը կշարունակի տասն օր իր պատերի ներսում պահել սմբատյանական գույների տաք արտահոսքը, կենսասեր էներգիան եւ դա, ինչպես ցուցահանդեսի բացման օրն ասացին, նրանից է, որ Կ. Սմբատյանի արվեստը բացվում է ամեն օրվա բարի լույսի պես:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4